«Գոյ» թատրոնի անձնակազմն անժամկետ նստացույց է սկսել՝ հանուն «Գոյի» պահպանման

Մարտի 24-ից «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցները չեն կարողանում մուտք գործել թատրոն. դռան վրա փակցված է՝ ներս կարող են մտնել Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքից՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելուց հետո։ Նույն օրը «Գոյի» անձնակազմը Սունդուկյան թատրոնի ծառայողական մուտքի մոտ էր գնացել՝ հայտարարելու, որ առանց անձը հաստատող փաստաթղթի պետք է բարձրանան թատրոն, քանի որ թատրոնը Սունդուկյանին միավորելու վերաբերյալ հանձնում-ընդունում է եղել, եթե գործընթացն ապօրինի չի, ապա ինչո՞ւ Սունդուկյանում չունեն իրենց տվյալները։

Բանակցությունները, երկխոսությունը երկու թատրոնների միջև որևէ արդյունք չեն տվել՝ «Գոյ» թատրոնի անձնակազմը շարունակում է պնդել, որ պետք է առանձին թատրոն լինի, իսկ Սունդուկյանից հակադարձում են՝ պետք է միավորվեն։

«Գոյ» թատրոնի անձնակազմը ճարահատյալ դիմել է ծայրահեղ քայլի՝ երեկվանից նստացույց են անում հենց թատրոնի դիմաց։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի դերասան Արսեն Ազիզյանն ասաց, որ նստացույցն անում են թատրոնի դիմաց՝ Սարգիս Արզումանյանի նախաձեռնությամբ։

«Սունդուկյանում մեզանից անձը հաստատող փաստաթղթեր են պահանջում, որն իրենց մոտ պետք է լիներ, բայց իրենց մոտ չէ, քանի որ հանձնում-ընդունում օրենքի սահմաններում չեն արել։ Մեր միավորը պետական ռեգիստրից հանել են, մենք հիմա ուզում ենք մտնել մեր թատրոնի տարածք, Սունդուկյանում ասում են՝ ներկայացրեք անձնական փաստաթղթերը՝ նոր մտեք։ Այսպես ասած՝ շանտաժ են անում»,- նշեց դերասանը։

Ըստ Արսեն Ազիզյանի, «Գոյ» թատրոնի միավորման վերաբերյալ որևէ պրոֆեսիոնալ կարծիք չի հնչել, որևէ մեկի կարծիքը հաշվի չեն առել։

«Մենք պահանջում ենք, որպեսզի մեզ պատասխան տան, մենք դիմել ենք դատարան պահանջով, բայց դատարանները գործընթացն անընդհատ ձգձգում են՝ արհեստականորեն։

Ակնկալում ենք, որ մեզ կթողնեն, որպեսզի մենք մեր տարածքում ստեղծագործենք ու հարկ վճարենք։

Կառավարման այն ձևը, որով ղեկավարվում է Սունդուկյան թատրոնը, դա ակադեմիական թատրոնին հատուկ ու հարմար մեխանիզմ է և այդ մեխանիզմը փորձել կարել փորձարարական թատրոնի վրա՝ վտանգներ է բերելու, կուլ է տալու մեր թատրոնը։

Ցավն այն է, որ իշխանությունները մեր թատրոնում չեն եղել, ոչ մի իշխանություն չի եղել»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա գարնանը Կառավարության հերթական նիստից հետո հայտնի դարձավ, որ որոշել են «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին։ Այս հարցը մեծ դժգոհություններ առաջացրեց «Գոյ» թատրոնում, արդյունքում՝ թատրոնը որոշեց դատական կարգով վիճարկել հարցը։

 

Տեսանյութեր

Լրահոս