«Եթե Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ավելի շատ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915թ., ես նրան սիրով հրավիրում եմ Ցեղասպանության թանգարան». Հայկ Դեմոյան

Երեկ խորհրդարանում լրագրողներն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվել էին, թե ինչո՞ւ է իշխանությունը որոշել փոխել Սահմանադրությունը, և արդյո՞ք այդ դեպքում չի նշանակում հրաժարում Հայոց ցեղասպանության պահանջատիրությունից։

«Ո՞վ է հրաժարվում Ցեղասպանությունից։ Նախ առաջինը՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպել ու մեզ պահել։ Դա մեզ դաս պետք է լինի, որ ոչ թե լացենք, այլ, որ ուժեղանանք։ Ինձ պետք չի՝ ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որպեսզի ես ուժեղ լինեմ, այդ ճանաչելը  քաղաքական առևտուր է, ու դուք դա լավ գիտեք։ Մեզ պետք է հզոր պետություն, որպեսզի կյանքում, ապագայում դա չլինի։ Հիմա դուք ասում եք՝ ճանաչի, ճանաչի ի՞նչը։ Ոչ մեկը հայ ազգի համար չի ճանաչում, երբ ինքը քաղաքական խնդիր է ունենում, այդ դեպքում է ճանաչում, եղա՞վ, սա էլ իմացեք»,- լրագրողների հարցին  ի պատասխան ասել էր Խաչատուր Սուքիասյանը։

Մասնագետները բազմիցս բարձրաձայնել են, որ ՀՀ ներկայիս իշխանությունը մոռացել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակել միջազգային հարթակներում, այնպես, ինչպես արվում էր նախկինում, և որի արդյունքում էլ բազմաթիվ երկրներ ընդունեցին Հայոց ցեղասպանությունը։

168.am-ի հետ զրույցում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ասաց՝ դեռևս 10 տարի առաջ է ասել, որ Թուրքիային զիջումներ պարտադրելու համար տարբեր երկրներ հետամուտ են լինում սեփական շահերին՝ Հայոց ցեղասպանության հարցն առաջ բերելով։

Կարդացեք նաև

«Սա նորություն չէ։ Հիմա այստեղ հարցն այն է, որ ցանկացած հարթակում՝ լինի գիտական, քարոզչական, քաղաքական, թե աշխարհաքաղաքական, հետամուտ պիտի լինել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որպեսզի տեղի չունենա դրա ժխտողականությունը։ Եթե հանկարծ տեղի ունենա ժխտողականություն, ապա կտեսնենք հանցագործության նոր դրսևորումներ ոչ միայն մեր, այլև աշխարհի մյուս ժողովուրդների դեմ։

Ինչո՞ւ ենք փորձում այնպես անել, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ունենա միջազգային ճանաչում, որովհետև ճանաչումը դա գիտական հիմնավորումն է միջազգային իրավունքի տեսանկյունից, սրա իմաստը ժխտողականության դեմ պայքարն է։ Եթե պայքարում ենք ժխտողականության դեմ, պայքարում ենք նաև, որպեսզի նման տեսակի ծանրագույն հանցագործություն տեղի չունենան»,- նշեց Հայկ Դեմոյանը։

Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորի այն արտահայտությանը, որ «աշխարհի ամենախայտառակ բանն է, որ հայերին 1915 թվականին կոտորել են, այդտեղ նաև հայերի մեղքը կա», Հայկ Դեմոյանը նախ ասաց, որ դա քաղաքական տեքստ է, որը ցանկություն չունի մեկնաբանել:

«Քաղաքական տեքստերն այս պահին ինձ համար քաղաքական օրակարգը սպասարկելու համար են, անկախ անձից։ Եթե Խաչատուր Սուքիասյանը ցանկանում է ավելի շատ իմանալ, թե ինչ է տեղի ունեցել 1915 թվականին, ես նրան սիրով հրավիրում եմ Ցեղասպանության թանգարան, կներկայացնեմ իմ պատրաստած ցուցադրությունը»,- եզրափակեց Հայկ Դեմոյանը։

Տեսանյութեր

Լրահոս