90.000 այթիշնիկից մնացել է 15.000-ը, մեկ սենյականոց բնակարանի բարձր գները վկա. Հովիկ Մուսայելյան
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտի առնչությամբ չկա հանրային ընկալում, թե ինչ է բարձր տեխնոլոգիան և այն ինչ է տալիս երկրին։
«Այս ընկալումը շատ քչերի մոտ է նաև պետական համակարգում, միշտ այդպես է եղել։ Մեղավոր է նա՝ մեր ոլորտը, որ չի կարողացել միջին վիճակագրական քաղաքացուն ու միջին վիճակագրական չինովնիկին բացատրել, թե այս ոլորտն ինչ հավելյալ արժեք է ստեղծում և ինչ օգուտ է տալիս մեր երկրին։
Մեր երկրում բարձր աշխատավարձ ստացող մարդկանց, մեղմ ասած, չեն սիրում, երբ կա այդ ընկալումը, և մենք առաջարկում ենք, որպեսզի մեզ արտոնություններ տան, սա ավելի մեծ հակազդեցություն է առաջացնում»,- ԱԺ-ում ՏՏ ոլորտի օրենսդրական կարգավորման փաթեթի քննարկման ժամանակ ասաց Հովիկ Մուսայելյանը։
Ըստ նրա, Վրաստանում այսօր ոլորտը զրո ինդուստրիայից դարձրել են վիթխարի ինդուստրիա։ Վրաստանում էլ ընդօրինակել են իրենց հարևանից՝ Թուրքիայից։
«Մենք միայն չպետք է խոսենք այն մասին, թե ռելոկանտներն ինչու գնացին։ 90 հազար այթիշնիկից այսօր երևի 15-20 հազար են մնացել, իհարկե, մեզ պիտի հարց տանք, թե ինչու են գնացել, որովհետև մեզ մոտ ընդունված է, երբ ինչ-որ խնդիր է, գները բարձրացնում են, հետո այդ խնդիրը լուծում ես, բայց գները երբեք չեն իջնում, մեկ սենյականոց բնակարանի գների հետ կապված և այլն»,- շեշտեց նա։
Հովիկ Մուսայելյանը նաև դժգոհեց հարկային ստուգումներից՝ ընդգծելով.
«Այնպիսի տպավորություն է, որ մեր հարկային ծառայությունն այնքան ռեսուրս ունի, որ հիմնականում գնում են ստուգումների այն ընկերություններ, որտեղ տարիներ ի վեր մեկ դրամի տուգանք չի եղել։ Ընկերություններին պարգևատրում են՝ որպես բարեխիղճ հարկատուներ, ծափահարում են, գլուխ են գովում ու դրանից հետո հերթական ստուգումներն են անում»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում