Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է օրեր առաջ Երևանում գրանցված մանկական մահացության դեպքին

Ներկա պահին փորձաքննություն է իրականացվում՝ օրեր առաջ գրանցված մանկական մահացության դեպքի պատճառը հասկանալու համար:

Կառավարության մարտի 14-ի նիստին հաջորդած լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե որն է ի վերջո եղել երեխայի մահվան պատճառը:

«Երեխայի մոտ կասկածվել է ջրծաղիկ: Որոշ անձիք արագ եզրահանգումներ էին արել մահվան պատճառի հետ կապված, սակայն, միայն դատաբժշկական փորձաքննության եզրակացությունից հետո կհասկանանք, թե որն է եղել մահվան պատճառը: Փորձաքննություններն իրականացվում են. որոշակի ժամկետ է անհրաժեշտ, որպեսզի բոլոր գործողություններն իրականացվեն, և ունենանք արդյունքը»,- նշեց Ավանեսյանն՝ ընդգծելով, որ նախարարությունը երբեք չի շտապում չճշտված տեղեկատվություն ներկայացնել:

Մարտի 11-ին լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ջրծաղիկից 9-ամյա երեխայի մահվան դեպք է գրանցվել:

Ավելի ուշ Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որ երեխան մարտի 7-ից ունեցել է ջրծաղիկին բնորոշ ցան և այլ ախտանշաններ: Մարտի 10-ին որովայնացավերի պատճառով դիմել են «Արարատի» ԲԿ, որտեղ նախնական ախտորոշվել է ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ջրծաղիկ «կասկածելի»:

Մի քանի ժամ անց ընդհանուր վիճակի կտրուկ վատացման ֆոնին որոշում է կայացվել երեխային տեղափոխել Երևանի բուժկենտրոններից մեկը՝ հետագա հետազոտման և բուժման նպատակով։

Ճանապարհին դիտվել է երեխայի վիճակի կտրուկ վատացում, սրտի կանգ, նրան տեղափոխել են ամենամոտ տեղակայված բուժհաստատություն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ժամը 23:30-ին։

50 րոպե տևողությամբ կատարված լայնածավալ վերակենդանացման միջոցառումները եղել են անարդյունավետ։ Սրտի ռիթմը չի վերականգնվել և ժամը 00։20-ին արձանագրվել է կլինիկական մահ։

Տեսանյութեր

Լրահոս