«Անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը». Բլինքեն

Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

Այս մասին ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարեց նա:

Պետքարտուղարի կարծիքով՝ հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին:

«Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասաց Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։

Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերջինիս ղեկավարության, ինչպես նաև գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում:

«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարեց Բլինքենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։

Պետքարտուղարը նշեց, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են վարչապետի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան) ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։

«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել մեր 2023 թվականի ֆինանսական տարվա բյուջեից։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ,- ընդգծեց Բլինքենը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայ բնակչության աջակցությանը՝ պետքարտուղարը, մասնավորապես, նշեց․ «Մենք կշարունակենք աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված 100 հազար էթնիկ հայերին։ Սա վճռորոշ նշանակություն ունի Հայաստանի երկարաժամկետ կայունության և բարգավաճման, ինչպես նաև նրա տարածաշրջանային անվտանգության համար: Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը անվտանգության և բարգավաճման բանալին է»,- հավելեց
Բլինքենը։

Տեսանյութեր

Լրահոս