Զախարովան ՆԱՏՕ-ի հետ մերձենալ ցանկացողներին խորհուրդ է տալիս նայել ՀՀ քարտեզին և մտածել հետևանքների մասին

«Պետք է մտածել, թե որքանով է դա անվտանգ»,- այս մասին ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի՝ Երևանի վերաբերյալ արտաքին քաղաքական դիտարկումներին։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյան «Արմենպրես»-ին տված հարցազրույցում խոսել էր ոչ միայն Երևան-Բաքու գործընթացի մասին, այլև ոգևորություն էր հայտնել ՀՀ արտաքին քաղաքական որոշումների վերաբերյալ։

Կոլոմինան իր վերջերս կատարած այցը Երևան «լավ ու շատ էական» էր համարել՝ շեշտելով՝ շատ գոհ են Հայաստանի հետ այսօր ունեցած երկկողմ հարաբերություններից։

«Մեզ շատ ոգևորում են նաև այն որոշումները, որոնք Հայաստանն ընդունել է արտաքին և պաշտպանական քաղաքականության մեջ, այն տեղաշարժը, որը նրանք որոշել են իրականացնել։ Ես գիտեմ, որ դա դժվար իրագործելի որոշում է, և, հավանաբար, դրա իրագործումը երկար ժամանակ կպահանջի, բայց մենք, իհարկե, խրախուսում ենք մեր գործընկերներին մերձենալ մեզ հետ, և դա այն է, ինչ անում է Հայաստանը»,- ասել էր ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Կարդացեք նաև

Զախարովան ասաց, որ եթե ինչ-որ մեկը ցանկանում է մերձենալ, ապա պետք է հասկանալ, թե որքանով է այն անվտանգ ու ինչպիսի հետևանքների այն կարող է հանգեցնել։

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչի է հանգեցնում ՆԱՏՕ-ի և շատ երկրների մտերմությունը՝ հակամարտություններ, անկախության և ինքնիշխանության կորուստ, սեփական ազգային շահերի իրացման հնարավորության բացակայություն»,- ընդգծեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա հռետորական հարց ուղղեց, թե ինչպիսի՞ն են ՀՀ ազգային շահերը։

«Գուցե դա է պետք վերլուծել։ Երևի թե պետք է բացել քարտեզը, նայել, թե որ տարածաշրջանում, ինչ հարևանների շրջանում է գտնվում տվյալ երկիրը, պետք է կարդան պատմության դասագրքերը հատկապես նրանք, ովքեր արտահայտվում են այդ մտերմության օգտին, թեև խոսքն ինքնիշխան երկրների մասին է, իրենք կարող են որոշել, բայց այդ մտերմությունը ենթադրում է հարաբերությունների խզում տարածաշրջանի երկրների, հարևանների հետ։ Սա պետք է հասկանալ և այն, թե որն է հենց Հայաստանի ազգային շահը, ինչն է շահավետ, ինչն է բերում կարճաժամկետ, ինչը՝ միջնաժամկետ, և ինչը՝ երկարաժամկետ օգուտ։ Սրանից է պետք ելնել, այլ ոչ թե խոստումներից»,- ասաց Զախարովան՝ հավելելով, որ Արևմուտքում բոլորին են խոստանում։

«Իսկ ինձ պարզապես հետաքրքիր է, թե որտե՞ղ, ի՞նչ են իրականացրել: Երբ պետք է կաշառել չինովնիկներին, դրա համար նրանք ունեն միջոցներ, իսկ երբ պետք է ստեղծել բազա տնտեսության զարգացման համար, ապա, չգիտես՝ ինչու, երբեք խոստացածը չի իրականացվում»,- ասաց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս