WSJ․ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ բանակցություններում Nvidia-ի չիպերն օգտագործել է որպես խթան Հայաստանի համար
Ամերիկացի բանակցողները Հայաստանի և Ադրբեջանի միջև նախորդ տարի ձեռք բերված նախնական խաղաղության համաձայնագրի կնքմանը նպաստելու համար օգտագործել են Հայաստանին Nvidia-ի չիպերի հասանելիությունն ընդլայնելու խոստումը, գրում է The Wall Street Journal -ը՝ հղում անելով բանակցությունների մասնակիցներին։
Պարբերականի տվյալներով, Երևանի համար խթաններից մեկը դարձել է Հրազդանում Firebird տվյալների մշակման կենտրոնի խոշոր նախագծի համար չիպերի գնման թույլտվությունների ընդլայնումը։ Այս քայլը դարձել է Դոնալդ Թրամփի վարչակազմի այսպես կոչված «չիպային դիվանագիտության» առավել ցուցադրական օրինակներից մեկը։
Վաշինգտոնն արդեն օգտագործել է արհեստական բանականության առաջադեմ սարքավորումների մատակարարումները Արաբական Միացյալ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում, սակայն Հայաստանի դեպքում խոսքը վերաբերում էր առաջին հայտնի դեպքերից մեկին, երբ ԱԲ չիպերի հասանելիությունն ուղղակիորեն օգտագործվել է խաղաղության համաձայնագրի կնքմանը նպաստելու համար։
Հրազդանում Firebird նախագիծը, որը գտնվում է Ադրբեջանի սահմանից մոտ 50 կմ հեռավորության վրա, գնահատվում է ավելի քան 5 միլիարդ դոլար։ Դրա ստեղծողները նախատեսում են այնտեղ տեղակայել Nvidia-ի վերջին սերունդների՝ Grace Blackwell և Vera Rubin շուրջ 70 հազար սերվեր՝ ընդհանուր մոտ 300 մեգավատտ հաշվարկային հզորությամբ։ Կենտրոնի կառուցումը պետք է էապես ամրապնդի Հայաստանի դիրքերը արհեստական բանականության ոլորտում։
Անցյալ տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագիծը խոշոր ձեռքբերում էր անվանել և հայտարարել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նպաստել է դրա իրականացմանը՝ մեկ տարի առաջ ստորագրելով փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տեխնոլոգիական ու առևտրային կապերի ամրապնդմանը։
Սակայն Firebird-ի դերը խաղաղության գործընթացում նախկինում հրապարակայնորեն գրեթե չէր քննարկվում։
Անցյալ տարվա գարնանը՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց մոտ մեկուկես տարի անց, Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները հայտնվել էին տապալման վտանգի տակ։ 2025 թվականի սկզբին իշխանության գալուց հետո Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը դարձրեց իր առաջնահերթություններից մեկը և բանակցություններին աջակցելու համար դիվանագետներ ուղարկեց Երևան։
Ամերիկացի բանակցողները եկել էին այն եզրակացության, որ հակամարտության կարգավորման քաղաքական գինը Փաշինյանի համար կարող է չափազանց բարձր լինել։ Նրանց գնահատմամբ, Հայաստանը ավելի մեծ հավանականությամբ կհամաձայնի խաղաղության համաձայնագրին, եթե ԱՄՆ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապեր ստանա։
Այդպիսի քայլերից մեկը Հայաստանին Nvidia-ի ավելի հզոր չիպերի վաճառքի թույլտվությունն էր, պատմել են WSJ-ի աղբյուրները։
Փաշինյանի ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը վարչապետի կառավարության «ամենակարևոր խոստումն» էր, իսկ ինքը՝ Փաշինյանը, ուներ համաձայնագիր կնքելու ժողովրդի «հստակ մանդատը»։ Անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված երկկողմ պայմանավորվածությունները, ներառյալ կիսահաղորդիչների և արհեստական բանականության ոլորտում համագործակցության հուշագիրը, ներկայացուցիչը Հայաստանի համար անվանել է խաղաղության կարևոր «դիվիդենտներ»։
Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն համաձայնագիր կնքելու համար տնտեսական խթանների կարիք չի ունեցել։
«Մենք հաղթեցինք պատերազմում և ուզում էինք խաղաղություն շահել», — ասել է Հաջիևը։
2025 թվականի հունիսին ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆի թիմը պատրաստել է երկէջանոց գրություն՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորացման և երկրի տեխնոլոգիական հատվածի զարգացման ծրագրով։ Փաստաթղթում, ըստ WSJ-ի, մասնավորապես նախատեսվում էր Firebird-ի համար Nvidia-ի չիպերի մատակարարման արտահանման լիցենզիաների տրամադրում՝ խաղաղության գործարքի շրջանակում։
Զուգահեռաբար ԱՄՆ-ն առաջարկել է ստեղծել տրանսպորտային միջանցք, որը Հայաստանի տարածքով Ադրբեջանը կմիացնի իր Նախիջևան էքսկլավի հետ։ Trump Route for International Peace and Prosperity անվանումը ստացած նախագիծը նախատեսում է երկաթուղիների, խողովակաշարերի և ավտոճանապարհների կառուցում։ Շինարարության սկիզբը նախատեսված է 2027 թվականի սկզբին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին Հայաստան կատարած այցի ընթացքում Փաշինյանին հայտարարել է, որ Վաշինգտոնը «հպարտանում է» երկրին Nvidia-ի բարձր արտադրողականությամբ չիպերի վաճառքի համար մի շարք արտահանման լիցենզիաներ տրամադրելով։ Ըստ նրա, դա պետք է ամերիկացի աշխատողների և ընկերությունների համար նոր շուկաներ բացի և միաժամանակ ապահովի Հայաստանի բարեկեցության աճը։
Nvidia-ի և հայկական իշխանությունների միջև կապերի հաստատման գործում կարևոր դեր է խաղացել ընկերության բարձրաստիճան ղեկավար Ռև Լեբարեդյանը, որն ունի հայկական արմատներ։ Նա կարծում է, որ արհեստական բանականության ոլորտում համագործակցությունն ու տրանսպորտային միջանցքի ստեղծումը կարող են հանգեցնել Հայաստանի, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների տնտեսական փոխկախվածությանը և այդպիսով նպաստել երկարաժամկետ խաղաղությանը։
«Այս վարչակազմի համար չիպային դիվանագիտությունը ուշադրության կենտրոնում է», — WSJ-ին ասել է Լեբարեդյանը։ Ըստ նրա, Nvidia-ի ներկայությունն ու ընկերության ներդրումները Հայաստանում կարևոր գործոն են այնպիսի պայմանների ստեղծման համար, որոնցում խաղաղությունը կարող է իրականություն դառնալ։
Ամերիկացի դիվանագետները, այդ թվում՝ այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը զբաղեցնող Քրիստինա Քվինը, 2025 թվականի ամռանը առաջ էին տանում այն գաղափարը, որ առաջադեմ տեխնոլոգիաների հասանելիությունը կարելի է օգտագործել որպես համաձայնագիր կնքելու խթան։ Նրանք դիմել էին ԱՄՆ առևտրի նախարարության ներկայացուցիչներին՝ խնդրելով թույլատրել Հայաստանին Nvidia-ի ամենաառաջադեմ չիպերի մատակարարումը, որոնք նախկինում հասանելի չէին։
«Firebird-ը ամենաշոշափելի բանն է, որի վրա վարչապետ Փաշինյանը կարող է մատնանշել և ասել՝ «Խաղաղությունը սա բերեց»», — հայտարարել է հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, որը ամերիկյան բանակցային խմբի հետ միասին Հայաստանում հանդիպել էր Փաշինյանին։ Ըստ նրա, չիպերի ստացումը դարձել է «կարևոր քաղաքական հաղթանակ»։
Firebird-ը նախկինում արտահանման լիցենզիայի հայտ էր ներկայացրել մոտ 6 հազար գրաֆիկական պրոցեսորի համար։ Սակայն միայն 2025 թվականի օգոստոսին նախնական խաղաղության համաձայնագրի ձեռքբերումից հետո ամերիկյան իշխանությունները հավանություն տվեցին ևս տասնյակ հազարավոր նորագույն Nvidia GB300 պրոցեսորների մատակարարմանը։
«Խաղաղության պայմաններ էին պետք», — հայտարարել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։ Նրա կարծիքով, տեխնոլոգիական ենթակառուցվածքը պետք է լինի անվտանգ և պաշտպանված՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար։
ԱՄՆ նախկին դեսպան Քրիստին Քվինը նշել է, որ Վաշինգտոնը ի վերջո առանձին տնտեսական համագործակցության համաձայնագրեր է կնքել թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ դրանք օգտագործելով որպես լրացուցիչ խթաններ խաղաղության բանակցություններում։
«Nvidia-ի բաղադրիչը փազլի շատ կարևոր մաս էր», — ասել է Քվինը:

