
Սիսիան-Գորիս ավտոճանապարհի ողբերգական ՃՏՊ-ի զոհ է դարձել 4 քաղաքացի. կա նաև ծանր վիրավոր

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 19-ին, ժամը 05:40-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկանում ենք ՆԳՆ ՓԾ տարածած հաղորդագրությունից, պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարորդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Այրվել է ավտոմեքենան:
Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են չորս քաղաքացու դի: