Ինձ պետք չի՝ ճանաչեն Ցեղասպանությունը, դա քաղաքական առևտուր է. Խաչատուր Սուքիասյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ իրենք ՀՀ Սահմանադրությունը փոխում են, քանի որ ապագա սերունդների համար անվտանգ երկիր են ստեղծում։

«Կարծում եմ՝ ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը պետք է դա լինի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց իշխանական պատգամավորը։

Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն Սահմանադրությունը փոխելով՝ դեմ են կանգնում պատմական արդարության վերականգնմանը, Խաչատուր Սուքիասյանը նկատեց.

«Պատմական արդարությունը պետք է իրականության հետ համապատասխան լինի, իլյուզիաներով, խնդրեմ, կարող եք ապրել։ Օրինակ, ինչո՞ւ չեք երազում, որ դուք Կոսմոսում եք, բայց դա անընդունելի բան է։ Դուք պետք է անեք այն, ինչի հնարավորությունը կա, և ամեն ժամ ու րոպե պետք է հնարավորությունը մեծացնեք, որ դուք ավելի լուրջ, կարևոր, պիտանի, մրցունակ երկիր լինեք։

Կարդացեք նաև

Մենք որևէ բան չենք ջնջում, նորից եմ ասում՝ աշխարհը զարգանում է, փոխվում, ձեր տատիկի 50 տարի առաջվա ինչ-որ բանը պիտի նայեք, դա լա՞վն էր, թե՞ դրանից ավելի լավը կա։ Բայց հարգում ես տատիկին, ասում ես՝ ես սա պահում եմ՝ որպես պատմություն, պատմություն պահեք, բայց արդեն նոր ժամանակներում։ Մրցունակ լինելու համար նոր մարտահրավերներ կան»։

Լրագրողի հարցին, թե Սահմանադրությունում ի՞նչն է համարում իլյուզիա՝ Արցախի հետ վերամիավորո՞ւմը, Խաչատուր Սուքիասյանը կրկին օրինակ բերեց՝ ասելով.

«Օրինակ, եթե դուք պատերացնեք, որ ձեր աշխատավարձը 20 անգամ կբարձրանա, իլյուզիա է, չէ՞, դրա համար ժամանակ է պետք, դրա համար դու պետք է այլ խնդիրներ լուծես, նոր դա լինի։ Մենք իրար հասկացանք՝ ինչ նկատի ունեմ, չեմ ուզում ավելորդություններ թույլ տամ, այլ բաներ ասեմ»։

Հաջորդ հարցին՝ Սահմանադրությունը փոխելը չի՞ նշանակում Հայոց ցեղասպանության հարցից հրաժարում, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց.

«Ո՞վ է հրաժարվում Ցեղասպանությունից։ Նախ առաջինը՝ ցեղասպանությունը, որն իրագործվել է, աշխարհի ամենախայտառակ բանն է, որ մեր նման ժողովրդին կարողացել են այդ աստիճան կոտորել։ Այդտեղ մեր մեղքն էլ կա, որ չենք կարողացել կազմակերպել ու մեզ պահել։ Դա մեզ դաս պետք է լինի, որ ոչ թե լացենք, այլ, որ ուժեղանանք։ Ինձ պետք չի՝ ով ինչ կճանաչի, ինձ պետք է, որպեսզի ես ուժեղ լինեմ, այդ ճանաչելը  քաղաքական առևտուր է, ու դուք դա լավ գիտեք։ Մեզ պետք է հզոր պետություն, որպեսզի կյանքում, ապագայում դա չլինի։ Հիմա դուք ասում եք՝ ճանաչի, ճանաչի ի՞նչը։ Ոչ մեկը հայ ազգի համար չի ճանաչում, երբ ինքը քաղաքական խնդիր է ունենում, այդ դեպքում է ճանաչում, եղա՞վ, սա էլ իմացեք»։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե այսօր երկրի անվտանգային համակարգն ամրացնելու համար Հայաստանն ի՞նչ դաշնակիցներ ունի, ովքե՞ր են այդ դաշնակիցները, Խաչատուր Սուքիասյանը հարցից զարմացավ, այնուհետև պատասխանեց, թե մամուլին լրագրողները չե՞ն հետևում։

«Կարծում եմ՝ պաշտպանության նախարարը, ՔՊ-ի քաղաքական մարմնից այդ մասին ասել են։ Ըստ իս, մենք այդ փուլում ենք, որ դաշնակիցներ պիտի ընտրենք, և նրանք իրական դաշնակիցներ լինեն։ Նրանց հետ մենք պետք է պարտավորություններ վերցնենք և դաշնակիցը՝ նույնպես, այդ փուլում ենք, և բավականին հետաքրքիր է»,- նշեց Խ. Սուքիասյանը։

Լրագրողի հաջորդ հարցին՝ Հայաստանը դաշնակիցների փոփոխության փուլո՞ւմ է, Խաչատուր Սուքիասյանը պատասխանեց, որ չգիտի՝ այդ գործընթացի անունը փոփոխությո՞ւն է, թե՞ դաշնակիցների առավել մեծ խումբ ձևավորել։

«Ռուսաստանի Դաշնությունն այս պահին մնում է մեզ դաշնակից, և ինչպես ՌԴ-ն, այլ երկրներ ևս կլինեն մեր դաշնակիցները, եթե նրանք դեմ չեն լինի»,- նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս