«Ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել». Սերժ Սարգսյանը՝ եվրոպական բարձրաստիճան ղեկավարների այցի մասին
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը տելեգրայան ալիքում տարածել է ապրիլի 4-ին տեղի ունեցած ՀՀԿ 18-րդ համագումարի ժամանակ նախագահ Սարգսյանի ելույթի հատվածը, որը վերաբերում է մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովին:
Նա մասնավորապես ասել էր. «Ինչպես գիտեք, մայիսի 4-ին և 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում. նախ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո՝ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովը։
Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում՝ գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։
Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախահայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված, պատանդառված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ և ճնշումներ Հայ Առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական և դատական համակարգեր՝ իրենց հակաօրինական գործողություններով. ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել»։



