Թուրքիայի նախապայմաններն ավելանալու են, արդեն քննարկվում են Հայաստանի տարածքները. Անդրանիկ Իսպիրյան
Ոչ միայն թուրքական թերթերից մեկը, այլև Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը խոսել է՝ այսպես ասած, «Սյունիքին Կալինինգրադի նմանությամբ կարգավիճակ տալու» մասին։
Ըստ «Türkiye Gazetesi» օրաթերթի, մարտի 1-3-ն Անթալիայում անցկացվող դիվանագիտական ֆորումի ժամանակ Սերդար Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ՀՀ ներկայացուցիչներին առաջարկել է Սյունիքի մարզին (Զանգեզուրին) տալ հատուկ կարգավիճակ այնպիսի մոդելով, ինչպիսին որ ունի «Ռուսաստանին կապված, բայց միաժամանակ ինքնավար մարզի կարգավիճակով հանդես եկող Կալինինգրադը»։
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ «Türkiye Gazetesi» օրաթերթի լուրը, թե հայկական կողմին առաջարկվել է Կալինինգրադի կարգավիճակի նմանությամբ՝ նույն կարգավիճակը տալ Սյունիքին՝ անանուն է, չի նշվում որևէ աղբյուր։
«Կոնկրետ այդ լուրի վերնագիրն էլ բոլորովին ուրիշ բանի մասին է, այնտեղ առկա տեղեկություններն աբսուրդային են։ Նշվում է, թե իբր «հայկական կողմը Սյունիքում 10 հազար զինված խմբավորումներ է տեղակայել Ֆրանսիայից, Իրանից, ինչը հիմարություն է։
Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, թուրքական կողմից նման պայմանի առաջքաշումը սպասելի է, քանի որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի կարողանա Հայաստանից «միջանցք» պոկել։ Իսկ Սյունիքին նման կարգավիճակ տալը, բնականաբար, վտանգում է թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, թե՛ ազգային անվտանգությունը»,- նշեց Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի փոխանցմամբ՝ դեռևս այն ժամանակ, երբ նոր պետք է սկսվեր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինքը զգուշացրել էր, որ Թուրքիան առանց նախապայմանների չի գնա հարաբերությունների կարգավորման։ «Թուրքիան հենց սկզբից հանդես է եկել նախապայմաններով, և այդ նախապայմաններն ավելանալու են։ Եթե նախկինում խոսում էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված արշավից հրաժարվելու մասին, հիմա արդեն հարցը տեղափոխվել է Հայաստանի տարածք, այսինքն՝ հիմա այդ խոսակցություններում արդեն քննարկում են Հայաստանի տարածքը։ Թուրքիան չունի արգելանք, նույնն Ադրբեջանին է վերաբերում, նրանք անընդհատ առաջ են քաշելու նոր պայմաններ»,- հավելեց Անդրանիկ Իսպիրյանը։
Ըստ նրա, եթե այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանին մեծ վտանգ է սպառնում և կարիք կա այն չեզոքացնելու, ապա Թուրքիայի կողմից այդ վտանգն այդքան մեծ չէր։ Հետևաբար, անիմաստ է, որ հանուն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման՝ Հայաստանը գնա նրա առաջ քաշած ստորացուցիչ պայմաններն ընդունելուն։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ հայկական կողմը սկսեց խնդրել Թուրքիային կարգավորել հարաբերությունները և բացել սահմանը։ Թուրքիան էլ հասկանալով, թե Հայաստանը որքան է տենչում կարգավորել հարաբերությունները, սկսեց շանտաժով հարաբերությունների կարգավորման դիմաց պահանջել ինչ-ինչ քայլեր կատարել։ Եթե Ադրբեջանի դեպքում ստիպված ենք, Թուրքիայի դեպքում այդ խնդիրը չկա։ Ավելին՝ ինչո՞ւ է հայկական կողմը թույլ տվել, որպեսզի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կապեն իրար, և թույլ է տվել, որպեսզի երկուսով ճնշեն Հայաստանին։ Ինչո՞ւ այնպես արեցին, որ Հայաստանը երկու գայլերի հետ նստի նույն բանակցային սեղանի շուրջ։
Միշտ էլ հնարավոր է որոշ բաներ շտկել, նույնիսկ դիվանագիտական ճանապարհով»,- ընդգծեց թուրքագետը։