Մեր քաղաքացիները պետք է զգան ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները․ Նիկոլ Փաշինյան

Տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ունեցած ելույթում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։

«ԵԱՏՄ-ի միասնական թվային տարածքի զարգացման ինստիտուցիոնալ միջավայրն արդեն գոյություն ունի, սակայն, մեր կարծիքով, անդամ երկրների միջև տեղեկատվության փոխանակման ընդհանուր գործընթացների պատշաճ գործունեության ապահովումը, ինչպես նաև ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգից թվային հարթակի փոխգործակցության ավելի ժամանակակից և արդյունավետ մոդելի փուլային անցումը կպահանջի առանձին քննարկում և մանրամասն մշակում։ Կարծում ենք, որ տեղեկատվության ժամանակին և անխափան փոխանակումը թույլ կտա մեզ լուծել ԵԱՏՄ-ում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի ժամանակ ծագած խնդիրների զգալի մասը և առնվազն կրճատել ներքին շուկայում վարչական խոչընդոտների, բացառությունների և սահմանափակումների մեծ մասը»,- ասել է Փաշինյանը։

Փաշինյանը հավելել է՝ ակնհայտ է և միևնույն ժամանակ օրինաչափ, որ էլեկտրոնային առևտուրը շատ ավելի արագ է զարգանում, քան վերը նշված ոլորտի օրենսդրական կարգավորումը։ Նա կարծիք է հայտնել, որ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ճանապարհային քարտեզն արդյունաբերության զարգացման հավասարակշռված ծրագիր է, որը կոչված է լուծելու իրավական նորմերի կանոնակարգված համակարգի բացակայության խնդիրը։

«Էլեկտրոնային առևտրի կարգավորման իրավական մեխանիզմների պոտենցիալ հիմնական շահառուն մեր երկրների բիզնեսն է։ Բիզնեսի համար օգուտներն ու առավելությունները վերծանելու հետ մեկտեղ մեր պետությունների քաղաքացիները պետք է զգան նաև ԵԱՏՄ-ում ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի գործնական օգուտները»,- հայտարարել է Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս