Փաշինյանը թշնամուն բերել-նստեցրել է մեր սարերի գլխին. Թագուհի Թովմասյան

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է ինչ-որ մեկի ինադու, ինչ-որ մեկին հակառակ, նույն տրամաբանությունն է դրված Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված՝ Փաշինյան-Ուրսուլա ֆոն Դեր Լայեն-Բլինքեն հանդիպման հիմքում։ Վստահ եմ՝ Փաշինյանը նման հանդիպման է գնում ռուսների ինադու, իսկ թե ի՞նչ է շահելու դրանից Հայաստանի Հանրապետությունը, չեմ կարող ասել, փոխարենը՝ տեսանելի են այն լրջագույն խնդիրները, որոնց կբախվի Հայաստանը՝ ընդդեմ Ռուսաստանի քայլերի։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Բրյուսելում վաղը կայանալիք հանդիպման և դրանից Հայաստանի հնարավոր շահի մասին, նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ ընդգծելով.

«Օրինակ՝ հիմա դիտարկում են Եվրամիությանը՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, բայց չէ՞ որ մենք տեսել ենք Եվրամիության երաշխավորությունը, օրինակ, Ուկրաինայում. այսօր Ուկրաինայի կեսը չկա, հետևապես՝ մենք չենք ուզում նման երաշխավորություն, ավելի լավ է՝ գոնե մեր երկիրը կարողանանք պահել»,- ասաց Թովմասյանը՝ միջազգային հանրությունից անվտանգության երաշխիքներ սպասող հայաստանյան որոշ շրջանակներին հիշեցնելով Փաշինյանի հայտնի ելույթն Ազգային ժողովում, երբ հայտարարեց, թե միջազգային հանրությունն առաջարկում է Արցախի նշաձողն իջեցնել, ինչի դեպքում կկանգնեն Արցախի կողքին, իսկ թե ինչ եղավ, բոլորը տեսան՝ Արցախը Փաշինյանը հանձնեց Ադրբեջանին։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր պատգամավորը նաև նկատեց՝ հիմա էլ Փաշինյանը խոսում է, թե միջազգային հանրությունը, այնպես, ինչպես ինքը, Տավուշի մարզի գյուղերը Հայաստանինը չի համարում։

«Չկա նման բան։ Աշխատում եմ շատ սերտ միջազգային տարբեր բարձրաստիճան գործընկերների հետ։ Ես նրանցից որևէ մեկից չեմ լսել նախադասություն, թե Տավուշի այդ տարածքները մերը չեն և պետք է հանձնվեն, հետևապես, կարծում եմ, որ այս հարցում ևս գործ ունենք Փաշինյան-Ալիևի պայմանավորվածության հետ»,- նկատեց Թովմասյանը՝ ընդգծելով՝ Փաշինյանը միակողմանորեն գնում է ոչ թե սահմանազատման և սահմանագծման, այլ ուղիղ հող հանձնելու։

«Ալիևը մեզ համար շատ վատ բան է նախատեսել՝ մեր տարածքը 12 հազար քառակուսի կիլոմետր է պատկերացնում, հետևապես՝ Փաշինյանն ի՞նչ երաշխիքով է գնում հիմա զիջումների։ Փաշինյանը Տավուշում տարածքներ հանձնելով՝ ոչ թե ամրացնում է մեր անվտանգությունը, այլ՝ թուլացնում։ Փաշինյանը թշնամուն բերել-նստեցրել է մեր սարերի գլխին»,- ասաց Թովմասյանը՝ շեշտելով, որ նման հարևանների հետ խաղաղություն չի ստացվելու։

«Պետք է պատրաստ լինենք պատերազմի՝ ոչ թե խոսքով, այլ՝ գործով։ Առանց պատերազմի հնարավոր չէ, մենք չենք կարողանում մեր դիմադրողականությունը պահել նման պայմաններում, իսկ Փաշինյանի ղեկավարությամբ ու Պապիկյանի հրամանատարությամբ՝ ես խիստ կասկածում եմ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

 

Տեսանյութեր

Լրահոս