
Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում

Տավուշում ականի պայթյունից վիրավորում ստացած զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Պայմանագրային զինծառայողը վնասվածք է ստացել ոչ մարտական, նախնական տվյալներով՝ ծառայողական պարտականությունների կատարման հետ առնչություն չունեցող պայմաններում: Նրա կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»,- նշեց խոսնակը:
Ավելի վաղ Sputnik Արմենիա լրատվական գործակալությունը տեղեկություն էր հրապարակել, որ ապրիլի 4-ի երեկոյան ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել: Ըստ աղբյուրի՝ Իջևանի ԲԿ-ից հայտնել էին, որ զինծառայողի ստորին վերջույթներն են վնասվել։ Երկու ոտքերն ամպուտացվել են: