Պատերազմից հինգ պակաս երկրում 1.4 միլիարդ դրամով հերթական ժողովը կկազմակերպեն

Թեև Նիկոլ Փաշինյանը Հայաստանի սահմանների ուղղությամբ Ադրբեջանի հերթական ռազմական գործողությունները չի բացառում, ավելին, այդ մասին շատ հստակ հայտարարում է Կառավարության նիստի ուղիղ եթերում՝ շեշտելով, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել Հայաստանի սահմանների որոշ հատվածներում, այնուհետև դա վերածել լայնամասշտաբ պատերազմի, բայց, արի ու տես, որ պատերազմից հինգ պակաս երկրի Կառավարությունը երկիրը ռազմական ռելսերի վրա դնելու փոխարեն՝ զբաղված է համաժողովներ ու միջոցառումներ կազմակերպելով։

Շեշտենք՝ այդ համաժողովներն ու միջոցառումները կազմակերպվում են Հայաստանի պետական բյուջեի հաշվին ու շատ թանկ են նստում ՀՀ քաղաքացիների վրա, միևնույն ժամանակ, ունենալով անհասկանալի ու անչափելի օգտակար գործողության գործակից։

Որպես անօգուտ և բյուջեի փողերի անարդյունավետ ծախսի ուղղություն՝ կարող ենք մատանշել, օրինակ, ՔՊ-ականների կազմակերպած Համաշխարհային հայկական գագաթնաժողովը։

Մի գագաթնաժողով, որի համար բյուջեից ծախսվեց մի քանի հարյուր միլիոն դրամ, բայց ունեցավ զրո արդյունք։

Կարդացեք նաև

Այդ զրոյական արդյունքի մասին են վկայում Փաշինյանի արտասահմանյան այցերի ժամանակ հայկական համայնքների հետ կազմակերպված 20 հոգանոց հանդիպումներն ու կիսադատարկ դահլիճները։

Հիմա էլ Կառավարությունը որոշել է Հայաստանում հավաքել տարբեր երկրների գործարարներին։

Այս հերթական համաժողովը կազմակերպելու համար պետական բյուջեից կհատկացվի 1,388,787,800 ՀՀ դրամ։

Նախատեսված է, որ Երևան են այցելելու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի անդամներն ու գործարարները։

Միջոցառումը կանցկացվի «The Dvin» համալիրում և «Seven Visions» հյուրանոցում, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Տեսանյութեր

Լրահոս