Արցախ վերադառնալու իրական հնարավորություն կա. Վարդան Օսկանյան

Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրատեսական է համարում արցախահայության վերադարձը, ավելին՝ կարծում է, որ այդ մասին չբարձրաձայնելը անթույլատրելի է։

«Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են»,- «Ազատության» հետ զրույցում ասել է նա։

«Ազատություն». – Դուք համակարգում եք Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անվանումով հանձնախումբը, այսինքն՝ Դուք իրատեսակա՞ն եք համարում, որ հայերի վերադարձը հիմա հնարավոր է, եթե ստանձնել եք այդ գործը։

Վարդան Օսկանյան. – Իհարկե, եթե այդպես չհամարեի, չէի ստանձնի, երկրորդը՝ անկախ ամեն ինչից, այս հարցը չբարձրացնել, չխոսելը, նույնիսկ ծայրահեղության գնամ, ասեմ՝  հանցագործություն կլինի։ Այս վերքը դեռ թարմ է, մեր հայրենակիցներն իսկապես էթնիկ զտմամբ ու սպառնալիքներով վռդնվել են ուղղակի, իրենց տներն են թողել, գերեզմանները, ունեցվածքը։ Մեր ամբողջ հայ ժողովրդի պատմական ժառանգության մի մասն է այնտեղ, և չխոսել դրանց վերադարձի մասին, այդ պահանջատիրությունը չունենալ, ես կարծում եմ, որ իսկապես մեղսունակություն է և՛ քաղաքական տեսակետից, և՛ իրավական, և՛ բարոյական տեսակետից, և՛ հայ ժողովրդի հպարտության տեսակետից։

Բոլոր առումներով այս հարցը պետք է այսօր բարձրացնել, հետապնդել, որովհետև դա նաև ռեալ խնդիր է, դրա մասին ոչ միայն մենք ենք խոսում, աշխարհն է խոսում, կա միջազգային դատարանի որոշում, Միացյալ Նահանգներն արտահայտվել է, որ պետք է վերադառնան, Եվրոպան է ասել, Ռուսաստանն է ասում, նույն ինքը՝ Ադրբեջանն է ասում, որ իրավունք ունեն գալու, չէ՞, բայց իր ընկալումը մի քիչ այլ է. միջազգային հանրությանը մի քիչ ավելին է, քան Ադրբեջանինն է։ Իսկ մեր դրած խնդիրը այդ երկուսից էլ մի քիչ ավելին է, որովհետև եթե այդ երկուսի պայմաններով այսօր արցախահայությունը վերադառնա, չէին թողի  գային էլի, որովհետև նոր բան չի առաջարկվում, այնպես որ նրանց վերադարձի համար մի քիչ ավելին է պետք, քան այն, ինչը որ կա։ Այնպես չէ, որ զրոյից ենք սկսում, վերադարձի իրավունքը կա, դիվանագիտական ճիշտ միջոցներով մենք կկարողանանք մի փոքր ավելին ստանալ, որպեսզի արցախահայությունն իսկապես ինքնավստահ զգա, որ այնտեղ իրենց գոյությունը, անվտանգությունը, ինքնության բախման խնդիրները իսկապես կարգավորված և երաշխավորված են։

Ես դրա ռեալ հնարավորությունը տեսնում եմ․ եթե հավանականության ինչ-որ մի սանդղակ դնեն, եթե Հայաստանի իշխանությունները այն, ինչը ես ձևակերպեցի, իրենց վրա վերցնեն և հետապնդեն, դրա հավանականությունը շատ մեծ կլինի, 60-70 տոկոս։ Առանց Հայաստանի իշխանությունների աջակցության, իհարկե, այդ տոկոսը շատ ավելի նվազ է՝ 50-ից ներքև է, բայց չէի ասի, որ զրո է, նույնիսկ եթե 10 է, իսկ ես կարծում եմ, որ ավելին է, ուրեմն այդ հարցը պետք է հետապնդել։

Հուսով եմ, որ Հայաստանի իշխանությունները ինչ-որ պահի իրենք էլ կզգան, որ այս հարցի բարձրացումը ոչ միայն մեր իրավունքներից է բխում, այլ նաև դիվանագիտական պահանջ է, խաղաղության պահանջն է։

Տեսանյութեր

Լրահոս