Ինչո՞ւ է Արևմուտքը սկսել տեսնել հայկական Ֆեմիդայի «ծիկրակոցները»
Միջազգային տարբեր կառույցներ տարբեր ինդեքսներով գուժում են ՀՀ հետընթացի մասին՝ հատկապես արդարադատության համակարգում: Ու սա՝ հակառակ իշխանությունների՝ բարեփոխումների մասին հայտարարությունների:
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024 թվականին» զեկույցը (Freedom In The World 2024): Միջազգային զեկույցի հեղինակներն այս հրապարակման մեջ անդրադարձ են կատարել նաև ՀՀ դատական համակարգին՝ արձանագրելով. «Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, իսկ դատական ինստիտուտները խարխլված են կոռուպցիայի պատճառով: Հաղորդվում է, որ դատավորները ճնշում են գործադրում դատախազների հետ՝ մեղադրյալներին դատապարտելու համար, իսկ արդարացման մակարդակը չափազանց ցածր է»:
Ի դեպ, դատարանների անկախության խնդրին անդրադարձ էր կատարվել նաև ԵՄ զեկույցում:
Ավելի ուշ եղավ նաև Տնտեսական ազատության ինդեքսի արձանագրումը, ըստ որի՝ Հայաստանի գծով 4 խմբերից ամենաանբարենպաստն «Օրենքի գերակայություն» խմբի վիճակն է. խմբի 3 ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը համարվում է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ», իսկ մեկի գծով՝ «Արդարադատության արդյունավետության» գծով` «ճնշված»։ Այս խմբում է ընդգրկված նաև «Կոռուպցիայի բացակայություն» ենթաինդեքսը, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.6 միավորով և հասել է տնտեսապես «հիմնականում ոչ ազատ» երկրների խմբի նվազագույն շեմին։ Զեկույցում խմբին նվիրված հատվածում նշված է, որ «Հայաստանում օրենքի ընդհանուր գերակայությունը թույլ է»։
Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Ռուբեն Մելիքյանն այս արձանագրումները համարում է արդարադատության՝ «կարենանդրեասյանական մոդելի» ուշացած էֆեկտը:
«Կարծեցին, թե եվրոպական ուղղությունն այն աստիճան լավ վիճակում է, որ կարող են նույնիսկ իրենց կուսակից ընկերոջը, ըստ էության, նշանակել դատական իշխանության ղեկավար:
Այո, որոշակի ժամանակ դա արձագանքներ չէր ունենում, սակայն ուղղակի հնարավոր չէր՝ այդ արձագանքները չլինեին: Բացի այն, որ Կարեն Անդրեասյանը նշանակվեց, նաև շատ արագ ցույց տվեց, որ ինքը քաղաքական գործունեությամբ է զբաղվում. էդ իրենց «կոլումբիա փիքչրզները»՝ ֆիլմերով, կարգապահական պատասխանատվության քաղաքականությունը,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Ռուբեն Մելիքյանը՝ հիշեցմամբ, որ Կարեն Անդրեասյանի առաջին իսկ որոշմամբ աշխատանքից ազատվել է հենց իր՝ «ռեժիմի ընդդիմախոսի» կինը՝ Աննա Փիլոսյանը, ապա նաև այլ դատավորներ, որոնք ոչ իշխանահաճո վճիռներ էին կայացրել,- Այս ամենը ինչ-որ մի տեղ պետք է ազդեցություն ունենար, և ահա՝ 2023 թվականի արդյունքներն ամփոփելով՝ այս վիճակն են արձանագրում»:
Փաստաբանը նկատեց, որ այս արձանագրումները բնական են, քանի որ Եվրոպան թեև գուցե ինչ-որ ժամանակ, ինչ-ինչ հանգամանքներով պայմանավորված՝ հապաղի քննադատել, բայց «դագանակը միշտ ձեռքում է պահում»:
168.am-ի հետ զրույցում թեմային անդրադարձավ նաև Արդարադատության նախարարության միջնորդությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկված և ԲԴԽ որոշմամբ լիազորությունները դադարեցված դատավոր, այժմ՝ փաստաբան Զարուհի Նախշքարյանը:
«Սա հետևանքն է քաղբանտարկյալների, քաղաքացիական ու քրեական՝ քաղաքականացված գործերի, կարգապահական վարույթների, դատավորների բացահայտ հետապնդումների»,- նշեց նա:
Փաստաբանը կարծում է, որ մինչև չլինի արդար դատական համակարգ ունենալու քաղաքական կամք, մեծ դժվարությունների դեռ հանդիպելու ենք:
«Դատավորները պետք է ամուր գտնվեն և փորձեն, այնուամենայնիվ, արդարադատություն իրականացնել բառիս բուն իմաստով՝ յուրաքանչյուր գործով:
Հիշեցնենք, որ դատավոր Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարը: Պատճառն այն է, որ դատավոր Նախշքարյանը կարծիք էր հայտնել լիազորություններն արդեն դադարեցված դատավոր Աննա Փիլոսյանի կարգապահական վարույթի վերաբերյալ:
Այդ ենթատեքստում խոսել էր նաև դատավորների գերծանրաբեռնվածության մասին: