Հայաստանը կազմաքանդելու և ադրբեջանական պրոյեկտ դարձնելու քաղաքականություն է տարվում. Միքայել Մալխասյան
Արցախյան 44-օրյա պատերազմն ահռելի ծանր հետևանքներ է թողել մեր բնակչության ժողովրդագրական պատկերի վրա, որովհետև այդ պատերազմում զոհվել են հատկապես վերարտադրողական տարիքի տղամարդիկ։ Ավելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք նմանը չունեցող մահացության բարձր գործակից ունեցանք, ավելին, քան ունեցել ենք 1988 թվականի երկրաշարժի հետևանքով։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով «Ժողովրդագրական անցման արդի փուլը ՀՀ-ում» կոլեկտիվ մենագրության մեջ արծարծված թեմաների մասին, նման տեսակետ հայտնեց մենագրության հեղինակներից սոցիոլոգ Արմեն Խաչիկյանը։
Մենագրության հեղինակներից պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն էլ ուշադրություն հրավիրեց Հայաստանի համար վտանգավոր մեկ այլ երևույթի՝ օտար միգրացիոն հոսքերի վրա՝ ընդգծելով՝ մեզ նման երկրների դեպքում, որտեղ ծնելիության ցուցանիշը ցածր է, օտար միգրացիոն թափանցումները խիստ վտանգավոր են։
Հարցին՝ ինչպիսի՞ պատկեր կունենանք Հայաստանում՝ հատկապես ադրբեջանցիների բնակեցման պարագայում, Միքայել Մալխասյանը շեշտեց՝ Հայաստանի համար դա կլինի մարտահրավեր։
«Դա՝ Հայաստանը որպես պետություն կազմաքանդելու և Հայաստանն ապագա ադրբեջանական պրոյեկտ դարձնելու Ադրբեջանի ծրագիրն է։ Եթե արվում է պնդում, թե մենք ադրբեջանցիների հետ համակեցության պատմական օրինակներ ունենք, ապա ի պատասխան՝ ես՝ որպես պատմաբան, կարող եմ ասել՝ մենք փորձառություն ունեցել ենք ապրելու նրանց հետ, բայց մի պետության կազմում, որը մեր պետությունը չէր, դա Խորհրդային Միություն էր։ Անկախ Հայաստանի Հանրապետության պարագայում ադրբեջանական առկայության հետ փորձառություն մենք չունենք, Ադրբեջանն էլ չունի, որն իր պետական գաղափարախոսությամբ դա է վերահաստատում։ Ադրբեջանի ազգային պետության կերտման օրակարգում հայկական տարրի առկայություն գոյություն չունի»,- ասաց Մալխասյանը։
Շարունակելով խոսել ադրբեջանցիներին Հայաստանում բնակեցնելու վտանգների մասին՝ Արմեն Խաչիկյանը շեշտեց՝ մինչ ադրբեջանցիների հետ այս կամ այն կերպ առնչվելը պետք է հիշել՝ մենք 1990-ականներին այդ ժողովրդի հետ ունեցել ենք մեծ պատերազմ, հետո եղել է Ապրիլյանը, հետո՝ 44-օրյա պատերազմը, հետո՝ Արցախի հայաթափումն ու հանձնումը։
«Սա նշանակում է, որ յուրաքանչյուր հայ առերեսվել է ադրբեջանցիների թշնամանքին, հետևապես՝ խոսել այդ ժողովրդի հետ բարիդրացիության մասին՝ անհեթեթություն է»,- ասաց նա։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։