Արարատ Միրզոյանն «արձանագրեց» «Խաղաղության դարաշրջանի» ֆիասկոն

Հունվարի 23-ին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ամփոփեց ՀՀ արտաքին քաղաքական տարին՝ կամա թե ակամա արձանագրելով Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության դարաշրջան» պրոյեկտի լիակատար ֆիասկոն։

Խաղաղության դարաշրջանը, որն իբրև թե պետք է ապահովեր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների և սահմանների բացում, Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի ստորագրում, հարաբերությունների կարգավորում և սահմանների բացում, տարածաշրջանային բոլոր հաղորդուղիների բացում, արգելակված է, գտնվում է փակուղում։

Վերլուծաբաններն ու քաղաքական շրջանակներն այս պրոյեկտի անկենսունակությունից խոսում էին դրա հռչակման առաջին իսկ օրվանից, վերջին տարիների ռեգիոնալ զարգացումները բազմիցս ապացուցեցին այս պնդումը, իսկ Միրզոյանը, կամա թե ակամա, իր գնահատականներով ցույց տվեց, որ ՀՀ իշխանություններն իրենց, այսպես կոչված, կառուցողականությամբ, խաղաղասիրությամբ որևէ առաջընթացի չեն կարողացել հանգել ո՛չ Թուրքիայի, ո՛չ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Արարատ Միրզոյանն արձանագրեց, որ չկա շոշափելի առաջընթաց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչպես նաև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պայմանավորվածությունն իրագործելու հարցում, թեև ՀՀ իշխանությունները նախորդ տարի մի շարք քայլեր իրականացրին Թուրքիային ընդառաջ՝ Թուրքիայի աղետալի երկրաշարժից հետո հումանիտար մի քանի բեռներ, փրկարարներ ուղարկելով, ինչպես նաև ԱԳ նախարարի մակարդակով այցով աղետի գոտի։

Հարկ է նաև նշել (ինչը նաև ներկայացրեց ինքը՝ Միրզոյանը), որ Նիկոլ Փաշինյանն անցյալ տարի մասնակցեց Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի երդմնակալության արարողությանը։ Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ՀՀ իշխանությունների կողմից սա «տանգո է միայնակ», որը, ինչպես հայտնի է, չի ստացվում։

Կարդացեք նաև

Չնայած այցերին, հումանիտար բեռներին, հեռախոսազանգերին, չնայած Հայոց ցեղասպանության հարցի «պասիվացումից» միջազգային ասպարեզում և պահանջատիրության հրաժարումից, Թուրքիան որևէ քայլ չարեց։ Ինչպես կանխատեսում էին գրեթե բոլոր վերլուծաբանները, Թուրքիայի համար իրականում սա առանց նախապայմանների գործընթաց չէ, և Արցախից հետո Թուրքիայի հաջորդ նախապայմանն Ադրբեջանի պայմաններով Խաղաղության համաձայնագրի ստորագրումն է, ինչպես նաև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը։

Ա. Միրզոյանն արձանագրեց նաև, որ Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցն էական հետընթաց էր արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից։ Միրզոյանը խոստովանեց և ընդունեց, որ Ադրբեջանի նախագահը տարածքային պահանջներ է ներկայացնում, խոսում սահմաններ գծելու մասին։ ՀՀ ԱԳ նախարարն ասաց, որ էսկալացիայի հավանականություն միշտ կա։ Նա հիշեցրեց, որ այս տարվա առաջին օրերին ադրբեջանական կողմին է փոխանցվել հայկական առաջարկների 7-րդ խմբագրված տարբերակը։

Նրա խոսքով, ցավոք, Ադրբեջանի կողմից կառուցողական մոտեցումը չի շարունակվում։

«Դա դրսևորվեց և պայմանագրի ադրբեջանական 7-րդ խմբագրական համատեքստում, և նորից Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցը պետք է հիշատակեմ։ Այստեղ էական հետընթաց կար, և կարելի է ասել՝ հարված կար խաղաղության գործընթացին՝ մի շարք առանցքային հարցերում։ Նա հղում էր անում 1918-20 թթ. ինչ-որ քարտեզների կամ խոսում էր նոր սահմաններ գծելու մասին։ Ուզում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի։ Մենք շարունակում ենք մնալ վճռական մեր այն դիրքորոշման մեջ, որ սահմանագծման գործընթացի ընթացքում համապատասխան հանձնաժողովները պետք է վերարտադրեն իրավական հիմքեր ունեցող, իրավական հիմքերով գծված սահմանները, այն կերպ, ինչպես դրանք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին, ինչի մասին խոսում է Ալմա Աթայի հռչակագիրը»,- նշել էր նա։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ, ի սկզբանե, այսինքն՝ երկրորդ մեծ պատերազմից հետո, պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Կովկասում հանդես են գալու տանդեմով, ինչպես հենց պատերազմի ընթացքում։ Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ՀՀ իշխանությունների առաջարկած առանձին պրոյեկտը մի իրավիճակում, երբ հայ-ռուսական հարաբերությունները ևս առանձնապես լավ չեն, մեծ դժվարություններ է ունենալու, եթե չունենա լուրջ աջակից դաշնակցի տեսքով։

«Իհարկե, մենք տեսել ենք, որ այդ ծրագիրը ներկայացվել է Արևմուտքում, արևմտյան լսարանի համար այն չափազանց ականջահաճո է, սակայն այն կտրված է ռեգիոնալ իրականությունից։ Թուրքիան բազմիցս է հրապարակայնորեն հայտնել իր դիրքորոշումներն առ այն, որ բոլոր քայլերը համակարգվում են Ադրբեջանի հետ, այսինքն՝ Ադրբեջանն է որոշելու, արտոնելու, թե Թուրքիան ՀՀ-ի ուղղությամբ երբ և ինչ քայլ իրականացնի։ Իսկ Ադրբեջանը դա չի անում, քանի որ դեռ սպասումներ ունի Հայաստանից, սրանից ելնելով՝ Խաղաղության համաձայնագրի բանակցային գործընթացը չի հաջողվում։ Ադրբեջանը մաքսիմալիստական նպատակներ է դրել և փորձում է այդ ճանապարհով ընթանալ»,- բացատրեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, այստեղ ամեն ինչ պարզ էր, երկար տարիներ պետք չէին հասկանալու համար, թե գործընթացն ինչ ուղղությամբ է գնալու, և ինչպես է Ադրբեջանը փորձելու անընդհատ մանևրել իր նպատակներին հասնելու համար։

«Վերջին տարիների զարգացումներից հետո ՀՀ իշխանություններն իրենց անվստահությունն են հայտնում ՌԴ քաղաքականությանը, ՌԴ-ն էլ ունի իր խնդիրները և առանձնապես ռեսուրսներ չի հատկացնում այս հակամարտության համար, ի տարբերություն ՌԴ-ի՝ Արևմուտքից ՀՀ իշխանությունների ոգևորությունը մեծ է, Արևմուտքը, ըստ ՀՀ իշխանությունների, մասնակցում է անվտանգությանը Հարավային Կովկասում, ուստի դիվանագիտական զսպման գործընթացը ևս պետք է թողնել Արևմուտքին և տեսնել, թե ինչպես Արևմուտքը կկարողանա օգնել Հայաստանին իրագործել իր պրոյեկտը։ Առայժմ դա չի հաջողվում»,- ասաց վերլուծաբանը։

Ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր չէ միակողմանի խաղաղություն ձեռք բերել, այն պետք է լինի կոնֆլիկտում ներգրավված բոլոր կողմերի ցանկությունը։

«Ի դեպ, ցանկությունը միայն բավարար չէ, քանի որ կողմերի պատկերացումները ևս պետք է մոտ լինեն, որպեսզի գործընթացը հաջողվի և չտապալվի։ Սակայն այս դեպքում միշտ էր պարզ, թե ինչ է հարկավոր թյուրքական աշխարհին, ինչ ծրագրեր ունեն, ինչպես են ցանկանում միմյանց կապվել, և ՀՀ-ն մշտապես խոչընդոտ է եղել այս երկրների համար։ Միշտ է այսպես եղել։ Մյուս կարևոր հանգամանքը, ըստ իս, այն է, որ բարդ է խաղաղության մասին խոսել մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ապրում է իր ամենաանկայուն փուլերից մեկն ու գտնվում է համաշխարհային պատերազմի բռնկման շեմին։ Այսինքն՝ և ռեգիոնալ, և արտատարածաշրջանային խնդիրներ կան այս ամենի համար։ Այս ամենը քիչ է, ՀՀ իշխանությունները որոշել են փոխել երկրի արտաքին քաղաքական պատկերը, հիմնվելով Արևմուտքի վրա, մերժելով և դժգոհելով Ռուսաստանից, սա ևս հավելյալ լարվածություն է հաղորդում Հարավային Կովկասին, քանի որ Ադրբեջանը մշտապես օգտվել է այդ հանգամանքից»,- ասաց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, այս ամենի հարցում էական դերակատարություն ունեն Արևմուտք-Թուրքիա-Ռուսաստան-Իրան հարաբերությունները։

«Եթե Արևմուտքին հաջողվի, ինչը քիչ հավանական է, իրենց օրակարգին ծառայեցնել Թուրքիայի քաղաքականությունը, ապա կմեծանա Արևմուտքի վստահությունը Թուրքիայի նկատմամբ, էլ ավելի կմեծանա Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում, և Արևմուտքը այստեղ իր ակտիվությունը կզիջի Թուրքիային։

«Եթե Թուրքիան շարունակի համագործակցել Ռուսաստանի հետ՝ զուգահեռաբար իրականացնելով իր ծրագրերը, Արևմուտքը ևս կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում, և Հարավային Կովկասում կշարունակվի ուժեղ մրցակցությունը ռեգիոնալ ու արտատարածաշրջանային ուժերի միջև։ Սակայն ես այն համոզմանն եմ, որ չնայած Թուրքիայի խորհրդարանը վավերացրեց Շվեդիայի անդամությունը ՆԱՏՕ-ին, դա արվեց հստակ նպատակով, քննարկված Ռուսաստանի հետ, և Թուրքիայի իշխանությունը շարունակելու է իր ներկայիս քաղաքականությունը։ Սա նշանակում է, որ լինելու է և Ռուսաստանից, և Արևմուտքից որոշակիորեն մանևրելու և սեփական օրակարգերն առաջ մղելու քաղաքականություն, ինչն էլ նշանակում է, որ կշարունակվի Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունը նույնությամբ»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս