Բաժիններ՝

Իսրայելի զորքերը դուրս են եկել Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցից

Գազայի hատվածում «Աշ Շիֆա» բժշկական համալիրի տարածքում և հարակից փողոցներում տասնյակ դիեր են հայտնաբերվել Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողների դուրսբերումից հետո։ Այս մասին հաղորդում է Al Jazeera լրատվամիջոցը:

Նշվում է, որ համալիրի շենքերն այրվել են կամ դարձել ոչ պիտանի, ավերածությունների մասշտաբը շատ մեծ է։

Բժշկական համալիրի տարածքում ռազմական գործողությունը տևել է մոտ երկու շաբաթ, այժմ իսրայելցի զինվորականները «լրիվ դուրս են բերվել «Աշ Շիֆա» համալիրից և դրա շրջակայքից», հաղորդում է Al Jazeera-ն։

Մարտի 31-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ բժշկական համալիրի տարածքում գործողության ընթացքում զինվորականներին հաջողվել է ոչնչացնել ավելի քան 200 զինված արմատականների։ Նեթանյահուի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը հիվանդանոցը վերածել է «ահաբեկիչների կենտրոնական շտաբի»: Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին վստահեցրել է, որ իրենք գործում են՝ առանց վնաս պատճառելու հիվանդներին, բժիշկներին, քաղաքացիական անձանց և սարքավորումներին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն իր հերթին հայտարարել է իսրայելական ռազմական գործողության մեկնարկից ի վեր բժշկական համալիրում 21 հիվանդի մահվան մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս