Հայաստանին ընդամենը մի բան է պետք՝ ապանիկոլացում, իսկ այսօրվա պայմաններում սահմանները ոչ թե պետք է ապառազմականացնել, այլ ռազմականացնել. Սեյրան Օհանյան

Հունվարի 28-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում տեղ էր հատկացրել նաև Ադրբեջանին ուղղված առաջարկներին՝ զորքերի հայելային հետքաշում, սահմանի ապառազմականացում, սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, որից միայն վերջինն էր առաջին անգամ արվում:

Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքելու մասին Փաշինյանն առաջին անգամ խոսել էր մոտ մեկ ամիս առաջ Գավառ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ, ապառազմականացման մասին Ադրբեջանին առաջարկ փոխանցվել է դեռ 2022-ին, իսկ զորքերի հայելային հետքաշման մասին 44-օրյա պատերազմից հետո բազմիցս է խոսվել:

168.am«Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հարցազրույցում փորձել է հասկանալ՝ ի՞նչ ռիսկեր ու վտանգներ է պարունակում Նիկոլ Փաշինյանի այս առաջարկները, և, առհասարակ, այս իշխանությունների անվտանգային ու բանակին առնչվող քաղաքականությունը:

– Ադրբեջանին Նիկոլ Փաշինյանի արած առաջարկները նրանց հետ հարաբերությունների կարգավորման և ՀՀ իշխանությունների կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգի շրջանակում է՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիր, խաղաղության պայմանագիր: Բայց խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, իսկ ընթացքը ցույց է տալիս, որ խաղաղության օրակարգ Հայաստանին արտաքին աշխարհից ցանկանում են պարտադրել միակողմանի, առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը: Բոլորն են ցանկանում խաղաղություն՝ և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունները, և՛, առավելևս, զինվորականները, որոնք առաջինն են տուժելու պատերազմից: Սակայն խաղաղության գնալու համար երաշխիքներ են պետք, դա առաջին հերթին բոլոր ոլորտներում ՀՀ ամրությունն է՝ բանակ, պաշտպանություն, ինժեներական աշխատանքներ, տնտեսություն, խելացի արտաքին քաղաքականություն, հմուտ վարվող բանակցություններ: Եթե սա համալիր կերպով չունենք, ապա խաղաղության օրակարգն իրենից վտանգ է ներկայացնում:

Կարդացեք նաև

Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը մերժում է Նիկոլ Փաշինյանի բոլոր առաջարկները՝ և՛ ապառազմականացման, և՛ զորքի հայելային հետքաշման, և՛ ՀՀ տարածքներից դուրս գալու: Եվ հիմա գնալ խաղաղության այս պայմաններում, երբ նաև որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը քո հայրենիքի մի մասի՝ Արցախի ժողովրդին է տեղահանել, ցեղասպանություն իրականացրել… Ուստի, եթե գնում ես խաղաղության, այն պետք է լինի արժանապատիվ: Նիկոլ Փաշինյանը, օրինակ, առաջարկում է Ադրբեջանին սպառազինությունների վերահսկման երկկողմ պայմանագիր կնքել, ինքը չգիտի, որ գոյություն ունի Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիր, կամ վերահսկման համակարգ գոյություն ունի, որին հակամարտություններ ունեցող տարաշաշրջաններում ոչ մեկը չի հետևում։ Նույն ինքը՝ Ադրբեջանը, չի հետևում, նա անընդհատ գնում է սպառազինման, բայց, մյուս կողմից՝ դժգոհում է, թե ինչու է Հայաստանը նոր սպառազինություն ձեռք բերում: Եվ այս իրավիճակում ՀՀ իշխանություններն ասում են՝ բերեք ապառազմականացնենք սահմանը: Այս պարագայում ես պետք է ասեմ, որ սահմանները ոչ թե պետք է ապառազմականացնել, այլ ընդհակառակը՝ ռազմականացնել: Մեր Հայաստանին ընդամենը մի բան է պետք՝ ապանիկոլացում: Եթե ապանիկոլացում լինի, ապա կլինի անվտանգություն և ամեն ինչ:

– Այն, որ Փաշինյանի առաջարկած զորքերի հետքաշումը ՀՀ-ին ռազմական և ռազմավարական առումով ձեռնտու չէ, քանի որ այս պահին որոշ ուղղություններում ադրբեջանական դիրքերի նկատմամբ ռազմավարական առումով առավելություն ունեցող դիրքեր ունենք, իսկ Ադրբեջանին զորքերի հետքաշումը ձեռնտու չէ, որովհետև 2021-2022 թվականներին կարողացել են վերցնել ՀՀ կարևորագույն բարձունքները և վախենում են դրանք կորցնե՞լ:

– Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հասել է հաջողության, և այն, ինչ ցանկանում է ստանալ Հայաստանից, պահանջում և ստանում է: Ամենամեծը, որ նա ստացել է՝ հաղթանակ 44-օրյա պատերազմում, և դրա արդյունքում՝ հետո Արցախի հայաթափում, ու ներկայում էլ գտնվում է ՀՀ ռազմավարական բարձունքներում, ու հիմա կապ է ուզում ստանալ՝ «Զանգեզուրի միջանցքը», որն անվտանգության երաշխիք է և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար՝ աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Եվ այս ձեռքբերումներից հետո ինչո՞ւ պիտի դուրս գա, զորք հետ քաշի, և այս ամենը սահմանների ճշգրտման հիմք է հանդիսանալու:

Այսինքն, դելիմիտացիայի ու դեմարկացիայի համար յուրաքանչյուր կտոր հող բանակցությունների հիմք է դառնալու, իսկ բանակցություններում ամեն մի ձեռքբերում ցանկացած երկիր փորձում է ի շահ իրեն օգտագործել: Դրա համար, կրկնում եմ, Ադրբեջանը չի ցանկանալու դուրս գալ, իսկ մեր խնդիրը պետք է լինի մեր տարածքային ամբողջականության ապահովումը:

– ՀՀ տարածքային ամբողջականությունը վաղուց խախտված է, իսկ ՀՀ զինված ուժերի սահմանադրական պարտականությունն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը: Հիմա Նիկոլ Փաշինյանը բանակին պարտադրում է իր խաղաղության օրակարգը, որը բախվում է նրանց սահմանադրական պարտականության հետ: Այս պարագայում ի՞նչ պետք է անի ՀՀ զինված ուժերը, մենք շատ հաճախ մեղադրական սլաքն ուղղում ենք զինվորականությանը:

– Հիմնական որոշումներ ընդունողը քաղաքական ղեկավարությունն է, որը պիտի լինի ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում, այսինքն, նաև ռազմական որոշումներ ընդունելն է իրենց խնդիրը: Իսկ զինված ուժերի պարտականությունը զորքը միշտ մարտունակ պահելն է, ունենալ ԶՈւ համապատասխան կիրառման պլան, պատրաստ լինել դրա շրջանակում խնդիրների կատարմանը: Զինված ուժերում համալրման հարցն անընդհատ պիտի ուշադրության կենտրոնում լինի, մշտապես համալրվի համապատասխան անձնակազմով, ժամանակակից սպառազինությամբ, ամեն օր պիտի զինվորի ու ստորաբաժանումների մարտական պատրաստվածության ամրապնդման խնդրով զբաղվեն, անցկացվեն մարտավարական ու հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի ընթացքում կստուգվի հրամանատարական կազմի պատրաստվածությունը, մարտական խնդիրներ կատարելու ունակությունը և այլն:

Եվ ամենակարևորը՝ մարտական հերթապահության ժամանակ մշտադիտարկում և ռազմաքաղաքական իրավիճակի վերլուծություն պիտի մշտապես իրականացվի, որպեսզի ցանկացած պարագայում զինված ուժերն ունակ լինի ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ գործողությունների:

– Պաշտպանական համակարգի պատասխանատուները, ղեկավարներն ասում են, որ ատեստացիոն գործընթացի միջոցով զինված ուժերն ապահովում են որակյալ կադրերով, «զտում» են իրականացնում, ձեռք են բերում ժամանակակից սպառազինություն, դիվերսիֆիկացիայի են գնում՝ Հնդկաստանից ու Ֆրանսիայից զենք առնելով: Կարճ ասած՝ պրոֆեսիոնալ բանակ են ստեղծում:

– Պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը չի լինում խոսքերով, դա ենթադրում է լուրջ ուսումնասիրություն և համապատասխան գլոբալ համակարգի ձևավորում, որի հիմքում իր խնդիրներին տիրապետող բանակ ենք ունենում՝ համալրված գրագետ անձնակազմով՝ պայմանագրային և ժամկետային, զինված ժամանակակից սպառազինությամբ: Ընդ որում, ժամանակակից սպառազինության գնումը չի ենթադրում միայն այն հասցնել տեղ, այն պետք է կարողանաս յուրացնել, ներդաշնակեցնել այն համակարգին, որն առկա է քո զինված ուժերում, և այն պետք է համարժեք լինի քո առջև առկա մարտահրավերներին: Ինչ վերաբերում է սպառազինության ձեռքբերմանը, դիվերսիֆիկացիային, նախկինում բանակում որևիցե մեկը չի պարտադրել սպառազինություն գնել միայն ՀԱՊԿ-ից կամ Ռուսաստանից: Ըստ հնարավորության և ըստ ծավալների՝ որտեղից կարողացել ենք, մենք ձեռք ենք բերել, ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ համապատասխան ցածր գներով, իսկ ՌԴ-ից հնարավորություն ենք ունեցել և՛ ցածր գներով, և՛ ձրի սպառազինություն ստանալ: Իմ ղեկավարման տարիներին 1500 ինքնաթիռաչվերթ սպառազինություն ենք բերել:

Այսինքն, դիվերսիֆիկացիան նորություն չէ, իսկ կարևորը, կրկնում եմ, պատրաստված անձնակազմի առկայությունն է և այդ տեխնիկայի ներդաշնակեցումը գոյություն ունեցող համակարգին:

Հիմա անցնենք ատեստացիային: ՀՀ իշխանությունները բանակի նկատմամբ քաղաքականությունը հիմնականում նյութականացնում են և իջեցնում կենցաղային մակարդակի: Ատեստացիոն համակարգը ՀՀ ԶՈՒ-երում գոյություն ունեցել է, և դրա շրջանակներում զինծառայողները, սպաներն անցել են ատեստացիա, և որոշվել է՝

– նրանց համապատասխանությունը պաշտոնին,

– չի համապատասխանում պաշտոնին,

  • արժանի է առաջխաղացման,
  • համապատասխանում է պաշտոնին, բայց արժանի է հավասարազոր այլ պաշտոնի:

Եվ զինված ուժերում գոյություն է ունեցել նաև դրամական բավարարման համակարգ՝ հիմնական դրամական բավարարում և հավելավճարներ՝ հաշվի առնելով զինծառայության աշխարհագրական դիրքը, հատուկ պայմանները, ինչ-ինչ գործողություներ կատարելը, քիմիական վնասակար նյութերի հետ աշխատանքը և այլն: Բայց նաև գոյություն են ունեցել դասային որակավորման աստիճաններ:

Բայց այսպիսի ատեստավորում, որը միայն դրամական բավարարման է տանում, դեմ եմ, որովհետև նախ՝ այն ստեղծում է անհավասար պայմաններ, երկրորդ՝ կոռուպցիայի հիմք է հանդիսանում, երրորդ՝ համալրման խնդիրներ է առաջացնում, քանի որ ոչ բոլորն են կարողանում բավարարել դրված պահանջները, հատկապես, երբ բանակի զգալի մասը խրամատներում է և իր առջև դրված խնդիրը պատշաճ կերպով իրականացնում է, բայց այնտեղ նախապատրաստվելու հնարավորություն, պայմաններ չկան: Մինչդեռ այդ մարդիկ մարտական գործողողությունների ժամանակ նորմալ գործում են:

Անհավասար պայմաններ է ստեղծում այս ատեստացիոն համակարգը նաև, որովհետև հրամանատարական պաշտոնների յուրաքանչյուր սպա պետք է աշխատավարձ ստանա ոչ թե իր, այլև իր ստորաբաժանման մարտական պատրաստվածության ու պատրաստակամության համար: Իսկ խնդիր կատարելու դեպքում և՛ դասակը, և՛ վաշտը հավասարազոր պատրաստություն պիտի ունենա, որ իրենց առջև դրված խնդիրը կատարեն: Եվ, ի վերջո, քանի որ զինված ուժերը համալրման խնդիր ունի, գալու է մի ժամանակ, որ զբաղվելու են աչքակապությամբ և ասելու են՝ դե լավ, գնահատական դրեք, քանի որ չենք կարողանում համալրել, որ գոնե աշխատավարձ ստանան:

Սրանք այն բոլոր խնդիրներն են, որ այս իշխանությունների առաջարկած ատեստացիոն համակարգում գոյություն ունեն: Իսկ մեր առաջարկը հետևյալն է եղել՝ ուսումնասիրություն կատարել դրամական բավարարման և հավելավճարների ամբողջ համակարգում, բազային աշխատավարձը բարձրացնել միջին այնպիսի աստիճանի, որ զինծառայողները, պայմանագրայինները կարողանան իրենց սոցիալական խնդիրները լուծել, և դա նաև գրավիչ լինի զինվորականի մասնագիտությունն ընտրելու համար: Ատեստացիոն համակարգը պիտի լինի մասնագիտական պատրաստության, ծառայության պայմանների բարելավման, ծառայողական աճ գրանցելու մղումներից և հայրենասիրությունից դրդված, և ոչ թե միայն բարձր աշխատավարձ ստանալու: Ինչ վերաբերում է դրամական բավարարմանը, մենք առաջարկել ենք դասային որակավորման աստիճան սահմանել, նրանց նկատմամբ խստություն և պահանջկոտություն դրսևորել, և այդ տարբերությունների գումարային աստիճանը բարձրացնել:

Ես ոչ մի բանակում ատեստացիայի այսպիսի համակարգ չեմ տեսել, երբ այն միայն դրամական բավարարում է ենթադրում, ինչը բերելու է զինված ուժերից արտահոսքի:

– Գեներալներին շարայինը ի՞նչ է տալիս: Մասնագիտական բացատրություն, ըստ էության, պաշտպանական համակարգի ղեկավարությունից չեմ լսել, բացատրությունները զուտ էմոցիոնալ ֆոնում են` զինվորը կամ ենթական տեսնելու է, որ իր հրամանատարը, վերադասը իրեն հավասար պայմաններում ատեստացիայի է ենթարկվում, ինքը ոգևորվելու է:

– Հրամանատարի անձնական օրինակը հաշվի առնելը նորություն չէ, և այն ունենում է իր դրական կամ բացասական ազդեցությունը: Եվ հրամանատարի անձնական օրինակի հաշվին է, որ առաջին պատերազմում հասել ենք հաջողությունների: Եվ հետո այն, ինչ իրենք անում են, ԶՈՒ-երում պատրաստության համակարգի շրջանակներում եղել է, ստորաբաժանումների պատրաստությունը ևս ստուգվել է որոշակի ժամանակահատվածը մեկ, հրամանատարների կարողությունների ստուգումներ են եղել, և այդ բոլոր տվյալներն ի մի բերելով, ատեստացիոն եզրակացություն է կատարվել տվյալ հրամանատարի և ստորաբաժանման կարողությունների վերաբերյալ: Ինչ վերաբերում է առարկաներին, իհարկե, գեներալն էլ պիտի շարային պատրաստություն անցնի, բայց դա էլ նոր բան չէ:

Մյուս կողմից, հրամանատարները գտնվում են տարբեր մակարդակների պաշտոններում, տարբեր մակարդակի ու խնդիրների օղակներում, և նրանց կարողությունների մակարդակը պետք է արտահայտվի կամ ցուցիչ լինի ըստ այդմ:

Օրինակ, օպերատիվ-մարտավարական մակարդակում օպերատիվ պատրաստության, ռազմավարական մակարդակում պետք է ցուցիչ լինեն ռազմավարական ունակությունները և այլն: Այսինքն, հիմնական գնահատականը շարայինը չպիտի լինի, այլ նրանց ունակությունները համապատասխան օպերացիաներում և խնդիրների կատարման համատեքստում: Եթե գեներալը ստացել է բավարար կամ լավ գնահատական ատեստացիայի ժամանակ, բայց ես գնամ մի հատ հրամանատարաշտաբային զորավարժություն անցկացնեմ ու ստուգեմ՝ ինչ մակարդակի է ինքն անցկացնելու, ոչ բավարարի դեպքում ո՞վ է պատասխան տալու:

Կամ՝ վաղը բարձր աշխատավարձ ստացածները, որոնք միայն իրենց անհատական պատրաստության համար են ստացել դա, սակայն նրանց ստորաբաժանումները ցածր մակարդակի են և մարտական գործողությունների ժամանակ իրենց խնդիրը չեն կարողանալու կատարել, հետ են նահանջելու, այդ նույն բարձր գնահատական ստացած անձնավորությունը փախուստի է դիմելու, ո՞վ է դրա համար պատասխանատու: Իսկ մյուսը, ով որ հղկված է դիրքերում, մարտական խնդիրը կատարել ու հերոսացել է:

– Կառավարման ո՞ր մոդելն է ձեռնտու զինված ուժերի համար, վերջերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հարցազրույցներից մեկում պնդում էր, որ պետք է անցնել նախագահական կառավարման մոդելի, ավելին, պաշտպանական համակարգը պետք է ղեկավարի զինվորական նախարարը:

– Այսօր պաշտպանության նախարարը քաղաքական պաշտոն է, և պատասխանատու է պաշտպանական քաղաքականության և ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, զինված ուժերի կադրային քաղաքականության և համակողմանի նյութատեխնիկական և ֆինանսական ապահովման համար, զորային կառույցի ղեկավարը ԳՇ պետն է, եթե ամեն մեկն իր խնդիրը կատարում է, ես խնդիր չեմ տեսնում այստեղ:

Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա ամենակարևորը մեզ համար կիսանախագահական մոդելն է եղել, որովհետև չկայացած ընտրական և կուսակցական համակարգ ունեցող երկրներում խորհրդարանական կառավարումը չափազանց վնասակար է, ինչը տեղի ունեցավ մեզ մոտ:

Տեսեք, թե որքան արագ են փոփոխվում քաղաքական էլիտաները, իշխանությունները, իսկ մեզ նման երկրում, երկարաժամկետ կառավարում է պետք, արագ փոփոխոթյունները լավ բանի չեն բերում:

– ԳՇ պետը պիտի՞ լինի ՊՆ տեղակալ, հակասություն կա Սահմանադրության հետ, որով ԳՇ պետը սահմանադրական պաշտոն է և ամենաբարձր ռազմական պաշտոնյան է համարվում:

– Մեր ժամանակ չի եղել, և գտնում եմ, որ չպետք է լինի:

Տեսանյութեր

Լրահոս