Բաժիններ՝

Չունենք էներգետիկ նախարարություն, չկա հստակ էներգետիկ քաղաքականություն. Արմեն Մանվելյան

Դեռ 2022 թվականին ԵԱՏՄ-ից հայտնել էին ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկա ստեղծելու պայմանավորվածության մասին:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում օրերս Նիկոլ Փաշինյանն ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների հասնելու կոչ էր արել:

Որո՞նք են Հայաստանի հեռանկարները ԵԱՏՄ շրջանակներում՝ հատկապես էներգետիկ  բնագավառում՝ 168.am-ի հարցադրմանն ի պատասխան՝ էներգետիկ անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը չկարողացավ միանշանակ պատասխանել. ինչպես նշեց՝ պատճառը ՀՀ ներկա ռեժիմի քաղաքականությունն է:

«Նրանք վարում են ոչ ադեկվատ, ոչ Հայաստանի շահերից բխող քաղաքականություն, հետևաբար, դժվար է գնահատական տալ: Բայց երբ ստեղծվում էր ԵԱՏՄ շուկան, մեզ համար այնտեղ ամենահեռանկարային ուղղությունն էլեկտրաէներգիայի շուկան էր, որովհետև այդ շրջանում Հայաստանն ուներ էներգետիկ քաղաքականություն, և կային մշակումներ, որ ՀՀ-ն արդեն պետք է արտադրեր մի քանի անգամ ավելի շատ էներգիա, ու այն արտահաներ դեպի ԵԱՏՄ:

Կարդացեք նաև

Բայց այս ծրագրերից որևէ մեկը չի իրականացվել, որովհետև այսօր չունենք Էներգետիկ նախարարություն, չկա հստակ էներգետիկ քաղաքականություն, Հայաստանը կորցրել է էլեկտրաէներգիայի արտադրության հսկայական ռեսուրսներ Արցախում, իսկ այն ռեսուրսները, որոնք կան Հայաստանում, ներդրումներ չեն արվում, և խոսակցություններից այն կողմ՝ քայլեր չկան»,- մանրամասնեց Էներգետիկ փորձագետը:

Ըստ նրա՝ թե ԵԱՏՄ շուկան տեսականորեն շատ հեռանկարային է, այդուհանդերձ վերջին 5 տարում այդ ուղղությամբ գործնականում արված աշխատանքը թերի է:

Առհասարակ, Արմեն Մանվելյանի կարծիքով, Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող հարցերով ևս աշխատանքները տեսանելի չեն:

«2016 թվականին պայմանագիր կնքվեց, որով ծրագիր կար նաև մշակել Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման երկու ուղղություն՝ դեպի Իրան և Վրաստան: 2019 թվականին ավարտին պետք է հասցվեր դեպի Իրան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցումը, ինչը ևս մինչև հիմա չի արվել,- հավելեց նա՝ արձանագրելով,- ՀՀ էներգետիկ անվտանգությունը վատ վիճակում է, ՀՀ արտահանման ռեսուրսները չեն աշխատում, այդ առումով որևէ ներդրում չի արվել»:

Խոսելով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարբերաբար թիրախավորվող Մեծամորի ատոմակայանի մասին՝ էներգետիկ անվտանգության փորձագետն ասաց. «Իշխանությունների կողմից սրա շուրջ էլ բավականին մեծ աճպարարություն կա. խոսում են նոր ատոմակայան, մոդուլային ատոմակայան կառուցելու մասին, քննարկումներ են արվում, բայց նորից քայլեր չեն արվում: Այս մարդկանց ասածները և ռեալ արած գործերն էականորեն տարբերվում են. հետևաբար, չեմ կարծում, թե ատոմային էներգիան ՀՀ-ում այս իշխանության օրոք ինչ-որ ապագա ունի»:

Հիշեցնենք, որ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանը պետք է առաջիկա մեկուկես-երկու տարում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։

Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին) այն երկարացվել է մինչև 2026 թվականը։

Ռուսական կողմի հետ 2023թ. դեկտեմբերին կնքված նոր պայմանագրով գործող էներգաբլոկը կվերազինվի, ինչի արդյունքում դրա շահագործման ժամկետը կերկարացվի մինչև 2036 թվականը։ Մինչ այդ ժամկետի ավարտը Հայաստանը պետք է հասցնի նոր ատոմակայան կառուցել` Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքի դադարեցման արդյունքում էներգետիկ ճգնաժամի առաջ չկանգնելու համար։

Տեսանյութեր

Լրահոս