Պապիկյանը կարևորում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցությունը
Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները Երևանում կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին:
Մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրներն ունեն միևնույն մոտեցումներն ու ընկալումները տարածաշրջանային և միջազգային անվտանգության միջավայրի ամրապնդման ուղղությամբ, որը ևս մեկ անգամ վերահաստատվել է մեր քննարկումների ընթացքում:
Իմ գործընկերոջ հետ քննարկել ենք նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը, անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին»,- նշեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ կարևորել են միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի շրջանակներում երկու երկրների սերտ համագործակցությունը:
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ Հունաստանն առաջին պետությունն է եղել, որ պաշտպանության ոլորտում եվրոպական կառույցների և պետությունների հետ հարաբերություներում, միջազգային առաքելություններին մասնակցության և բազմաթիվ այլ հարցերում Հայաստանի համար ճանապարհ է հարթել»,- եզրափակեց Պապիկյանը: