Փաշինյանը լուծարում է Հայաստանի Հանրապետությունը. նա անկարող է ստեղծել նոր բան. Հարութ Սասունյան

Մինչև վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին իր հագով Սահմանադրություն կարելու մեջ մեղադրած Փաշինյանը հիմա գնում է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու ճանապարհով և հայտարարում մի բան, ինչը 2021 թվականին հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով, թե Հայաստանը պետք է մշակի նոր Սահմանադրություն։

Ականջալուր Ալիևի այս պահանջին՝ Փաշինյանը նույնաբովանդակ հայտարարություն արել է օրերս՝ Արդարադատության նախարարությունում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և գործող Սահմանադրությունը ոչ լեգիտիմ համարելու վերաբերյալ փաշինյանական դիտարկումների մասին, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը նախ կոչ արեց հիշել, որ Փաշինյանի դեպքում մենք գործ ունենք մեկի հետ, որն անընդհատ անում է իրարամերժ հայտարարություններ։

«Օրինակ, երբ մինչև վարչապետ դառնալը 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրում էր Սահմանադրությունն «իր հագով կարելու մեջ», վարչապետ դառնալուց հետո, երբ լրագրողները նրան հարցրեցին՝ չի՞ փոխելու արդյոք Սահմանադրությունը, պատասխանեց՝ ոչ, հո խաղալիք չէ՞, որ փոխենք, հիմա, սակայն, խոսում է ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին, ինչն էլ խիստ մտահոգիչ է ինձ համար՝ հաշվի առնելով Փաշինյանի ապազգային գործունեությունը»,- ասաց նա՝ հիշեցնելով՝ Փաշինյանը մեկ քննադատում է Հայաստանի զինանշանը, ապա՝ հիմնը, դրանից հետո՝ Արարատ սարը՝ ցույց տալով իր նպատակադրումները։

Կարդացեք նաև

«Եթե մի շարքային փողոցային նման բան ասեր, ուղղակի կծիծաղեինք, բայց քանի որ սա ասում է միահեծան մի վարչապետ, որը նաև չի խորհրդակցում իր կաբինետի անդամների հետ, ամեն ինչ որոշում է միայնակ, այդ ամենը դառնում է շատ մտահոգիչ. օրինակ՝ ներկայիս Սահմանադրության նախաբանում կա նշում Հայոց ցեղասպանության մասին, և իմ կարծիքով՝ դա նա հանելու է»,- ասաց Սասունյանը։

Հարցին՝ Փաշինյանը լուծարո՞ւմ է 3-րդ հանրապետությունն ու իր կրած պարտության հիմքով ստեղծում 4-րդ հանրապետությո՞ւն, Սասունյանն արձագանքեց.

«Ես ավելի վատ կարծիք ունեմ, նա ոչ միայն լուծարելու է գոյություն ունեցող Հայաստանի Հանրապետությունը, այլև մենք կորցնելու ենք այն՝ տեղը որևէ բան չստանալով։ Երանի ինչ-որ բան կարողանար ստեղծել, բայց նա որևէ նոր բան ստեղծել չի կարող, նա ավելի լավ բան ստեղծող մարդ չէ. հիշեք՝ նրա օրոք ենք 2020 թվականին ջախջախիչ պարտություն կրել, նրա օրոք ենք կորցրել Արցախի մնացյալ հատվածը, ուստի այս դեպքում էլ նա կորցնելու է այն, ինչն ունենք՝ լավ, կամ վատ»,- ասաց Սասունյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս