Чья бы корова мычала… Պետրոս Ղազարյանը Հ1-ի եթերում ծաղրում է լրագրողներին, իսկ նրա դիմաց նստած ՄԻՊ Անահիտ Մանասյանը որևէ կերպ չի արձագանքում
Փետրվարի 28-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» հաղորդաշարի հյուրը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր:
Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ հարցը Պետրոս Ղազարյանը հետևյալ կերպ ձևակերպեց:
«Ազգային ժողովում (ԱԺ) մեծ աղմուկ հանեց մի օրենքի նախագիծ, որի մասին Դուք նույնպես խոսեցիք. ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ լսումների ժամանակ Դուք զեկուցող էիք: Ի՞նչ է կատարվում այստեղ: Գիտե՞ք՝ մենք միշտ կենտրոնացած ենք քաղաքական հարցերին՝ ռուսները ի՞նչ ասացին, ֆրանսիացիները եկան, չգիտեմ, ադրբեջանցիները գնացին, թուրքերը էս կողմ, նրանք էն կողմ, բայց մենք… Գյուղերում կա կյանք, որը հեռու է և՛ այս ամեն ինչից, և՛ լրատվամիջոցներից, որ վազում են պատգամավորների հետ ծտի ձենով… Այ էդ միջավայրից հեռու է…»,- մասնավորապես ասաց Պետրոս Ղազարյանը՝ շարունակելով հարցը:
Նախ արտառոց էր, որ Պետրոս Ղազարյանն իր այդ անհարգալից, վիրավորական ձևակերպումն արեց իր դիմաց նստած ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ սահմանադրական անկախ մանդատ ունեցող անձի ներկայությամբ, չկաշկանդվեց, չազդվեց նրա ներկայությունից, և բնական է, որ հաջորդ ակնկալիքը պիտի լիներ Անահիտ Մանասյանի կողմից որևէ կոշտ հակադարձումը՝
ա) ընդհատել Պետրոս Ղազարյանին՝ «էս ի՞նչ եք Ձեզ թույլ տալիս, Ձեզ կոռեկտ պահեք ու չհամարձակվեք Մարդու իրավունքների պաշտպանի ներկայությամբ լրագրողների մասին նման անհարգալից ձևակերպումներ օգտագործել» ասելով:
բ) վեր կենար ու դեմոնստրատիվ հեռանար՝ սոլիդարություն ցույց տալով այն համայնքին, որի օգնությամբ է ձևավորվում իր իմիջն ու հեղինակությունը:
գ) չընդհատեր Պետրոս Ղազարյանին, բայց հարցին պատասխանելուց առաջ կրկներ «ա» կետի նախադասությունը՝ թեկուզ որևէ այլ, ավելի մեղմ ձևակերպումներով:
դ) վիրավորվեր որպես կին՝ այդ անտակտ բառակապակցությունից, որովհետև Պետրոս Ղազարյանն ակնհայտորեն նկատի ուներ բարակ ձայնով լրագրողներին, իսկ Անահիտ Մանասյանի ձայնն ակնհայտորեն կոնտրալտո չէ:
Անահիտ Մանասյանը չարեց նշվածներից ոչ մեկը, չօգտվեց նաև «ձեր տարբերակը» հնարավորությունից: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը թքած ունեցավ այն հանգամանքի վրա, որ իր ներկայությամբ վիրավորական արտահայտություն է հնչեցվում լրագրողների հասցեին:
ՄԻՊ-ի գործունեության առանցքում պիտի որ լիներ լրագրողների շահերի պաշտպանությունը, որովհետև Մարդու իրավունքների պաշտպանության հաստատությունների գործունեության արդյունավետության երաշխիքներից է լրագրողական համայնքի հետ աշխատանքն ու համագործակցությունը:
Օմբուդսմենի առաջարկները կամ որոշումներն իմպերատիվ չեն: Օմբուդսմենն իր առաջ դրված խնդիրների լուծմանը կարող է հասնել, այդ թվում՝ նաև հեղինակության ուժով, որի առաջնային ձևավորողը լրագրողներն են: Լրագրողները մշտապես պիտի գտնվեն ՄԻՊ-ի ուշադրության կենտրոնում ու պաշտպանության առանցքում:
Բացի դրանից, լրագրողների շնորհիվ է քաղաքացին տեղեկանում, թե պետական մարմիններն ինչպես են աշխատում, ու հենց լրագրողի աշխատանքի շնորհիվ է կարողանում առավել արդյունավետ վերահսկողություն իրականացնել դրանց վրա: Որքան լրագրությունը կարծրատիպերից զերծ է, այնքան ավելի անկաշկանդ է գործում:
Նշենք նաև, որ պետական մարմինները կարծրատիպ ունեն, որ լրագրողները խոչընդոտում են պետական մարմինների աշխատանքը, ու Պետրոս Ղազարյանի այս ձևակերպումը նպաստում է այդ կարծրատիպի ամրապնդմանը:
Ինչ վերաբերում է Պետրոս Ղազարյանին, ապա վերջինս պիտի իմանա, որ երբ մարդուն ցանկանում ես ծաղրել, բացի ձայնից, ծաղրելու լիքը բաներ կան՝ անցած ճանապարհ, բոլոր ժամանակների ղեկավարների առաջ մշտապես խոնարհվելու անխոնջ ձգտում, աշխատանքի նախորդ վայրից հեռացվելուց հետո գործընկերների մոտ ողբ՝ «գործազուրկ եմ» թեմայով… Ցանկը կարելի էր շարունակել դեռ երկար…
Հանրային հեռուստաընկերությունը պետական բյուջեով պահվող հիմնարկ է: Կառավարության 2001 թ. հուլիսի 4-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծել է «Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն, ինչը նշանակում է, որ Հանրային հեռուստաընկերությունը՝ որպես կառավարության հիմնադրած ընկերություն, հստակ պարտավորություն ունի հետևել իրավունքի գերակայությանը, Սահմանադրության պահպանմանը: Իսկ մեր Սահմանադրության մեջ դեռ կա Մարդու իրավունքների գլուխը, ուր առանձին տեղ է հատկացված կարծիքի արտահայտման ապահովմանը:
Լրագրողների գործունեության գլխավոր երաշխիքներից է հենց ազատ արտահայտվելու իրավունքի առկայությունն ու դրա պաշտպանությունը: Ակնհայտ է, որ Պետրոս Ղազարյանն իր այդ ձևակերպմամբ կարծրատիպ է տարածում լրագրողի աշխատանքի մասին ու ձևավորում կարծիք, և սա այն դեպքում, երբ իր վարած հաղորդումն ունի համապետական սփռում: Ու այս ծաղրական, հեգնական վերաբերմունքը հենց պետության վերաբերմունքն է: Պետության, հարկատուներիս փողերով պահվող պետական հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանը նույնանում է պետության հետ և դառնում պետության քաղաքականության իրագործողը:
«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հանրային հեռարձակող, Հայաստանի Հանրապետությանը 100 տոկոս պատկանող ընկերության սեփականությունը հանդիսացող Հեռարձակող է Հանրային հեռուստաընկերությունը:
Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասի «գ» և «դ» կետերի համաձայն`
գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.
դ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը, հասարակական-քաղաքական, միջազգային իրադարձությունների մասին բնակչությանը համալիր տեղեկատվության տրամադրմանը, Հայաստանի Հանրապետությունում աղետների կառավարմանը և նվազեցմանը:
Պետրոս Ղազարյանը նշված հաղորդման մեջ, բացի նրանից, որ ակնհայտ խտրական վերաբերմունք է հանրայնացնում լրագրողների առնչությամբ՝ բնականաբար, առաջին հերթին նկատի ունենալով ընդդիմադիր լրատվամիջոցներին, նաև որևէ կերպ չի նպաստում, որ ազգաբնակչությանը մատուցվեն հաղորդումներ, որոնք ուղղված են բնակչության իրավագիտակցության, սոցիալական պատասխանատվության և մեդիագրագիտության բարձրացմանը:
Պետրոս Ղազարյանի աշխատանքին գնահատական պիտի նաև Հանրային հեռարձակողի խորհուրդը:
168.am-ը կապ հաստատեց Խորհրդի հետ՝ ցանկանալով իմանալ վերջիններիս դիրքորոշումը խնդրի ու իրենց աշխատակցի վերաբերյալ:
Ուզում էինք իմանալ՝ ինչպես է հնարավոր, որ ուղիղ չհեռարձակվող հաղորդման ընթացքում եթեր գնա նման ձևակերպում: Մեզ խնդրեցին Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին հարցն ուղարկել գրավոր: Կսպասենք Խորհրդի պատասխանին ու նրա դիրքորոշմանը:
Հ.Գ. Հուսանք, Հանրային հեռարձակողի խորհուրդը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարձագանքեն և կուղղեն իրենց սխալը, հակառակ դեպքում ստիպված կլինենք Ղազարյանին անդրադառնալիս օգտագործել Նիկոլ Փաշինյանի կողմից նրան տրված բնորոշումը: