
Բեռլինը քննադատում է Վրաստանին՝ «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը կրկին շրջանառության մեջ դնելու համար

Բեռլինը քննադատում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագիծը Վրաստանում կրկին շրջանառության մեջ դնելը։
Գերմանիայի կանցլերի ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը պնդել է՝ աղմկահարույց նախագծի ընդունումը կարող է խոչընդոտ դառնալ Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու համար։
Վրաստանի իշխանությունները ցանկանում են արտերկրից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հատուկ ռեեստր ստեղծել և դրանց ֆինանսական հաշվետվողականությունը խստացնել։
Գերմանիայի արտգործնախարարությունն իր հերթին է հայտարարություն տարածել՝ նախազգուշացնելով՝ օրենքն ընդունվելու դեպքում ԵՄ երկրների միջև մի քանի խորհրդակցությունների արդյունքում Վրաստանը կարող է կորցնել Դաշինքին միանալու հնարավորությունը։
Մոտ մեկ տարի առաջ նույն օրենքն ընդունելու՝ «Վրացական երազանքի» փորձը հանրային լուրջ դժգոհությունների էր բախվել և եվրոպական կառույցների կոշտ քննադատությանը։ Մի քանի օր շարունակված փողոցային բախումներից հետո իշխող կուսակցություն ստիպված էր շրջանառությունից հանել այս օրինագիծը։
Վրացական ընդդիմության համոզմամբ՝ իշխանությունը թեման վերակենդանացնում է Մոսկվային հաճոյանալու համար։