Հիմա մենք ո՞վ ենք, մեղք ունե՞նք, որ Կառավարությունը մեզ այս օրն է գցել՝ տուն ու հայրենիք ենք կորցրել. Արցախից բռնի տեղահանված Ժաննան աշխատանք է փնտրում

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած ցեղասպան գործողությունների ու էթնիկ զտման արդյունքում բռնի տեղահանված արցախահայերն ունեն բազմաթիվ խնդիրներ։ Իրենց տարիներով կառուցած տունը, հայրենիքը կորցնելուց հետո արցախահայերը չեն կարողանում լուծել սոցիալական նվազագույն խնդիրները, չունեն աշխատանք՝ օրվա հացը վաստակելու համար։

Ինչպես Արցախից բռնի տեղահանված շատ ընտանիքներ, այնպես էլ 35-ամյա Ժաննա Մուսայելյանի 4 հոգանոց ընտանիքը գաղթի դաժան ու երկար ճանապարհ է անցել՝ մինչև հաստատվել են Երևանում։

Ստեփանակերտ-Գորիս օրեր տևած ճանապարհն անցնելուց հետո, Ժաննային, ամուսնուն և երկու անչափահաս երեխաներին տարել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաք, որպեսզի այնտեղ տեղավորեն, հետո «խաբել» ու հասցրել են Վարդենիս։ Մեծ Մասրիկ գյուղում որոշ ժամանակ հյուրանոցում են ապրել, հետո տեսնելով, որ երեխաները չեն կարողանում դպրոց գնալ՝ տեղափոխվել են  Վարդենիս՝ վարձել բնակարան ու որոշ ժամանակ ապրել։ 5 ամիս մնալուց հետո  Վարդենիսից տեղափոխվել են Երևան։

168.amի հետ զրույցում Ժաննա Մուսայելյանը պատմեց, որ տան վարձը դժվարությամբ են կարողանում հասցնել՝ ամսական 2 սենյականոց բնակարանի համար 170 հազար դրամ են վճարում։

Կարդացեք նաև

«Ամուսինս ունի 2-րդ կարգի հաշմանդամություն, 2004 թվականին ականը պայթել է, մի ոտքը կտրել են՝ պրոթեզավորված է, մյուս ոտքն էլ լիարժեք չի աշխատում։ Ինքս խոհարար եմ, տարբեր տեղեր եմ դիմել աշխատելու համար, շատ տեղերում ասում են՝ ղարաբաղցի ես, գործ չունենք, մի քանի տեղերում էլ ասել են՝ կզանգահարենք, բայց մինչև հիմա չեն զանգահարել։

Ամուսինս պահակի աշխատանք է փնտրում, ասում է՝ գոնե ֆիզիկական աշխատանք չէ, մի կերպ կաշխատի, բայց տեսնում են, որ հաշմանդամություն ունի՝ աշխատանք չեն տալիս»,- ասում է մեր զրուցակիցը։

Ըստ նրա, Կառավարության «40+10» ծրագրից օգտվում են, բայց դա էլ վճարում են միայն կոմունալների համար։

«Հիմա ծայրը ծայրին հասցնում եմ, բայց հաջորդ ամիս, օրինակ, չգիտեմ՝ որտեղից պետք է տան վարձը տամ, երեխաներիս համար հաց գնեմ։ Արցախում ամուսինս ստանում էր 49.000 հաշմանդամության թոշակ, այստեղ ստանում է մոտ 37.000 դրամ, որը տալիս ենք իր դեղերին։ Երեխաներս նպաստ չեն ստանում, իսկ Արցախում ստանում էինք, տարբեր փաստաթղթեր եմ հավաքել, ներկայացրել եմ, ասում են՝ չի հասնում։

Չգիտեմ՝ ինչո՞ւ են խտրականություն դնում, եթե մենք Ղարաբաղից ենք, ուրեմն չպե՞տք է աշխատենք, մենք մարդ չե՞նք, հիմա մենք ո՞վ ենք, մեղք ունե՞նք, որ Կառավարությունը մեզ այս օրն է գցել, տուն ու հայրենիք ենք կորցրել։ Մենք Ստեփանակերտում էինք ապրում, տուն ունեինք, աշխատանք, երբեք որևէ մեկի օգնության կարիքը չենք զգացել՝ աշխատել ու մեր աշխատանքով լավ ապրել ենք։ Հիմա ամեն ինչ թողել ու չգիտեմ՝ ուր ենք հասել, ու չգիտեմ՝ ինչո՞ւ։ Ես չգիտեմ՝ հիմա երկու անչափահաս երեխաներիս, հաշմանդամություն ունեցող ամուսնուս ինչպես պահեմ, ինչպես տան վարձը տամ»,- հուզմունքը մի կերպ զսպելով՝ ասում է երիտասարդ կինը։

Ժաննայի խոսքով՝ մի անգամ ամուսնու մայրն է սնունդ ուղարկում երեխաներին, մի անգամ՝ իր մայրը, բայց այդպես երկար չի կարող շարունակվել, քանի որ նրանք էլ ունեն խնդիրներ։

«Ստեփանակերտից դուրս ենք եկել սեպտեմբերի 26-ի լուսադեմին, դուրս գալուց արդեն տեսնում էինք, որ ադրբեջանցիները կրակում էին մեր տների վրա, այսինքն՝ եթե այդ պահին մնայինք, ավելի շատ զոհեր կունենայինք։ Ոչինչ չենք վերցրել մեզ հետ, հասցրել եմ միայն երեխաների փաստաթղթերը վերցնել, թշնամու կրակոցների տակով ենք դուրս եկել։

2020 թվականի պատերազմից հետո մենք ոչ մի անգամ չենք մտածել Արցախից դուրս գալու մասին, ասում էինք՝ կմնանք, մեր տունն ու հողը կշենացնենք, հատկապես, որ ռուս խաղաղապահներն Արցախում էին։ Բայց երեք տարի չանցավ, նորից կռիվ, պատերազմ, զոհ ու այդքանից հետո՝ նաև Արցախի կորուստ։

Արցախ կվերադառնամ միայն մեկ պայմանով՝ եթե անվտանգությունն ապահովեն, ու չդառնանք Ադրբեջանի քաղաքացիներ։ Ես այդ դեպքում կվերադառնամ իմ Արցախ»,- լացելով նշում է Ժաննա Մուսայելյանը։

Զրույցի ավարտին նա ասաց՝ եթե աշխատանք ունենա, ապա որևէ օգնության կարիք չի զգա, անձամբ կաշխատի ու տան հոգսը կհոգա, ինչպես իր սիրելի Արցախում էր անում։

Ժաննա Մուսայելյանի ընտանիքին օգնելու համար VTB բանկում Ժաննայի անունով կա հաշվեհամար՝ 2204300102316324

Տեսանյութեր

Լրահոս