Հայկական Քուրշավե՞լ, թե՞ ֆերմաներ ու դահուկուղի. արդեն 6 տարի է` հարցը տնտեսական հատվածի օրակարգում է

Աննախադեպ ներդրումներից, միջազգային օրինակներից ու «տնտեսական հեղափոխություններից» խոսող Փաշինյանի կառավարությունը, պարզվում է, այդպես էլ չի կարողանում գլուխ բերել տարիներ շարունակ քննարկվող մի ներդրումային ծրագիր:

Արագածի հարավային գագաթի հարևանությամբ ներդրումային ծրագիր իրականացնելու հարցը մի քանի տարի կռվախնձոր էր դարձել երկու ներդրողների՝ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի, որի հիմնադիրը գործարար Նիկոլայ Սարկիսովն է՝ մի շարք ֆրանսիական նշանավոր ընկերությունների մասնակցությամբ, և ռուսաստանաբնակ գործարար, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի՝ ՔՊ-ամերձ Ռուբեն Գրիգորյանին պատկանող «Ռիդ» ընկերության միջև:

«Արագեյթ ինվեսթմենթսը», համաշխարհային ճանաչում ունեցող Քուրշավելի Société des Trois-Vallées, MDP Consulting, POMA Group, DCSA, Sintegra, ESF Schools, Accor Group և այլ ֆրանսիական ընկերությունների հետ մտադիր էր ստեղծել լեռնադահուկային հանգստավայր, որը կգործեր բոլոր 4 սեզոններին:

Կարդացեք նաև

Ծրագրով նախատեսվում էր նաև ճոպանուղու, 125 կիլոմետր դահուկուղիների, զիփլայնի, խանութների, լեռնային ռեստորանների ու հյուրատների, երեք ջրամբարի կառուցում, որն ընդհանուր (2020-2021թթ.) հաշվարկներով ենթադրում էր 370 մլն եվրո ներդրում՝ առանց քաղաքաշինության: Վերջինս նախատեսված էր ծրագրի հաջորդ փուլերում։

«Ռիդ»-ը Վարդենուտ և Արագած գյուղերի մոտակայքում մտադիր էր կառուցել ֆերմերային տնտեսություններ՝ յուրաքանչյուրը՝ 1,500-2,000 քմ մակերեսով, արևային և քամու էլեկտրակայաններ, ջրամբար, լեռնադահուկային համալիր. նշվում էր 190 մլն եվրո ներդրման մասին տեղեկությունը։

Կառավարության ստեղծած հանձնաժողովը նախապատվությունը տվել էր «ՌԻԴ»-ի ծրագրին՝ հակառակ «Արագեյթ ինվեսթմենթս»-ի հետ նախնական պայմանավորվածությունների, Ֆրանսիայում ու Հայաստանում ստորագրված 2 հուշագրերի: Նշենք, որ նմանատիպ հուշագրեր ամիսներ անց ստորագրվել էին նաև «Ռիդի» հետ:

Ուշագրավ է, որ այս մրցույթում իրենց տեսակետը չեն ներկայացրել ո՛չ ԿԳՄՍՆ-ն, ո՛չ Հայաստանի դահուկային ն կամ որևէ ձմեռային մարզաձևի ֆեդերացիայի ներկայացուցիչ, ո՛չ Տուրիզմի կոմիտեն, ո՛չ «Էնթերփրայս Արմենիան» և այլ մասնագիտական կառույցներ:

Նախորդ տարի մարտի 2-ի կառավարության նիստում ներառված էր «Ռիդ»-ի ծրագրին հավանություն տալու և ընկերությանն ուղղակի վաճառքի ձևով հողամասեր օտարելու հարցը, նաև՝ հանրային գերակա շահ ճանաչել որոշ քաղաքացիներին պատկանող անշարժ գույքը։

Սեպտեմբերին արդեն կառավարությունը հանրային գերակա շահ ճանաչեց Արագածոտնի Վարդենուտ և Արագած գյուղերի որոշ տարածքներ, սակայն տեղեկություններ տարածվեցին, որ այդ բնակավայրերի բնակիչներից շատերը չեն պատրաստվում տալ իրենց տարածքները, և առաջիկայում սպասվում են դատական հայցեր: Սա էլ դեռ ամենը չէ. արդեն խոսում են իշխանությունների կողմից «Ռիդ»-ի հետ ծրագրի սառեցման մասին:

Էկոնոմիկայի նախարարության մրցութային հանձնաժողովի և ընկերության ընտրության մասին

Ֆրանսիական Société des 3 Vallées-ի գործադիր տնօրեն Պասկալ դը Տիերսանթը կառավարության կողմից իրենց ծրագիրը մերժելուց հետո կասկածներ էր հայտնել ընտրության օբյեկտիվության շուրջ և իր հարցազրույցներից մեկում Հայաստանի իրավապահ մարմինների ուշադրությանն էր հրավիրել այս գործընթացի չպարզված հանգամանքները)։ Էկոնոմիկայի՝ արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը վստահեցրել էր՝ «Ռիդն» ընտրվել է «ազնիվ» պայքարում:

Վահան Քերոբյանը նաև չէր բացառել «Արագեյթի» գործընկեր ֆրանսիական խոշոր ընկերությունների և «Ռիդի» համագործակցությունը, անգամ նրանց կողմից «Ռիդ»-ի ծրագրի համար լեռնադահուկային հանգստավայր կառուցելը, ինչն իրենք՝ ընկերության ներկայացուցիչները, բացառել էին, սակայն այդպես էլ չէին հասկացել՝ ինչո՞ւ են իրենց մերժել, եթե հենց իրենց են ուղղորդում լեռնադահուկային հանգստավայր կառուցելու համար. Ինչպե՞ս ֆրանսիացիները հասկանան այս ֆարսը:

«Ռիդը» գործում է ռուսական «Ռուցոգ-Ինվեստ» շինարարական հոլդինգի կազմում, որի հիմնադիրը՝ նրբերշիկային գործարար Ռուբեն Գրիգորյանը, ներդրումային այլ ծրագրեր ևս «քննարկել է» Հայաստանում՝ Մանկական երկաթուղու արդիականացում, Երևանի Կոնդ թաղամասի վերակառուցում: Վերջինի մասով, թերևս, միակ կառուցված բանը դեռևս Փարաջանով Քլաբ Հաուս կոմերցիոն նախագիծն է:

Ասում են՝ Արագածի փեշերին բիզնեսներ գործարկելու այս ընկերության ընտրության հարցում իր դերակատարումն է ունեցել նախկինում ՌԴ-ում աշխատած, իսկ 2021 թվականից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:

Ի դեպ, մրցույթի մասին իր մտահոգությունները հայտնել է նաև Ռուբեն Գրիգորյանը, ու ոչ ավել, ոչ պակաս, անդրադառնալով Նարեկ Տերյանի դերակատարմանը՝ բացեիբաց դրական գնահատականներ հնչեցրել նրա հասցեին և հայտարարել. «Մարդ, որը տառացիորեն փոխեց կառավարության վերջին 4 տարիների բոլոր սխալները»:

«Ռիդ»-ը կհեռանա՞. Կառավարությունը փոշմանե՞լ է

Նախորդ տարեվերջին ռուսական մամուլը տեղեկացրեց՝ «սկանդալային» Ռուբեն Գրիգորյանը որոշել է ազատվել իր հիմնական ակտիվից. արդյո՞ք սա վկայում է հայ գործարարի ֆինանսական վիճակի մասին՝ պարզ չէ, բայց, որ հայկական մամուլում էլ սկսեցին խոսել կառավարության կողմից «Ռիդ»-ի հետ ծրագրի հնարավոր սառեցման մասին՝ արդեն իսկ կասկածի տակ է դնում այդ պրոյեկտի իրագործումը:

Տեղեկություններ կան, որ «Արագեյթ»-ի ծրագրի իրականացման դեպքում արևմտյան ֆինանսական ինստիտուտները նախատեսել են, բացի «Արագեյթ ինվեսթմենթսի» (370 մլն եվրո) ներդրումից, նաև ենթակառուցվածքների ոլորտում հսկայական ներդրումներ (150 մլն եվրո), իսկ ծրագրի մյուս փուլում կնախատեսվի կառուցել համալիր յոթ հայկական պատմական բերդերով (250 մլն եվրո):

Տեսանյութեր

Լրահոս