ԵՄ երկրների ֆերմերները պահանջում են նաև վերացնել ՌԴ-ի նկատմամբ սահմանված պարենային պատժամիջոցները
Համագործակցելով միմյանց հետ, ԵՄ երկրների ֆերմերները շարունակում են ընդլայնել իրենց մեծ թափ ստացած բողոքի ցույցերը: Նրանք ԵՄ և իրենց երկրների ղեկավարությանը ներկայացնում են մի շարք պահանջներ, որոնցից են՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ սահմանված որոշ պատժամիջոցների (մասնավորապես՝ պարենային ապրանքների նկատմամբ կիրառվող էմբարգոյի) վերացումը, երկիր էժան գյուղմթերքների ներմուծման արգելումը, բյուրոկրատական քաշքշուկների բացառումը, ծախսերի աճի և ԵՄ-Կանաչ գործարքի վերացումը:
Հիշեցնեմ, որ դեռևս որոշ ժամանակ առաջ, քաղաքական նպատակներով, Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվեցին պատժամիջոցներ, մասնավորապես՝ արգելվեց պարենային ապրանքների արտահանումը և ներմուծումը Ռուսաստան: Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից են ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Կանադան, Ավստրալիան և Նորվեգիան։ Դրան ի պատասխան, 2014թ. օգոստոսից Ռուսաստանն էլ՝ իր հերթին, կիրառեց էմբարգո՝ արգելելով իր դեմ պատժամիջոցներ կիրառած երկրներից մի շարք պարենային ապրանքների (տավարի մսի, խոզի մսի, թռչնամսի, երշիկեղենի, ծովամթերքի, բանջարեղենի, մրգերի և կաթնամթերքի) ներմուծման թույլտվությունը Ռուսաստան:
Որից հետո ԵՄ մի շարք երկրների ֆերմերներ իրենց արտադրանքի իրացման հարցում սկսեցին բախվել լուրջ դժվարությունների հետ, որովհետև ԵՄ երկրների բազմաթիվ ֆերմերներ ստանում են իրենց գյուղատնտեսական արտադրանքի որոշակի ավելցուկ (գերարտադրանք), իսկ Ռուսաստանի տարածքն իրենց համար պարենային ապրանքների սպառման անծայրածիր շուկա է: Ֆերմերները ստիպված սկսեցին փնտրել նոր իրացման շուկաներ։
Ապրիլի 1-ից ԵՄ-ում կաթի արտադրության քվոտաների վերացումը, որն ուժի մեջ էր արդեն 30 տարի, նաև ռուսական պարենային էմբարգոն, հանգեցրին կաթնամթերքի գերարտադրության և գնման պաշտոնական գների նվազմանը, այսպես՝ 1 լիտրի դիմաց՝ 2014թ.-ին՝ 37 եվրոցենտ, և 2015թ.-ին՝ 25-28 եվրոցենտ էին վճարում, որը չէր ծածկում ֆերմերների արտադրական ծախսերը, և այդ պատճառով սկսվեցին որոշ ֆերմերային տնտեսությունների սնանկացումներ։ Կաթնամթերքի արհմիությունների կարծիքով, կաթի օպտիմալ գինը, որը կպաշտպանի նրանց կործանումից, պետք է լինի 37-40 եվրոցենտի սահմաններում։
Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի ներմուծման էմբարգոյի պատճառով, էստոնական գյուղմթերք արտադրողներին հասցված վնասը կազմել է մոտ 150 մլն եվրո։ Էստոնացի կաթարտադրողների կողմից, միայն կաթնամթերքի տարեկան արտահանումը Ռուսաստան, գնահատվել է մոտավորապես 50 միլիոն եվրո։
Էստոնացի ֆերմերները, որոնք լուրջ դժվարություններ են կրում Ռուսաստանի կողմից արևմտյան երկրների սահմանած պատժամիջոցների պատճառով, Տալինում կազմակերպեցին պիկետ՝ ԵՄ-ից պահանջելով 7 միլիոն եվրոյի չափով պետական օգնություն։
Եվրահանձնաժողովը փետրվարին 6,9 մլն եվրոյի չափով ճգնաժամային դոտացիաներ է վճարել ֆերմերներին և թույլտվություն է տվել Էստոնիայի կառավարությանը, որպեսզի իր բյուջեից ֆերմերներին վճարի նշված գումարը, սակայն մինչև օրս ֆերմերները դեռ չեն ստացել այդ գումար օգնությունը։
Գերարտադրության ճգնաժամի պատճառով, ֆինանսական լուրջ դժվարություններ են ապրում նաև եվրոպական խոզի միս արտադրողները, որոնք ամենաշատը տուժել են Ռուսաստան արտահանման արգելքի հետևանքով։
Լեհաստանում կար խնձորի արտադրության ավելցուկ, որը նույնպես իրացվում էր Ռուսաստանի շուկաներում: Խնձորի վրա նույնպես Ռուսաստանը դրեց էմբարգո և արգելեց լեհական խնձորի ներմուծումը, սակայն Բելառուսը մի որոշ ժամանակ գաղտնիորեն իրականացնում էր այդ խնձորի ռեէքսպորտ դեպի Ռուսաստան, ցույց տալով՝ իբր այդ խնձորն իր արտադրանքն է, սակայն Ռուսաստանը շուտով այդ խորամանկությունը բացահայտեց և արագ արգելեց լեհական խնձորի մուտքը ՌԴ:
Ուկրաինան, երկրի վարչապետի գլխավորությամբ, լեհ ֆերմերների կողմից շրջափակված սահմանները բացելու, բանակցելու նպատակով, կառավարական խումբ ուղարկեց Լեհաստանի հետ հատման անցակետ, սակայն սահմանին երկար սպասելուց հետո, լեհերի կողմից ոչ ոք չեկավ բանակցելու, և լեհ պետական պաշտոնյաների պատասխանը եղավ այն, որ լավագույն դեպքում՝ կարող են մեկ ամսից բանակցել: Միաժամանակ, լեհերը կոչ են անում իրենց բնակչությանը, որպեսզի նրանք խանութներից չգնեն ուկրաինական արտադրանք, մասնավորապես՝ բուսական յուղ, որն ավտոցիստեռնի մեջ լցնում են հակահիգիենիկ պայմաններում:
Չնայած ֆրանսիական իշխանությունները ֆերմերներին որոշ խոստումներ տվեցին, սակայն ֆերմերները շարունակում են շարժվել դեպի Փարիզ, փակելով երկրի հիմնական մայրուղիները և բլոկադայի մեջ թողնելով Փարիզը:
Ցուցարար ֆերմերներին է միացել նաև Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյա «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրաժարվել է գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի բացման օրը ֆերմերների և բնապահպան ակտիվիստների հետ նախատեսված բաց բանավեճից, և Ֆրանսիայի կառավարությունը ստիպված է եղել չեղարկել «Earth Rising» արմատական էկո-խմբի հրավերը, քանի որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը նրանց անվանել է «էկոահաբեկիչներ»: Ֆերմերների խոշորագույն արհմիությունը՝ FNSEA-ն, Մակրոնի նման գործելաոճը որակել է որպես ցինիկ և հրաժարվել է մասնակցել ցուցահանդեսին։ Նախագահը չեղարկել է միջոցառումը, սակայն ցուցարարները գրոհելով՝ մտել են ցուցահանդեսի սրահ, որտեղ տեղի են ունեցել բախումներ, հրմշտոց և ձվերի նետում ցուցարար ֆերմերների և ոստիկանների միջև:
Ավելի քան 6000 ֆերմերներ, հիմնականում՝ Ֆրանսիայից և Բելգիայից, բողոքի ցույց էին կազմակերպել ԵՄ խորհրդի շենքի մոտ, որտեղ ընթանում էր գյուղատնտեսության նախարարների հանդիպումը՝ պահանջելով ֆինանսական աջակցություն ԵՄ կառույցներից և ազգային իշխանություններից:
ԵՀ-ն երկուշաբթի կայացած նիստում որոշել է ֆերմերներին, որպես աջակցություն, տրամադրել ևս 500 միլիոն եվրոյի շուտափույթ ֆինանսական աջակցություն:
Ըստ Եվրոպայի ֆերմերների և գյուղատնտեսության արհմիության գլխավոր քարտուղար Պեկկա Պեսոնենի, Եվրահանձնաժողովի կողմից եվրոպացի ֆերմերներին աջակցելու նպատակով, նախկինում հատկացված 500 միլիոն եվրոն չի փոխհատուցում ֆերմերների ծախսային կորուստները ռուսական պարենային էմբարգոյից, որը տարեկան կազմում է 5,5 միլիարդ եվրո:
Թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ԵՄ երկրների ֆերմերների բողոքի ցույցերը, առայժմ չենք կարող ասել, սակայն հստակ կարող ենք ասել հետևյալը՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա ֆերմերների ապստամբության ուրվականն է, որն անակնկալի է բերել ԵՄ քաղաքական առաջնորդներին:
Սարգիս Սեդրակյան
Ֆերմերային Շարժում կազմակերպության նախագահ