«Լռի՛ր և մի՛ աղմկիր»․ Ուկրաինայի հարցով Ֆրանսիայի նախկին նախագահ Օլանդի խորհուրդը` Մակրոնին
«Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ է տվել լռել ու չաղմկել, երբ խոսքը վերաբերում է Ուկրաինայի պատերազմին»,-այս մասին հաղորդում է եվրոպական brusselssignal.eu կայքը։
Ըստ հոդվածագիր Փիթեր Քեդլի, Օլանդն իր այս խորհուրդը տվել է մարտի 6-ին Մակրոնի հետ առանձնազրույցի ժամանակ` այն բանից հետո, երբ գործող Մակրոնը զայրացրել է արևմտյան աշխարհի մեծ մասին՝ առաջարկելով ՆԱՏՕ-ի զորքերը ուղարկել Ուկրաինա` ՌԴ-ի դեմ պատերազմելու նպատակով:
«Դռնփակ հանդիպման ավարտից հետո լրատվամիջոցների հետ զրույցում Օլանդը բացատրել է, որ իր առաջարկը Մակրոնին այն էր եղել, որ իր գաղափարներն Ուկրաինայի վերաբերյալ պահի իրեն, քանի որ դրանք բարձրաձայն հնչեցնելն, ամենայն հավանականությամբ, օգուտ կբերի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին»,-գրում է պարբերականը։ Եվրոպական կայքը մեջբերել է նաև Մակրոնի խոսքը․ «Ռազմական հարցերում իմ դիրքորոշումն այն է, որ ինչքան քիչ ենք խոսենք, այնքան լավ ենք գործում»:
Օլանդը հավելել է, որ Մակրոնը պետք է աշխատի պահպանել Արևմուտքի լայն կոնսենսուսը, ըստ որի` Ուկրաինային պետք է աջակցել Ռուսաստանի դեմ իր պատերազմում։ Նա նաև նշել է, որ ֆրանսիացի առաջնորդի՝ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու խառը սխեման շատերի կողմից կհամարվի չափազանց հեռուն գնացող քայլ: «Միակ հնարավոր պատասխանն այն է, որ ցույց տանք, որ մենք լիարժեք համերաշխության մեջ ենք Ուկրաինայի հետ…, իհարկե, ինքներս չմասնակցելով որևէ մարտական գործողության», -ասել է Օլանդը:
«Շատ կարևոր է, որ Ուկրաինային աջակցելու համար լինի ամենալայն կոնսենսուսը», – հավելել է նա՝ ընդգծելով երկրին օգնության հոսքի պահպանման կարևորությունը` ինչպես Ֆրանսիայից, այնպես էլ Եվրոպայից ընդհանրապես։
Նախկին նախագահի խոսակցությունը Մակրոնի հետ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ,ելույթ ունենալով Փարիզում կայացած կոնֆերանսի ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շահագրգռվածություն էր հայտնել Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայելու հարցում, որպեսզի Ռուսաստանը չկարողանա հաղթել այդ երկրի դեմ պատերազմում: «Ռուսաստանի պարտությունն անփոխարինելի է Եվրոպայում անվտանգության և կայունության համար»,- ասել էր նա՝ պնդելով, որ չպետք է «բացառել» Ուկրաինայի սահմանով զորամասեր ուղարկելու հնարավորությունը։
Մակրոնի առաջարկը հարուցեց ոչ միայն Ռուսաստանի, այլ Արևմուտքի քննադատությունը։
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել էր.
«Սա ցույց է տալիս այսօր Եվրոպայի առաջնորդների, այս դեպքում՝ Ֆրանսիայի նախագահի, անպատասխանատվության բարձր աստիճանը։Ավելի ու ավելի հազվադեպ են լինում, որ նրանք ընդհանրապես ողջամտություն են ցուցաբերում։ Բայց այս հայտարարությունները չափազանց վտանգավոր են»,- ասել էր նա։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ չնայած Մակրոնի մեկնաբանություններին, որևէ փոփոխություն չի եղել հակամարտության վերաբերյալ Արևմուտքի քաղաքականության մեջ։
«Ուկրաինայում ցամաքային զորքեր չեն լինի, զինվորներ չեն լինի այնտեղ ուղարկված եվրոպական երկրների կամ ՆԱՏՕ-ի երկրների կողմից»,-հստակեցրել էր Շոլցը: Այս մասին հայտարարություն էր տարածել նաև Պետդեպարտամենտը։
Հրապարակման պատրաստեց Ա. Մարտիրոսյանը