«Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու ԵՄ դիտորդն են որոշողը, դե գնացե՛ք, տե՛ր կանգնեք ձեր ինքնիշխանությանը». Աննա Գրիգորյան
Բեռլինում 2 օր տևած Միրզոյան-Բայրամով բանակցություններից ես դրական արդյունքների չեմ սպասում՝ հատկապես հայկական պատվիրակության կազմում ընդգրկվածների ոչ պրոֆեսիոնալիզմը հաշվի առնելով:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ շարունակելով.
«Հատուկ ուշադրություն եմ ուզում հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բեռլինում հայ-ադրբեջանական բանակցություններին մասնակցում էր նաև Թուրքիայի հետ բանակցող Ռուբեն Ռուբինյանը։ Հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ նա այնտեղ, չէ՞ որ Թուրքիայի քաղաքականությունը շատ պարզ է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարման պարագայում»։
Ըստ պատգամավորի՝ սա ցույց է տալիս, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ ճնշումը շարունակում է հայ-ադրբեջանական բանակցությունների համատեքստում՝ պնդելով՝ բավարարե՛ք Ադրբեջանի բոլոր պահանջները, մենք կխոսենք։
«Բեռլինում էր նաև Եղիշե Կիրակոսյանը, որն Ադրբեջանի դեմ գործերով Հայաստանի ներկայացուցիչն է միջազգային դատարաններում։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է հետ կանչել միջազգային դատարաններում ներկայացրած ընդդեմ Ադրբեջանի հայցերը, և այն, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ հենց այդպես էլ կանեն, պարզ է դառնում, որ այն, ինչի շուրջ բանակցում են, զերծ է հայկական շահից։ Ամբողջ բանակցային գործընթացը միայն զիջումների մասին է։ Անընդհատ զիջումներ են պարտադրում Հայաստանին, մի օր էլ կասեն՝ ձեր բանակի մոդելը փոխե՛ք, կամ՝ բանակը ձեր ինչի՞ն է պետք»,- ասաց Գրիգորյանը։
Պատգամավորը Բեռլինում 2 օր տևած բանակցություններից որևէ դրական ակնկալիք չունի՝ հաշվի առնելով նաև այդ բանակցություններին ընդառաջ Փաշինյանի արած հայտարարությունները, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի։
«Ադրբեջանի կողմից վտանգը չեզոքացված չէ։ Հայաստանի իշխանությունը տապալում է բանակցային գործընթացը, ինչը հավասար է պատերազմի, մինչդեռ Հայաստանի ղեկավարը դրան զուգահեռ՝ ասում է, որ Հայաստանը սառեցրել է առկա միակ անվտանգային կառույցին իր անդամակցությունը, իսկ դա աննորմալություն է»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության կամ մասնակցության սառեցման մասին Փաշինյանի հայտարարությունը պայմանավորելով Ռուսաստանի պարտավորությունների չեզոքացման շանսով։
«Ռուսաստանին տալիս է առիթ, որ եթե վաղն Ադրբեջանը հարձակվի, ասի՝ չենք միջամտում։ Խոշոր հաշվով՝ առանց այլընտրանքային անվտանգային մեխանիզմի առկայության՝ Փաշինյանը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմ։ Թուրքիայի հետ սահմանին կա ռուսական բազա, ԵՄ դիտորդներին էնտեղ տեղակայելուց են խոսում, բայց այդ դիտորդն ի՞նչ գործ ունի այնտեղ։ Կամ, Ներքին Հանդ գյուղին նայեք. այս փոքր գյուղը ցույց է տալիս այն քաղաքականությունը, որն իրականացնում է Փաշինյանը. Չէ՞ որ հնարավոր չի մի տարածքում ունենալ ռուս սահմանապահ, մյուս կողմում կանգնեցնել ԵՄ դիտորդներ, և դու մեջտեղից դուրս գաս։ Սա ինքնիշխա՞ն երկիր է։ Այ ինքնիշխանիկնե՛ր, ռուսն ու Արևմուտքն են որոշում՝ ինչ լինի, դե գնացե՛ք, տեր կանգնեք ձեր ինքնիշխանությանը»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Ինչ վերաբերում է ինքնիշխան համարող իշխանության ներսում տեղ գտած ճաքերին, մասնավորապես՝ Փաշինյանից հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը ստացած Էդմոն Մարուքյանի հրաժարականին, Գրիգորյանն այդ իրողությունը պայմանավորեց ոչ թե իշխանության ներսում առկա հակասություններով, այլ 2024 թվականին նախանշվող արտահերթ ընտրություններով։
«Կարծում եմ՝ հնարավոր արտահերթ ընտրություններն են Մարուքյանի հեռանալու պատճառը»,- ասաց Գրիգորյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։