Սելը ճռալու տեղ՝ սելվո՞րն է ճռում. ինչի՞ց է այս անգամ վիրավորվել Ալեն Սիմոնյանը, և ինչքան է այս անգամ «վիրավորանքի գինը»

Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ նստավայրում` դատավոր Լիլիթ Սաղոյանի նախագահությամբ, այսօր մեկնարկեց «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի» հերթական հայցի քննությունը։

Այս անգամ, պարզվեց՝ Ալեն Սիմոնյանը վիրավորվել է Ազգային ժողովում Աննա Մկրտչյանի կողմից հնչեցված «ա՛յ տխմար, ձենդ կտրի» արտահայտությունից:

Դատական նիստի սկզբում ԱԺ նախագահի ներկայացուցիչը հայտնեց` հայցվորը չի ցանկանում, որ նիստը տեսանկարահանվի, ու քանի որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ տեսանկարահանումը կարող է թույլատրվել միայն կողմերի համաձայնությամբ, դատավորը բավարարեց հայցվոր կողմի առարկությունը:

Նախնական դատական նիստի առաջին դրվագում հայցվորի ներկայացուցիչ՝ «AM» իրավաբանական ընկերության փաստաբան Վարդան Հարությունյանը, նշեց. «Հայցվորը պնդում է, որ պատասխանողը վիրավորել է իրեն, մասնավորապես, արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը՝ հայցվորի անձի վերաբերյալ կատարելով հետևյալ արտահայտությունները՝ «այ տխմար, ձենդ կտրիր»:

Կարդացեք նաև

Վարդան Հարությունյանը հավելեց նաև, որ Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանից պահանջում է Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում, կամ 5000 տպաքանակ ունեցող մամուլում տեղադրել հայտարարություն՝ «Ես՝ Աննա Մկրտչյանս, ներողություն եմ խնդրում Ալեն Սիմոնյանից» բովանդակությամբ, բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես հրապարակման մեջ պարունակող վիրավորանքի փոխհատուցում, ու ևս 530 հազար դրամ՝ դատական ծախսերի փոխհատուցման համար:

Պատասխանող կողմի՝ Աննա Մկրտչյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը շեշտեց՝ հայցվորի պահանջն անհիմն է և չի համապատասխանում նաև միջազգային կոնվենցիաներով ամրագրված ժողովրդավարական հասարակությունները բնութագրող չափանիշներին:

«Կարևոր է փաստը, որ հայցվորն ամբողջական չի ներկայացնում կատարվածը,- նշեց փաստաբանը՝ մանրամասնելով,- Այդ ժամանակ ԱԺ-ում քննարկվել են քաղաքական հարցեր, Աննա Մկրտչյանը քաղաքական ելույթ է ունեցել, ապա նշել՝ «իշխանությունը որքան երկար մնա, այնքան իրենց պատիժը լինելու է ամենաարդար ձևով», և սա այն համատեքստում, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, գերեվարվել է Արցախի ռազմաքաղաքական էլիտան և բռնի տեղահանման է ենթարկվել 120 հազար հայ:

Դրանից հետո Ալեն Սիմոնյանն արձագանքել է՝ դե, մարդն իր փորձով է կիսվում, ու միայն դրանից հետո է Աննա Մկրտչյանը արձագանքել՝ ի պատասխան Ալեն Սիմոնյանի հայտնածի»:

Վահագն Գրիգորյանը նշել է, որ Աննա Մկրտչյանի համար անընդունելի է եղել այդ կարևոր թեմայի անլրջացումն Ալեն Սիմոնյանի կողմից, ինչին և հաջորդել է հայցվորի կողմից վիճարկվող՝ «այ տխմար, ձենդ կտրի» արտահայտությունը՝ որպես Ալեն Սիմոնյանի գործողության հետևանք:

Պարզվում է նաև, որ Ալեն Սիմոնյանը չի բավարարվել ռեպլիկներով, ու բանավեճի վերածելով ելույթը՝ Աննա Մկրտչյանի հասցեին հնչեցրել հետևյալ արտահայտությունները՝ «. ..անդաստիարակ երևույթ, լավ, ձայնդ, ամեն մեկին բերում ստեղ շպրտում են», ապա նաև ելույթ է ունեցել՝ հետևյալ բովանդակությամբ՝ «ինչ վերաբերում է տիկին Մկրտչյանին, ասացվածք կա, որ Աստված լրբից երես է թեքում»:

Ստացվում է՝ Աննա Մկրտչյանին վիրավորելուց հետո Ալեն Սիմոնյանը վիրավորվել է ու դիմել դատարան:

Դատական նիստը հետաձգվեց՝ ապացույցների հիմնավորման պարտականությունների բաշխման համար. հաջորդ նիստը կկայանա մայիսի 27-ին` ժամը 16:30-ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի արժանապատվությունը խոցվել էր նաև Աննա Մկրտչյանի ուղիղ եթերում արած մի քանի հայտարարություններից Ալեն Սիմոնյանի քաղաքական անցյալի, 2018թ. ապրիլին կենդանի մարդկանց տների մոտ «դագաղներ տանելու» օպերացիայի մասին: Աննա Մկրտչյանը նաև ասել է՝ «այդ անհայրենիքը, որ վաճառել է Ակնան», պատերազմ կեղծողը, և այլն:

Այդ ժամանակ Ալեն Սիմոնյանը՝ որպես իր պատվին ու արժանապատվությանը հասցված վնաս, Աննա Մկրտչյանից պահանջում էր 500 000 դրամ գումար, ներողություն և հերքում:

Տեսանյութեր

Լրահոս