Ինձ համար նաև Եվրոպան է դավաճան, քանի որ ընդամենը գազի պատճառով մեր ձայները չեն լսվում. Ադամ Բարրո

Հայաստանում է ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան), ում հետ զրուցել ենք Արցախում ստեղծված իրավիճակի, սփյուռքահայության դերի մասին:

– Հայաստանի և Արցախի համար դժվար տարիներ և օրեր են, երգը, ստեղծագործությունները սպեղանի են հանդիսացել, ինչպես նաև հիմք, որ մարդիկ ոգևորվեն, առաջ շարժվեն։ Հիմա լռել են բոլորը, անգամ երգը սպեղանի չէ։ Ի՞նչ անել։

– Խոսելը, խորհուրդ տալը հեշտ է, մեր օրերում վիրավորանք հասցնելը, վիրավորվելը շատ պարզունակ է դարձել, բայց ես կարծում եմ, որ պետք է գործենք: Մենք չպետք է լռենք, պետք է շարունակենք երգել, ուժ հավաքենք, որ միասին կարողանանք այս վիճակից դուրս գալ: Ասում ենք՝ դավաճաններ կան. թույլ տվեք ասել, որ ինձ համար նաև Եվրոպան է դավաճան, քանի որ ընդամենը գազի պատճառով մեր ձայները չեն լսվում: Պետք է առաջ գնանք, միաժամանակ կարողանանք մեծ գործ անել մեր Հայրենիքի, Արցախի համար:

– Պետք է գործի լծվեն և՛ մտավորականները, և՛ դիվանագետները:

Կարդացեք նաև

– Այո։ Միշտ պետք է առաջ գնանք, մեզ չպետք է կարողանան լռեցնել:

– Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գրեցիք «Հողն է կանչում հայրենի» երգը: Բառերն այսպիսին են՝ «Եկեք ճյուղ-ճյուղ ճյուղավորվենք, առու-առու գետ դառնանք, Ջուրը հողին, ծառ ու դաշտին Ալիք-ալիք ծովանանք …»: Հայերին միշտ խանգարել է միասնական լինելը։ Ի՞նչ անել՝ միավորվելու համար:

Մենք շատ անհատական ազգ ենք: Յուրաքանչյուր անձ գանձ է, և դա է կարծես խոչընդոտ հանդիսանում. կարծում է, որ ինքն ավելի խելացի է, քան դիմացինը, և դա է պատճառը, որ շատ անգամ չենք կարողանում միավորվել՝ կարծելով, որ դիմացինը կխաբի քեզ: Պետք է հասկանանք իրար, եսը նվազեցնել, որպեսզի առաջ գնանք: Ես չեմ ուզում, որ անընդհատ սգանք: Փարիզում իմ ամեն առավոտը Հայաստանով է: Ու երբ ռեպորտաժ տեսա, որ արցախյան 44-օրյա պատերազմից հետո մայրերը կրկին զավակ են ուզում պարգևել մեր երկրին, ճիշտ համարեցի համերգ կազմակերպել Երևանում՝ օպերային արտիստների հետ, ու հասույթը տրամադրել այն նորածնին, ով մեր ապագան է:

Հարցազրույցներից մեկում նշել եք, որ եթե 3 միլիոն հայ ապրեր դրսում, այն ժամանակ կհասկանային հողի արժեքը: Այստեղ երևի Ձեզ հետ չհամաձայնեմ, որովհետև հայրենի հողում ապրելով, շենացնելով են հողի արժեքը հասկանում: Գուցե սփյուռքում ապրող հայերը վերադառնա՞ն. պահը եկել է:

Դրանով պարզապես ուզեցի ասել, որ այդպես էլ ավելի ես զգում Հայրենիքիդ գինը: Մի քանի օր առաջ հոգևոր հայրն ասում էր, որ մեր Հայրենիքի արժեքը չգիտենք, և ես կարծեցի, որ մեկ պահ Հայրենիքից զրկվելով էլ ավելի կզգաս նրա արժեքը, կկամենաս գոտեպնդվել, համախմբվել:

Եթե վերցնենք Սփյուռքում ապրող երիտասարդներին, նրանց, որոնք ծնվել են այնտեղ, իրենք կարծես չունեն Հայրենիքի, հողի զգացողությունը, շատերն անգամ հայերենին չեն տիրապետում:

– Հավանաբար մեկ-երկուսին եք տեսել, բայց քանի՞ հայ կա, որ լինելով արտերկրի քաղաքացի՝ կամք է հայտնել անպայման վերադառնալ ու զինվորագրվել մեր երկրում: Դրսում կան շատ կազմակերպություններ, որ մեր Հայրենիքի մասին են մտածում:

– Եկեղեցիներում հաճախ կատարում եք «Ավե Մարիա»-ն: Երգն այդ աղոթք է: Հաճա՞խ եք աղոթում և ինչի՞ համար:

 – Այո, հաճախ, քանի որ զգում եմ դրա կարիքը: Մենք գազանի երախում ենք, ու դա մեզ ճակատագրով է տրվել: Հիմա պետք է փորձենք դուրս գալ վիճակից և կուլ չգնալ: Ամեն օր ընտանիքից առաջ աղոթում եմ Հայրենիքիս համար, որովհետև առանց երկրի կորած ենք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս