Ի՞նչ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ նոր օրակարգը

Մինչ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում խմբագրվում են Արցախին վերաբերող բաժինները Ալիևի հատուկ հանձնարարություններով դեսպանի բանավոր պահանջից հետո, աշխատանքային այցով Բրյուսելում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա փետրվարի 13-ին մասնակցեց Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ Այս օրերը համընկան Ներքին Հանդի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կազմակերպած հերթական ռազմական սադրանքին, որն այս բանակցություններին որոշակի տոն հաղորդեց։ Սակայն ընդհանուր առմամբ և Միրզոյանը, և Բորելն իրենց հայտարարություններում արձանագրեցին հարաբերությունները խորացնելու հանձնառություն, ավելի հավակնոտ օրակարգ մշակելու և անվտանգային բանակցություններ սկսելու պատրաստակամություն։

Նախ նշենք, որ գործընկերության խորհրդի 5-րդ նիստում կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

  • Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցության, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը:
  • ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:
  • Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի Հայաստանի պատրաստակամությունը:
  • Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ:
  • ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները:

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։

Կարդացեք նաև

ԵՄ-ի կողմից ուշագրավ շեշտադրումներ էր պարունակում Բորել-Միրզոյան համատեղ հայտարարությունը։ ժոզեպ Բորելն, անդրադառնալով Ներքին Հանդի դիրքերի մոտ Ադրբեջանի իրականացրած ռազմական ողբերգական սադրանքին, արձանագրեց, որ Ադրբեջանն անհամաչափ գործողություններ է ձեռնարկել սահմանին։ «Հայաստանի կողմից ադրբեջանցի զինվորի ուղղությամբ կրակոցը ցավալի էր, բայց կարծես թե Ադրբեջանի արձագանքն էլ դրան անհամաչափ էր, այն անտեսեց Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, որ այդ միջադեպը կհետաքննվեր Հայաստանի կողմից»,- ասաց Ժոզեպ Բորելը:

Բորելի հետ ճեպազրույցում էլ Արարատ Միրզոյանը մանրամասն խոսեց բանակցային գործընթացից, վերահաստատելով՝ Երևանն ակնկալում է Բաքվի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, դելիմիտացիան էլ՝ Խորհրդային Միության վերջին քարտեզների համաձայն։ «Սա նշանակում է, որ ոչ թե նոր սահման պետք է ստեղծվի երկրների միջև, այլ Ալմա Աթայի հռչակագրով հաստատված ու հետագայում կողմերի կողմից վերահաստատված սահմանները պետք է գործեն նաև գետնի վրա»,- ասաց Միրզոյանը:

Խոսելով երկկողմ օրակարգի մասին՝ Բորելը հայտարարեց, որ Երևանի ու Բրյուսելի հարաբերություններն այս պահին ամենաուժեղն են, քան՝ երբևէ, և կողմերը հետաքրքրված են  առաջ շարժվելու ավելի հավակնոտ օրակարգով։

«Այս համատեքստում այսօր մենք որոշեցինք սկսել աշխատանքներ համագործակցության նոր, ավելի հավակնոտ օրակարգի վրա։ Այս որոշումը մեզ դրդում է երկկողմ փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում մեր հարաբերություններում հասնել ռազմավարական փուլի։ Մենք կապահովենք ավելի հստակ ճանապարհային քարտեզ ու տեսլական առաջ շարժվելու համար։ Ապագան սկսվում է այսօր»,- ասաց Ժոզեպ Բորելը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն շնորհավորեց հայկական կողմին Հռոմի ստատուտին միանալու կապակցությամբ։ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նաև շեշտեց, որ Երևանի հետ աշխատելու են Հայաստանի դիմադրողականության բարձրացման ուղղությամբ՝ խորացնելով համագործակցությունն անվտանգային ոլորտում, սակայն այլ մանրամասներ Միրզոյանը կամ Բորելը չհայտնեցին։ Բորելն ասաց, որ առաջիկա ամիսներին կսկսեն անվտանգային քաղաքականության շուրջ երկխոսություն։

Գնահատելով Երևան-Բրյուսել բանակցությունների արդյունքները, «168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը նշեց, որ առաջին անգամ եվրոպական կողմի շեշտադրումները հստակ էին, հասցեական ու պատասխանատու, ինչը խոսում է այն մասին, որ Երևանի ու Բրյուսելի միջև կա փոխըմբռնում շատ հարցերի շուրջ։

Նրա խոսքով, ԵՄ-ն առաջին անգամ գոհունակությամբ արձանագրում է Երևանի ու Բրյուսելի միջև հարաբերությունների լավ մակարդակ։

«Ինչպես տեսանք, դրան զուգահեռ՝ անդրադարձ եղավ նաև Ադրբեջանի գործողություններին քննադատական տոնայնությամբ, որին Ադրբեջանը արդեն արձագանքել է բավականին կոպիտ տոնով։ Սա, իհարկե, հնարավոր դարձավ հայ-ռուսական հարաբերությունների որակի փոփոխության և դրանից բխող մի շարք քայլերի, այդ թվում՝ Հռոմի ստատուտի վավերացման շնորհիվ։ ԵՄ-ն իր կողմից պետք է անի քայլեր, ի աջակցություն Հայաստանի, կարծում եմ՝ հասցեական հայտարարությունը Բորելի կողմից կարևոր դիտարկում էր, որն արտացոլեց տեղի ունեցած փոփոխությունը հարաբերություններում։ Ըստ իս, կարևոր էր նաև կողմերի արձանագրումը, որ անվտանգության շուրջ են սկսելու երկխոսել և ունեն հարաբերություններն էլ ավելի զարգացնելու կամք»,- ասաց Հալբախը։

Նրա խոսքով, բացի հանձնառությունները, կարևոր է, թե հարաբերություններն իրականում՝ գետնի վրա, ինչպիսի արդյունքներ կտան։

«Եթե ԵՄ-ի համար կարևոր է ազդեցության ամրապնդումը Հարավային Կովկասում՝ ի հակակշիռ Ռուսաստանի, ապա Հայաստանի համար էլ կարևոր է անվտանգությունը և ԵՄ-ի զսպող դերակատարությունը։ «ԵՄ-ն այս ռեգիոնում առաջին անգամ է նման իրավիճակում, և բավականին մարտահրավերային է, քանի որ հակամարտությունը լուծված չէ, ինչպես ցույց է տալիս իրավիճակը և գրանցվող միջադեպերը։ Եվ այստեղ է, որ ԵՄ-ն խնդիր ունի՝ ինչպես պահել իր միջնորդական դիրքերը, որը ենթադրում է մի փոքր չեզոքություն, ինչպես պահպանել Հայաստանին՝ որպես գործընկեր, և ինչպես լիովին չվատթարացնել և փակուղի չմտցնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Ուստի, կարծում եմ, որ ՀՀ-ԵՄ այս նոր նշմարվող օրակարգը լավ է, սակայն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաների փուլում հստակ չենք կարող ասել, թե սա կողմերին դեպի ուր է տանելու և ինչ է նշանակելու այս հարաբերությունների համար, որքանով է բավարարելու կողմերի ակնկալիքները»,- ասաց Հալբախը։

Ռուս վերլուծաբան Անդրեյ Արեշևը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵՄ-ն ինչ-որ կերպ պետք է «շնորհակալություն» հայտներ Հայաստանին Հռոմի ստատուտի վավերացման և մի շարք հակառուսական դիտարկվող քայլերի համար։

Ըստ նրա, ԵՄ-ն անում է հայտարարություն, դրանից մեծ ոգևորություն է առաջանում, սակայն, թե դա ինչպես է առարկայական անդրադառնում իրավիճակի վրա, հայտնի չէ։

«Տեսնում ենք, որ չնայած ԵՄ դիտորդների աղմկոտ ներկայությանը ՀՀ-ում, սահմանային միջադեպերը չեն դադարել, ԵՄ ազդեցությունն ընդլայնվում է, ներկայությունն ավելանում է, սակայն այն անվտանգային առումով ի՞նչ փոփոխություն է բերում, հայտարարությունը ինչպե՞ս է անդրադառնում ՀՀ անվտանգության վրա։ Մենք պետք է տարբերակենք հայտարարությունները և իրական, հարցեր լուծող քաղաքականությունը։ Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ իշխանությունները ոգևորությամբ զարգացնում են իրենց կապերը ԵՄ-ի հետ, դրա համար համապատասխան քայլերի դիմելով, բայց որակապես ռեգիոնալ իրավիճակը չի փոխվում, Ադրբեջանն իր օրակարգով առաջ է շարժվում, և Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ են այլ ուժեր ու կառույցներ։ Ավելին՝ կարծում եմ՝ ԵՄ նմանօրինակ դիրքավորումը բխում է Ադրբեջանի շահերից, որը հեշտությամբ կմերժի Շառլ Միշելի միջնորդական ջանքերը, և բանակցային գործընթացը կհայտնվի փակուղում կամ երկկողմ դաշտում, իր հետ բերելով բազմաթիվ սպառնալիքներ»,- նման կարծիք հայտնեց ռուս վերլուծաբանը։

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն զարգացնում է իր կապերը Արևմուտքի հետ, ռազմական կապերը այլ երկրների հետ, սակայն դրան զուգահեռ՝ չի մերժում Ռուսաստանին, որը տեսանելի դարձավ Փաշինյանի վերջին հարցազրույցի ընթացքում։ «Այսինքն՝ այս ամենը միանշանակ չէ։ Հայտարարություններից շատ ավելի կարևոր է քաղաքականությունը, ազդեցության իրական լծակները։ Եթե ՀՀ իշխանությունները համարում են, որ սա բարձրացնում է ՀՀ անվտանգության մակարդակը, դա իրենց որոշումն է, սակայն ես չեմ կարծում, թե դա այդպես է։ Իսկ եթե նայենք ավելի լայն պատկերի, ինչ է տեղի ունենում Արևելյան գործընկերության ռեգիոնում, այստեղ կա մեծ պատերազմ, մնացած բոլոր երկրներին փորձում են գցել հակառուսական ճակատում, օգտագործել Ռուսաստանի դեմ, սա է գլխավոր նպատակը փաթեթավորված ժողովրդավարության անհասկանալի ձգտումներով և համատեղ օրակարգերով»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս