ՔՊ-ական ԵՊՀ ռեկտորը Գիտական խորհրդին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը ողջունող Տոկաևին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը

Մեր տեղեկություններով՝ օրեր առաջ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը, որը, սակայն, մերժվել է: Այդ կապակցությամբ մենք զրուցել ենք ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանի հետ:

Հարցը Գիտական խորհրդին ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական նախկին պատգամավոր, ՔՊ-ի կողմից ներկայացված ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

– Պարոն Աբաջյան, մեզ հասած տեղեկություններով՝ օրերս ԵՊՀ գիտական խորհրդում քննարկվել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին ԵՊՀ պատվավոր դոկտոր շնորհելու հարցը, որը, սակայն, մերժվել է, կներկայացնե՞ք մանրամասները։

– Այո՛, ԵՊՀ գիտական խորհրդի նիստին օրեր առաջ ներկայացվել է Ղազախստանի գործող նախագահին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում շնորհելու հարցը, որը Գիտական խորհրդի բազմաթիվ անդամների, այդ թվում՝ իմ դժգոհությունն է առաջացրել և, ի վերջո, որոշումը չի կայացվել։

Կարդացեք նաև

– Ո՞րն է եղել դժգոհությունների պատճառը և ինչո՞ւ եք դուք դեմ եղել այդ որոշմանը։

– Նախ նշեմ, որ ես հարցադրումներ եմ հնչեցրել՝ կապված հիմնավորումների հետ, որով պայմանավորված Ղազախստանի նախագահը պետք է արժանանա ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչմանը, սակայն, ըստ էության, հիմնավոր փաստարկներ չեն ներկայացվել, իսկ միայն նախագահի այցը Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ՝ բավարար չէ այդ կոչմանն արժանանալու համար։

Բացի այդ, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշմամբ և բազմիցս ողջունել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը, շնորհավորական խոսքեր է հնչեցրել Արցախն «ազատագրելու» կապակցությամբ։ Եթե չեմ սխալվում, մոտ երկու շաբաթ առաջ էլ այցելել է Շուշի և դարձյալ շնորհավորել Ադրբեջանին պատմական արդարությունը վերականգնելու համար։

Իմ կողմից այդ փաստարկները լսելուց հետո, ըստ էության, Գիտական խորհրդի մյուս անդամներն էլ, օրինակ՝ Պատմության և այլ  ֆակուլտետների դեկանները, ևս համաձայնել են, ներկայացրել իրենց տեսակետները, համալսարանի պրոռեկտորներն էլ կողմ չեն արտահայտվել պատվավոր դոկտոր շնորհելու գաղափարին, էլի համալսարանականներ են արտահայտվել, և արդյունքում՝ ռեկտորը առաջարկել է հարցը հանել օրակարգից։ Փաստացի ԵՊՀ Գիտական խորհուրդը Ղազախստանի նախագահին պատվավոր դոկտորի կոչում չի շնորհել։

– Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է, որ առաջիկայում հարցը նորից բերվի Գիտական խորհրդի նիստերի օրակարգ։

– Չեմ կարող այդ հարցին պատասխանել։ Տրամաբանական է, որ չպետք է բերվի։ Բայց պետք է արձանագրեմ, որ ես հետևողական եմ լինելու և զբաղվելու եմ այս հարցի հետագա զարգացումներով։

– Իսկ այնուհետև նիստն ինչո՞ւ անցկացվեց փակ պայմաններում՝ արգելելով լրատվամիջոցների մուտքը։

– Այդ հարցը ես նույնպես հնչեցրել եմ, սպառիչ պատասխան չեմ ստացել։ Հիմնական պարզաբանումն այն էր, որ դա ներքին հարց է, և ԵՊՀ համապատասխան վարչությունը կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունն ու տեսագրությունը: Գիտական խորհրդի սովորող անդամները դեմ են քվեարկել նիստը փակ անցկացնելուն։ Եթե չեմ սխալվում, ուսանողներից բացի, մյուսները կողմ են եղել փակ նիստ անցկացնելուն։

 

Տեսանյութեր

Լրահոս