
Կարեն Կարապետյանն ու Թիերի Ռիբոն քննարկել են ՀՀ արդարադատության նախարարության և ԿԽՄԿ-ի միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և պատվիրակության ներկայացուցիչներին։
Ինչպես տեղեկանում ենք արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանում և տարածաշրջանում հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ ԿԽՄԿ գործունեությունը։
Փոխնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները, առկա մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել է Մարդու իրավունքների ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թթ․ գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքներին։
Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական ոլորտում առկա գործակցությունը, ինչպես նաև նախարարության և ԿԽՄԿ միջև գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սերտ համագործակցությունը։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Արդարադատության նախարարի խորհրդական Արտյոմ Սուջյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Հեղինե Ենգոյանը։