Իշխանության կենտրոնում մի «անվտանգ տղա» կա՝ աշխատավարձով ուրիշ երկրի լրտես է՝ կակտիվանա. Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից հրաժարվելու Էդմոն Մարուքյանի դիմումին, նկատեց՝ սկսվել է մեծ մրցավազք, թե ով արագ կհասցնի ծախվել այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին, որպեսզի երբ լինեն ընտրություններ, իրեն ավելի շատ փող տան, ավելի թանկով առնեն, քան Փաշինյանին։
«Պատկերացնում եք, ինչքան դավաճան, տոքսիկ է պետք լինել, որ բոլորը փորձեն հեռանալ՝ Էդմոն Մարուքյանը, Սամվել Բաբայանը, իրենց ֆրակցիայի որոշ անդամներ, ասում են՝ չէ-չէ, մենք ի՞նչ կապ ունենք Փաշինյանի հետ։
Ինչ վերաբերում է Էդմոն Մարուքյանի որոշմանը, նախ կարող էր դուրս գալու տեքստն ավելի լավ գրել, մի քիչ շատ շաբլոն էր։ Ես անհամբեր սպասելու եմ բոլոր այն ընդդիմադիր գործողություններին, որոնք իրացնելու են իրենց իրավունքները, ոչ թե ՀՀ քաղաքացիներին ապացուցելու համար որևէ բան, դա իր թիրախային լսարանը չէ, այլ ինչ-որ կենտրոններին ապացուցելու, որ ինքն այն տղան է, որի հետ պետք է աշխատել»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի կանխատեսմամբ, մրցավազքն առաջիկայում արագանալու է։
«Մենք իշխանության տարբեր անկյուններում շատ «անվտանգ տղա» ունենք, նա ինքնիշխանության շատ մեծ մասնագետ է՝ աշխատավարձով ուրիշ երկրի լրտես աշխատելով, ինքը հես ա հաստատ կակտիվանա»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում