
Ուզում են սարքել երկիր, որ չունենա հիշողություն, պահանջ, երկիր, որ Հայաստան չեն կարող կոչել. Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը Նիկոլ Փաշինյանի կողմից դեպի Սահմանադրություն, հանրապետություն, Հայոց պատմություն, Հայոց Զինանշան պարբերական «գրոհները» պատահական չի համարում:
«Նիկոլ Փաշինյանի առաքելությունն է. ինքը խոստացավ այս քաղաքականությունը տանել, որպեսզի Արցախը փոխանցվի Ադրբեջանին, որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններ մեկնարկեն, որպեսզի Հայաստանի արմատներն ու հիշողությունը վերացնեն,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մուրադ Փափազյանը՝ համոզում հայտնելով, որ այս իշխանություններն ուզում են սարքել բոլորովին ուրիշ երկիր, որը չունենա հիշողություն, պահանջ, ազգային պատկեր,- Երկիր, որը բոլորովին բաց կլինի Ադրբեջանի և Թուրքիայի տնտեսական ներդրումների առջև, որն իրականության մեջ արդեն Հայաստան չեն կարող կոչել: Երկիր, որտեղ թեև 2 միլիոնից ավելի հայեր կլինեն, բայց այն այլևս Հայաստան չի լինի»:
Սփյուռքահայ գործիչը ցավով արձանագրեց, որ Փաշինյանի այս ծրագիրը նաև շարունակում է ճեղքել Հայաստան-Սփյուռք կապերը, ու շարունակվելու պարագայում՝ Սփյուռքն այլև Հայաստանը չի տեսնի իբրև իր հայրենիք:
«եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի, ապա կկարողանա բոլորովին կտրել ազգի գաղափարը, հայ ազգի գաղափարը, որը մենք երկար տարիներ փորձում ենք ամրապնդել՝ մեկ ազգ, մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք լոզունգով:
Արդեն եկեղեցու, բանակի ու Սփյուռքի և ընդդիմության դեմ իր արշավն այդ նպատակն ունի»,- հավելեց նա:
Ընդդիմության մասին իր դիտարկման առնչությամբ Մուրադ Փափազյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գուրգուրեր ընդդիմությունը, որովհետև միայն ընդդիմություններով են ունենում ժողովրդավարական երկիր:
«Այսօր իրականությունն այն է, որ այս երկիրը լուրջ փոփոխությունների առջև է, եթե չկանգնեցնեն այդ երևույթը»,- ասաց ՀՅԴ բյուրոյի անդամը՝ այս իրավիճակը կանգնեցնելու ներուժ տեսնելով ակնհայտ վտանգները գիտակցող ժողովրդի ընդվզումը: