«Այս իշխանությունների համար Ալիևը կարծես թե իրենց հայրը լինի… Սահմանադրությունը փոխելը ծնողադավության նման մի բան է». Պարույր Հայրիկյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ Ադրբեջանը խնդիրներ է տեսնում Հայաստանի Անկախության հռչակագրի մեջ։
«Բարձրաձայն էլ իրենք այդ մասին ասել են, այո, իրենք համարել են, որ դա խնդիր է, և իրավական հարցեր են ներկայացրել։ Մենք էլ համապատասխանաբար նույն կերպ խնդրահարույց ենք համարել իրենց մոտ ձևակերպումները»,- ասել էր Արարատ Միրզոյանը։
Ընդամենը մի քանի օր առաջ, Արդարադատության նախարարությունում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել Սահմանադրությունը, այլ՝ բոլորովին նորն ընդունել: Ըստ ներկայացված հիմնավորման՝ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»: Մի շարք իրավաբանների ու փորձագետների համար ակնհայտ էր, որ խոսքը վերաբերում է Սահմանադրության նախաբանի փոփոխությանը, որտեղ հղում է կատարված ՀՀ Անկախության հռչակագրին:
Հարկ է հիշեցնել նաև, որ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ ներկայացրել էր Ադրբեջանի նախագահը 44-օրյա պատերազմից հետո:
Իսկ դեռևս 2020 թվականի օգոստոսի 23-ին՝ Անխախության հռչակագրի ընդունման օրը, երբ Արարատ Միրզոյանն ԱԺ նախագահ էր, շնորհավորական իր ուղերձում արձանագրել էր, որ «Հայաստանի անկախության հռչակագիրը համայն հայության համազգային իղձերի լավագույն արտահայտումն է, որը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության հասարակաքաղաքական հարաբերությունները արտահայտող ամենադիպուկ փաստաթուղթը»։
Այդուհանդերձ, ի՞նչ է սպասվում Սահմանադրությանն ու Անկախության հռչակագրին, Հայաստանի իշխանությունները կարո՞ղ են հակադարձել ադրբեջանական պահանջներին՝ Անկախության հռչակագրի համար։
168.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանն այս հարցերին ի պատասխան ասաց, որ որևէ իշխանություն չի կարող փոխել Անկախության հռչակագիրը, այն ընդունված փաստաթուղթ է։
«Սակայն իշխանությունը կարող է դուրս թողնել Սահմանադրությունից, այսինքն՝ մեր երկրում գործող հիմնական օրենք չլինել։ Նոր Սահմանադրություն ունենալու գաղափարի հիմքում երևի հենց այս նպատակադրումն է։
Այս շատախոսության պայմաններում իշխանությունները հստակ պիտի ասեին, թե ինչի են ձգտում և ինչն է այդ ձգտման ճանապարհին իրենց խանգարում։ Այս կիսատ-պռատությունն իրենց գործը չի հեշտացնելու, որովհետև կան բաներ, որոնք շատերի համար ընդհանրական են։ Պահանջներ ներկայացնում է ցեղասպանություն իրականացրած թշնամին, ի վերջո, Ալիևը Հայաստանի թշնամին է, բայց այս իշխանությունների համար կարծես թե իրենց հայրը լինի»,- նշեց Պարույր Հայրիկյանը։
Ըստ նրա, Սահմանադրություն փոխելը խնդիր է, քանի որ իշխանությունն ի սկզբանե խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, այլ ոչ թե՝ Սահմանադրությունը փոխելու։
«Սահմանադրությունը փոխելը ծնողադավության նման մի բան է։ Լևոն Տեր-Պետրոսյանն ինձանից ավելի մեծ ընդդիմադիր չուներ, բայց երբ պետք է անդրադառնային Սահմանադրությանը, ես չխոսեցի այն փոխելու մասին, այլ խոսեցի բարեփոխելու մասին։ 1991 թվականին Տեր-Պետրոսյանի դեմ սև դրոշներ պարզած, նրա ստեղծած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից դուրս եկած մարդս, չորս տարի անց, խոսեցի ընդամենը բարեփոխումների մասին։
Համարում էի, որ ժողովրդի մի զգալի մասի մասնակցությամբ աշխատանք է կատարվել, և ծնողադավ չէի։
Զրոյից սկսում են նրանք, որոնք նվազագույն հարգանք չունեն իրենց պատմության, սեփական ժողովրդի անցյալի նկատմամբ։ Հիմա մենք նման մի գործչի հետ գործ ունենք՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի։ Սրանք իրենց քաղաքականության մեջ՝ իրենց քաղաքական հայրերին լրիվ զրոյացնելու կողմնակից են»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս ամենը դեմ է «ազգ» հասկացությանը, ավելին՝ իշխանությունն ունի ինչ-որ պատվերներ, խոստումներ կամ հրամաններ, որոնք հայ ազգի հետ առհասարակ կապ չունեն։
«Աստված ասում է՝ պատվիր ծնողներիդ, սրանք չեն պատվում, կամ էլ ունեն այլ ծնողներ, որոնց պատվում են։
Արարատ Միրզոյանն ու Փաշինյանը մի թիմից են, եթե մի գործ են նախաձեռնում, պայմանավորվում են, թե ով որտեղ ինչ պիտի ասի։ Ուստի Միրզոյանն այս հայտարարությունը պիտի աներ այս շրջանում, Փաշինյանի՝ Սահմանադրությունը փոխելու հայտարարությունից հետո։
Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։