
Պետությանը վերադարձվեց Ծաղկաձորում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով անտառային տարածքը

։ Կառավարության մարտի 14-ի նիստի չզեկուցվող հարցերից մեկով Ծաղկաձոր համայնքում գտնվող շուրջ 20000 քմ մակերեսով հողամասն (սկզբնական նպատակային նշանակությունը՝ անտառային տարածք) ամրացվեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2023 թվականի ապրիլի 6-ին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվում էր՝
Անվավեր ճանաչել 2007 թվականի մայիսի 26-ի աճուրդը.
Որպես հետևանք՝ անվավեր ճանաչել այդ ժամանակ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Կավալենկո Շահգալդյանի և Սամվել Մայրապետյանի միջև 2007 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կատարված՝ Ծաղկաձոր համայնքում գտնվող մոտ 20000 քմ հողամասի նկատմամբ Սամվել Մայրապետյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը:
37 մլն 593 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով շուրջ 20000 քմ մակերեսով «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: