Պապիկյանը կարևորում է Հունաստանի դերակատարությունը ՀՀ-ում իրականացվող պաշտպանական բարեփոխումների հարցում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող պաշտպանական բարեփոխումների ընթացքը՝ կարևորելով Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքն այդ հարցում։
Պապիկյանն այս մասին ասաց մամուլի համար հայտարարության ժամանակ։
Հայաստանի պաշտպանության նախարարը խորհրդանշական է համարում Դենդիասի այցը Հայաստան, որը հաջորդում է նախորդ շաբաթ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հունաստանի Հանրապետություն ընդգրկուն օրակարգով այցին։
«Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք հիմնված են երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության, փոխադարձ օգնության, պատրաստակամության, արժեքների և ընդհանուր մոտեցումների վրա»,- ընդգծեց Պապիկյանը։
Նրա խոսքով՝ այս հարաբերություններում իր ուրույն տեղն ունի համագործակցությունը պաշտպանական ոլորտում։
«Այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթն են կրում և իրականացվում են Հայաստանի անկախացումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանության բնագավառում համագործակցության հենց սկզբից, իսկ մյուս մասը՝ պայմանավորվածությունների արդյունքում ձևավորված նոր ոլորտներ։
Ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի և տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խոհրդակցությունները և այլն»,- նշեց Պապիկյանը։
Նախարարը հայտնեց նաև, որ Հունաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
«Մասնավորապես, կարևորել ենք 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը»,- եզրափակեց Պապիկյանը։