Բաժիններ՝

ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատիժ են իրականացրել մաքուր ազոտի միջոցով

ԱՄՆ Ալաբամա նահանգը հունվարի 25-ին առաջին անգամ մահապատիժ է իրագործել մաքուր ազոտի միջոցով։ Մահապատիժն իրականացվել է 58-ամյա Քենեթ Սմիթի նկատմամբ, որը 1988 թ․ դատապարտվել էր հոգևոր հովվի կնոջ պատվիրված սպանության համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

2022 թ․ նոյեմբերին Ալաբամայի իշխանություններն արդեն մեկ անգամ փորձել էին Սմիթին մահապատժի ենթարկել ներարկման միջոցով, սակայն մահապատիժն իրագործողներին մի քանի ժամ շարունակ չէր հաջողվել ներերակային ներարկում կատարել։

Ալաբամա նահանգը հայտնել էր, որ այս նոր մեթոդն անցավ և արագ մեթոդ է, և Սմիթը կկորցներ գիտակցությունը մեկ րոպեից պակաս ժամանակամիջոցում, սակայն ականատեսները հայտնել են, որ դա տևել է մի քանի րոպե։ Ընդհանուր առմամբ, մահապատժի գործընթացը սկսվել է տեղի ժամանակով ժամը 19։53-ին, իսկ Սմիթի մահն արձանագրվել է ժամը 20։25-ին։

Սմիթի փաստաբանները փորձել էին բողոքարկել նման մեթոդով մահապատժի վճիռը՝ պատճառաբանելով, որ դա դաժան և արտասովոր պատիժ է։

ԱՄՆ-ում միայն երեք նահանգ՝ Ալաբաման, Օկլահոման և Միսիսիպին են թույլատրում ազոտային հիպոքսիայի կիրառումը՝ որպես մահապատժի այլընտրանքային մեթոդ, քանի որ մահացու ներարկումներում օգտագործվող դեղամիջոցներն ավելի դժվար է գտնել։

Քենեթ Սմիթը դատապարտվել է 45-ամյա Էլիզաբեթ Սենեթի սպանության համար։ Նրա հանցակիցը մահապատժի էր ենթարկվել 2010 թվականին։ Սպանությունը պատվիրել էր Սենեթի ամուսինը՝ դրա համար վճարելով 1000-ական ԱՄՆ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս