Բաքվի բանտերում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պահվում է Փաշինյանի համաձայնությամբ. քաղաքական հակառակորդ են. Ավետիք Չալաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․
- 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային համակարգը ոչ միայն խախտվել է, այլև վերջին 3 տարիների ընթացքում անվտանգությունը շատ խոցելի է դարձել, որը երբեք նման իրավիճակում չի եղել։
- Ֆրանսիան այս տարածաշրջանում ներկայություն չունի և չի էլ պատրաստվում ունենալ։ Նրանք պատրանք չեն ստեղծում, թե պատրաստ են փոխարինել Ռուսաստանին։ Պետք է հասկանալ՝ այդ փոխատեղումը մեզ ի՞նչ է տալու։ Եթե մենք Ռուսաստանին դուրս մղենք, Ռուսաստանը կսկսի հակազդեցությունը։
- Ռուսաստանը ցույց է տվել, որ տարածաշրջանից չի գնա, բայց եթե անգամ գնա, պետք է հասկանալ՝ մենք ի՞նչ կստանանք դրանից։
- ԱԽՔ Արմեն Գրիգորյանը և նրա նմանները կամ պատրանքներով են առաջնորդվում, կամ՝ պատվերով։
- Իշխող ուժի մեջ արդեն կան հակասություններ, սկսել են ճաքեր տալ, որովհետև իրենք էլ են հասկանում, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը վտանգավոր է։
Իրանի պաշտպանության նախարարը Թեհրանում իր հայ գործընկերոջ՝ Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ տարածաշրջանից դուրս անվտանգության որոնումը հակառակ արդյունքն է բերելու: Մոհամմադ Ռեզա Աշթիանին կարծում է, որ անվտանգության ճարտարապետությունը պետք է ձևավորվի հենց տարածաշրջանում, այլապես այն կվերածվի գերտերությունների միջև հակամարտությունների ասպարեզի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և սպառնալիքներով։ «Մենք պետք է թույլ չտանք, որ տարածաշրջանը դառնա մրցակցային դաշտ օտարերկրացիների համար, ինչը կազդի տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության և կայունության վրա»:
- Իրանի ուղերձը շատ հստակ է և առաջին անգամ չէ նման ուղերձ հնչում։ Այն ճանապարհով, որ հիմա Հայաստանն է փորձում գնալ, ժամանակին գնաց Սիրիան։ Այսօր Սիրիայի տարածքում մի քանի գերտերություն, 6 արտաքին խաղացող է ներկայացված… Չի՛ կարելի թույլ տալ, որ Հայաստանը վերածվի հերթական Սիրիայի։ Հիմա Հայաստանում աստիճանաբար այդ քայլերն են նկատվում՝ ռուսական ռազմաբազան վաղուց կար, 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զորքերը տեղակայվեցին, որոնց դուրս մղելու ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչ մի քայլ չեն կատարում։ Ներքին Հանդում 15 թշնամական դիրք կա, այնտեղից կրակում են՝ այստեղից չկա հակազդեցություն։ Այնպես որ, պետք չէ զարմանալ, որ Հայաստանում էլ որոշակի ժամանակ հետո, ինչպես Սիրիայում, մի քանի տերություն տեղակայվի, իսկ այս դեպքում Հայաստանը կդառնա շան փայ։
- Եթե մենք չենք ուզում վերածվել Սիրիայի, պետք է հասկանանք՝ ինչպես ենք ուժեղանում, և որն է մեր ներքին ռեսուրսը: Ուժեղանալու դեպքում մենք թե ՌԴ-ի, և թե Ֆրանսիայի հետ խոսելու ենք ավելի ուժեղ դիրքերից։
- Փաստ չի, որ Հայաստանը կարող է ցանկացած երկրից զենք ձեռք բերել։ Ադրբեջանը մի քանի երկրից և վաղուց սպառազինություն է գնում՝ 44-օրյայից առաջ, ընթացքում և հետո։ Հայաստանը պետք է ուսումնասիրի, թե որ երկիրն է, որ կարող է սպառազինություն վաճառել և անվտանգության համակարգում դերակատարություն կատարել։
- Ամեն անգամ ռուսական կողմից հնչող սպառնալիքներն անմիջապես օգտագործում է Հայաստանի հակառուսական թևը, ուստի անհրաժեշտ է, որ Ռուսաստանն իր բոլոր քայլերը նույնպես հստակ հաշվարկի և հաշվի առնի դրանց հնարավոր հետևանքները։
- Հայաստանի տարածքային ամբողջականության հայելու հակառակ երեսն Ադրբեջանին զսպելն է, որով շահագրգռված են և Իրանը, և Ֆրանսիան։ Բայց այդ առումով Թուրքիան ևս կարող է սպառնալիք ներկայացնել տարածաշրջանում։ Եթե Թուրքիան իրականացնի թուրանական ծրագիրը, այն իրական վտանգ կդառնա ոչ միայն տարածաշրջանի համար, այլև այն կարող է դառնալ, պայմանականորեն ասած, նախկին Խորհրդային Միություն, որի անդամ նախկին պետությունները հիմա էլ կմիանան Թուրանական Թուրքիային։
- Ադրբեջանի հիմնական զենքի մատակարարները Ռուսաստանը, Իսրայելը և Թուրքիան են։
- Ֆրանսիայի շահերն այս տարածաշրջանում պայմանավորված են նրանով, որ նա ձգտում է դառնալ Եվրոպայի դեմքը։
- Մենք պետք է հասկանանք՝ ում հետ շահ ունենալ և դրանք համադրել։ Մենք պետք է գտնենք ճանապարհը՝ զարգացնելու հարաբերությունները թե՛ Ֆրանսիայի, և թե՛ Ռուսաստանի հետ, ինչը նախկինում լավ էր արվում։
- Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանը միակողմանիորեն Ադրբեջանին հանձնել է ականապատ դաշտերի 8 քարտեզ: Տարբեր տվյալներով՝ Արցախյան հակամարտության ամբողջ տարածքում միլիոնից ավելի պայթուցիկ իր է մնացել, դրանցից ամեն մեկի չեզոքացումը նստում է 500-1000 դոլար: Այս ընթացքում մոտավորապես 10 տոկոսն է չեզոքացվել, ընդ որում՝ մարդկային կորուստներ էլ են եղել, Ադրբեջանի տվյալներով՝ 44-օրյա պատերազմից հետո մոտավորապես 350 մարդ պայթել է ականներից: Երբ Ադրբեջանին անվարձահատույց տալիս եք ականապատված դաշտերի տվյալները, էապես նվազեցնում եք ծախսերը, արագացնում եք այդ տարածքի ականազերծման և միլիտարիզացման գործընթացը, որտեղից Ադրբեջանը սպառնում է Հայաստանին, ի՞նչ եք ստանում դրա դիմաց, մենք չգիտենք:
- Ադրբեջանը Ստեփանակերտում քանդեց ԱԺ շենքը, Հայաստանի իշխանությունը ծպտուն չի հանել, և սա միակ դեպքը չէ, հուշարձաններ են քանդվում, եկեղեցիներ են պղծվում, իսկ ՀՀ կառավարությունը լուռ է, մի բառ չի ասել։
- Ներքին Հանդի կրակոցներից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, թե պատժելու է այն զինծառայողներին, որոնք կրակոց են արձակել: Դա աննախադեպ խայտառակություն է։ Ի դեպ, պահանջել է նաև, որ դիրքերից էլ կրակոց չլինի: Դրան անմիջապես հետևել է հարձակում հայկական դիրքերի վրա և 4 զինծառայողների կորուստը, և այս վերջին դեպքը՝ ադրբեջանցի զինված զինծառայողի անցնելը մեր կողմ, որին հանձնել են Ադրբեջանին՝ այն նույն օրը, երբ քանդվում էր Արցախի ԱԺ շենքը: Հիմա հարց եմ տալիս՝ եթե դուք լինեիք ցանկացած երկրի փոխարեն, որն առնչվում է ՀՀ ղեկավարության հետ, ինչպե՞ս կվերաբերվեիք նրանց: Բնականաբար, կվերաբերվեիք՝ որպես անինքնասեր փալասների, որոնք սեփական ժողովրդի, երկրի, պետության շահը չեն պաշտպանում: Այդպես էլ վերաբերվում են: Եվ հիմնական խնդիրը հենց դա է, որ կարող են անպատիժ՝ ինչ ասես անել: Դրա համար թշնամիները հասկանում են, որ կարելի է Հայաստանից ինչքան ասես կտոր պոկել, որովհետև էդ ձևի իշխանություն ունի Հայաստանը:
- Ներքին Հանդի կրակոցներից հետո ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, թե կպարզի մեղավորներին և պատասխանատվության կենթարկի։ Դա աննախադեպ խայտառակություն է։ Իշխանությունների այսպիսի քայլերից հետո նման երկրին դրսում որպես ի՞նչ կընդունեն՝ փալաս։
- Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչ գտնվում է Ադրբեջանում գերության մեջ, առ այսօր ՀՀ իշխանությունն այս հարցը չի բարձրացրել միջազգային հարթակներում, հետևությունը կարող է մեկը լինել, որ նրանք Բաքվի բանտերում պահվում են Փաշինյանի համաձայնությամբ, որովհետև նրանք Փաշինյանի համար քաղաքական հակառակորդ են։
- Խորհրդարանական մեծամասնությունը՝ ՔՊ-ն, բացարձակ կախված է Փաշինյանից։ Իրենք մինչև 2018 թվականը եղել են այնպիսի դերերում (շատերը նույնիսկ որևէ տեղ չէին աշխատել), որ ղեկավար որևէ պաշտոնում կամ դիրքում իրավունք չունեին լինել։ ՔՊ-ում կան նաև բիզնես շահեր ունեցողներ։ Այս պայմաններում, բնականաբար, իրենք փորձելու են համախմբվել Փաշինյանի շուրջ՝ որպես փրկօղակ։
- ԱԺ իշխող խմբակցությունում՝ ՔՊ-ում, Հռոմի ստատուտի քվեարկությունից խուսափողներ եղան, «Հայաքվեի» օրենսդրական նախաձեռնության քվեարկությանն էլ 15 պատգամավոր չի մասնակցել։ Այս փաստերը վկայում են, որ ՔՊ-ի ներսում կա անհամաձայնություն՝ ճեղքվածք։ Այսինքն՝ Փաշինյանի հեղինակությունը նաև իր սեփական քաղաքական ուժի մեջ սկսել է ընկնել։ Բայց այդ ուժի ներկայացուցիչները հարց են տալիս՝ ասենք, Փաշինյանին հանեցինք, հետո ի՞նչ է լինելու։
- Ամենակարճ անարյուն տարբերակը խորհրդարանում կոալիցիա ձևավորելն է, դրա համար անհրաժեշտ է հասկանալ, թե նոր կառավարությունն ինչ կոնֆիգուրացիա է ունենալու, ովքեր են քաղաքական պատասխանատվության կողմերը։ Լավ, ենթադրենք՝ ձևավորվեց այդ կառավարությունը, ինչպե՞ս ենք դուրս գալու այսօր առկա փակուղուց։
- Հայաստանում չպետք է լինի հերթական պալատական հեղափոխությունը։ Փաշինյանին փոխելու համար հասարակությանը պետք է ասել, թե ով է գալու նրա փոխարեն։ Այսօր դաշտում կա հնարավոր 20 թեկնածու, ուստի նրանց և իրենց ներկայացնող ուժերին պետք է հավաքել և հասկանալ, թե ով՝ ինչպես է պատկերացնում հետագա կոնկրետ գործողությունները։
- Ընդդիմությունը միատարր չէ, ուստի պետք է աշխատանքներ տանել, գտնել կոնսենսուս, որը հնարավորություն կտա քաղաքական օրակարգ ձևավորել, ազատվել Փաշինյանից, որը սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Հասարակական, քաղաքական դաշտում նոր կոնսոլիդացիա պետք է ձևավորել՝ համագործակցության մթնոլորտ։
- Հայաստանը երբեք այսքան խոցելի չի եղել:
Մանրամասները՝ տեսանյութում։