Իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա. թող պարգևավճարներ չբաժանի, հանրային տրանսպորտի սպասարկման համար վճարի. Մեսրոպ Մանուկյան
Երևանի քաղաքապետարանում շրջանառվել է միասնական տոմսային համակարգի ամբողջական ներդրման ապահովմանն ուղղված ավագանու որոշման նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացում։ Շատերը խոսում են, որ այն դառնալու է՝ 160 դրամ, ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր 300 դրամի մասին։ Եթե Երևանի ավագանին ընդունի այս որոշման նախագիծը, ապա արդեն սեպտեմբերից հանրային տրանսպորտից օգտվողները պետք է պատրաստ լինեն՝ տրանսպորտից օգտվելիս վճարել ոչ թե 100 դրամ, այլ ավելի շատ։
168.am–ի հետ զրույցում Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը նախ դեմ արտահայտվեց այս որոշման նախագծին, այնուհետև հավելեց՝ որևէ տրամաբանություն չկա հանրային տրանսպորտը թանկացնելու համար։
«Այս ամենը քաղաքային իշխանությունը բացատրում է նրանով, որ սեպտեմբերից Երևանում պիտի գործարկվի նոր շարժակազմ, այսինքն՝ նոր ավտոբուսներ են բերելու, որի սպասարկման ծախսերը թանկ են, և իրենք չեն կարողանում փոխհատուցել։ Այսինքն՝ այս ընկերությունը վնասաբեր է աշխատելու, հետևաբար՝ գումարը պիտի քաղաքացիները փոխհատուցեն։
Կոպիտ ասած՝ եթե մենք մտնենք ֆինանսական հաշվարկների մեջ, հնարավոր է՝ ընդունեք, որ 100 դրամով երթևեկելն արդարացված չէ, բայց այստեղ գալիս ենք երկրորդ հարցին՝ նման որոշում բերող ու ներկայացնողներն արդյո՞ք դրա բարոյական իրավունքն ունեն, և արդյոք այս չափի թանկացումն արդարացվա՞ծ է, թե՞ չէ»,- նշեց Մեսրոպ Մանուկյանը։
Նրա բնորոշմամբ՝ իշխանությունը շարքային քաղաքացիներին մանիպուլացնում է, երբ ասում են, որ շարքային քաղաքացին քիչ գումար է վճարելու, «անհասկանալի կերպարով մարդիկ» էլ վստահեցնում են, թե նույնն է մնալու, սակայն այս ամենն իրականության հետ որևէ աղերս չունի, քանի որ գումարի չափը միանշանակ փոխվելու է։
«Իրենք ասում են՝ եթե դու մեկ տարվա աբոնեմենտ վճարես, ավելի ցածր սակագնով կօգտվես, սակայն հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիները միանշանակ ի վիճակի չեն մեկ տարվա աբոնեմենտ վճարելու, այսինքն՝ որոշում կայացնողները գոնե պատկերացնո՞ւմ են, թե դա ինչ գումար է լինելու։
Ընդունենք՝ մեկ տարվա գումարը կազմելու է 120 կամ 130 հազար դրամ, քաղաքացին ինչպե՞ս է վճարելու։ Կամ, օրինակ, եթե քաղաքացին վերցրել է մեկ շաբաթվա աբոնեմենտ, որի արժեքն ավելի թանկ է լինում, իմ հիշելով՝ 170 դրամ է կազմելու, և այդ մեկ շաբաթվա ընթացքում քաղաքացին հիվանդանում է ու հանրային տրանսպորտից չի օգտվում, ստացվում է, որ քաղաքացին իր գումարը կորցնո՞ւմ է։ Այս ամենը քաղաքացու համար շատ մեծ բեռ է, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այսօր իշխանությունը թաթախված է կոռուպցիայի մեջ՝ մինչև ականջների ծայրը, ու լուրջ դեմքով հայտարարում է, թե պիտի թանկացնենք, որ կարողանանք սպասարկել՝ քաղաքացին մի քանի պահանջ պիտի դնի իշխանության առջև։
Նախ, քաղաքացուն պիտի հրամցնեն արժանապատիվ հանրային տրանսպորտ, այնուհետև արժեքը բարձրացնեն, քանի որ այսօր քաղաքացին կանգառներում մեկ ժամ, կես ժամ տրանսպորտի է սպասում, տրանսպորտի գալուց հետո ոչ թե ուղևորափոխադրում է իրականացվում, այլ բեռնափոխադրում։
Մի քանի անգամ հանրային տրանսպորտով գնացել եմ Նորք, մարդիկ իրար վրա պրես եղած են երթևեկում, այսինքն՝ իրենք մարդուց գումարը վերցնում են, դիմացը ոչինչ չեն տալիս՝ սա բարոյական չէ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Շարունակելով միտքը՝ Մեսրոպ Մանուկյանն ասաց՝ երբ իշխանությունն ասում է, որ հանրային տրանսպորտը թանկանում է, մոռանում է, որ հայտարարել էր, թե ծրագիր է մշակում Հայաստան էլեկտրական հանրային տրանսպորտ բերելու համար։ Իսկ այդ տրանսպորտի սպասարկումը շատ ավելի մատչելի է։
«Մենք տեսնում ենք, որ ամեն օր մի կոռուպցիոն սխեմա կամ մի թալան է բացահայտվում, հետևաբար՝ թող իշխանությունն ահռելի չափով պարգևավճարներ չբաժանի, հանրային տրանսպորտի սպասարկման համար վճարի։
Իշխանությունը չի մտածում քաղաքացու համար, նրանք ժողովրդի վրա թքած ունեն, չեն մտածում, թե քաղաքացին որտեղից պիտի վճարի։ Գուցե ես լավատես եմ, բայց կարծում եմ՝ իրենց ընդդիմադիր համարող խմբակցությունները դեմ կլինեն այս նախագծին, հակառակ դեպքում շատ մեծ բեռ են դնելու քաղաքացիների ուսերին»,- շեշտեց նա։
Ինչ վերաբերում է նախկինում մի խումբ մարդկանց կողմից իրականացված բողոքի ակցիաներին՝ ուղղված հանրային տրանսպորտը 150 դրամ դարձնելու դեմ, որոնք այսօր լռում են, Մեսրոպ Մանուկյանը հիշեցրեց, որ այդ բողոքող անձանցից մեկն էլ այսօր գործող ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն է, շեշտելով, թե իրենք իրենց բողոքը բացատրում են նրանով, որ այսօր ոչ թե գազելներն են սպասարկում, այլ ավտոբուսները՝ մոռանալով, որ նույն ավտոբուսներով մարդիկ կախվելով են երթևեկում։
«Եթե այս մարդիկ բարոյականություն ունենան, այսօր էլ պիտի դուրս գան փողոց ու բողոքեն թանկացումների դեմ, բայց բոլորս համոզվել ենք, թե նրանք ինչ կերպար ունեն»,- եզրափակեց Մեսրոպ Մանուկյանը։