
Նիկոլ Փաշինյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը քննարկել են տնտեսության մի շարք ուղղություններով բարեփոխումները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային:
Փաշինյանը կարևորել է ԱՄՀ-ի հետ համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկրում տնտեսության զարգացմանն ու կայունության պահպանման:
Զրուցակիցները քննարկել են բարեփոխումները` հարկաբյուջետային, դրամավարկային քաղաքականությունների, ֆինանսական ոլորտի, ներդրումային միջավայրի բարելավման ուղղություններով:
«Ընդգծվել է 2023 թվականի արդյունքներով Հայաստանում գրանցված մակրոտնտեսական դրական ցուցանիշների փաստը և կարևորվել բարեփոխումների շարունակականությունը՝ տնտեսական ակտիվության պահպանման նպատակով: Վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարության համար մակրոտնտեսական կայունության պահպանումը բացարձակ առաջնահերթություն է և այդ ուղղությամբ քայլերն ու բարեփոխումները կրելու են հետևողական բնույթ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին և դրանց լուծմանն ուղղված քայլերին: Այդ համատեքստում, վարչապետը շեշտել է միջազգային հանրության օժանդակության շարունակականության կարևորությունը: