Շվեդ պատգամավորը մտահոգիչ է համարում Շվեդիայի կառավարության համագործակցությունն Ալիևի ռեժիմի հետ կապեր ունեցող հետազոտական ինստիտուտի հետ

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 1,2 միլիոն շվեդական կրոնով (մոտ 110,000 եվրո) ավելացրել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ կապեր ունեցող Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) ֆինանսավորումը՝ Հարավային Կովկասում խորհրդատվական ու վերլուծական աշխատանքների համար:

Ի՞նչը կարող է ստիպել Շվեդիայի ԱԳՆ-ին փոխել իր տեսակետը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ այս մասին գրել է շվեդական Blankspot կայքը, որը դեռևս 2021 թվականի գարնանը ուշադրություն էր հրավիրել Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության հետազոտման ինստիտուտի կապերի մասին Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ։

Ըստ Blankspot-ի տեղեկությունների՝ շվեդական գիտահետազոտական կազմակերպությունը գումարներ է ստացել ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններից, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding» շինարարական ընկերությունից։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը, ով արդեն երկրորդ անգամ է նույն մտահոգությամբ հարցում հղում Շվեդիայի արտաքին գործերի նախարարին, նշել է, որ ISDP-ը բավականին լավ է աշխատում, երբ խոսքը գնում է Ասիայի և Թայվանի մասին, բայց երբ խոսվում է Հարավային Կովկասի մասին, անընդունելի է, որ նրանք աշխատեն ադրբեջանական ռեժիմի հետ և փող վերցնեն նրանցից: «Ես, անշուշտ, շարունակում եմ ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, երբ խոսքը վերաբերում է այս հարցին: Շվեդիայի կառավարության համար շատ պարզ է, որ Հայաստանը կարևոր է, հատկապես հիմա, երբ այդ երկիրն ընդգրկվում է եվրոպական ընտանիքում։ Շվեդիայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանին օգնելու համար։ Հետևաբար, սա շատ հակասական մոտեցում է», – նշել է շվեդ պատգամավորը։

Սյոդերը օրեր առաջ հարցում էր ուղարկել Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս խնդրահարույց չի՞ համարում ISDP-ի կապերն Ադրբեջանի հետ, և արդյոք հատուկ միջոցներ կձեռնարկվեն՝ կապված այն ամենի հետ, ինչ լրատվամիջոցները գրում են այդ կապերի մասին:

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է, որ իրենց դիրքորոշումը նախորդ նմանատիպ հարցումներից ի վեր չի փոխվել, և արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է աշխարհի մի շարք վերլուծական կենտրոնների և ինստիտուտների հետ։ «Այս համագործակցությունները կարևոր են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մեր ըմբռնման և տարբեր երկրների մասին շվեդական գիտելիքների բազայի ստեղծմանը նպաստելու համար: Պետության ներկայացուցիչների հետ շփումները հաճախ նախապայման են, որպեսզի այն վերլուծական կենտրոններն ու ինստիտուտները, որոնց աջակցում է արտաքին գործերի նախարարությունը, կարողանան իրականացնել իրենց գործունեությունը։ Այն երկրներում, որոնք ժողովրդավարական չեն, հատկապես կարևոր է, որ նման շփումները տեղի ունենան անկախ և անաչառ ձևով: Արտաքին գործերի նախարարությունը շարունակական երկխոսություն է վարում աջակցություն ստացող կազմակերպությունների հետ։ Արտաքին գործերի նախարարությունը նաև շարունակաբար վերանայում է համագործակցության տարբեր կազմակերպությունների ֆինանսավորումը։ Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտն այն ինստիտուտներից է, որի հետ արտաքին գործերի նախարարությունը երկարաժամկետ և վստահելի համագործակցություն ունի։ Ներկայում համագործակցությունը վերանայելու պլաններ չկան», – ասել է արտգործնախարար Բիլստրյոմը։

Հարցման հեղինակ պատգամավորն ընդգծում է՝ արտգործնախարարի պատասխանը որևէ կերպ չի տարբերվում թեմայի վերաբերյալ նախորդ նախարարների պատասխաններից, և սա մտահոգության տեղիք է տալիս։ «Կարծեք թե, նախարարը չի գիտակցում ինստիտուտի ներկայացուցիչների գործունեության հետևանքների լրջությունը։ Բայց, երբ հարցը վերաբերվի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, որի մասին ևս հարցում եմ հղել, ըստ նախարարի՝ Շվեդիան կգործի ԵՄ-ին համահունչ և կսատարի ԵՄ ցանկացած նախաձեռնության այդ ուղղությամբ», – ասել է շվեդ պատգամավորը։

Լիլիթ Գասպարյան

Տեսանյութեր

Լրահոս