Ալիևի պատկերացմամբ՝ կա՛մ Հայաստան գոյություն չի ունենա, կա՛մ լավագույն դեպքում՝ 6-7000 քկմ տարածք պետք է ունենա. Հայկ Նահապետյան
Դեկտեմբերի 14-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Ադրբեջանը մի կողմից՝ ասում է, որ իր բանակն ուզում է ուժեղացնել, մյուս կողմից՝ դժգոհում է, որ Հայաստանը Ֆրանսիայից, Հնդկաստանից զենք է գնում։
«Մենք առաջարկում և ասում ենք, որ՝ եկեք անվտանգությունն ապահովելու համար զորքերն Ալմա Աթայի հռչակագրով սահմանված հետ քաշենք, որ բախումների վտանգը չեզոքացնենք՝ Ադրբեջանը մերժում է։ Ասում ենք՝ եկեք սահմանամերձ շրջաններն ապառազմականացնենք՝ Ադրբեջանը սա էլ է մերժում։ Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել՝ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը կոնկրետ սպառազինությունների հետ կապված պայմանավորվածություններ ձեռք բերեն և մեկը մյուսի այդ պայմանավորվածությունները վերահսկելու հնարավորություններ ունենան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ սպառազինության վերահսկման մասին Ադրբեջանին արված առաջարկի մասին, նախ հիշեցրեց, որ երբ հունվարի 10-ին Ալիևը հարցազրույց էր տալիս տեղական լրատվամիջոցներին, փաստացի ամբողջովին հերքեց Նիկոլ Փաշինյանի և նրա խմբակի կողմից բարձրաձայնված՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանն ուղղված Հայաստանի ցանկությունները՝ սկսած զորքերի հայելային հետքաշումից, «Զանգեզուրի միջանցքից» և այլն։
«Ալիևն իր ներքին սպառման համար մեկ անգամ ևս բարձրաձայնեց, որ Հայաստան գոյություն չունի, դա Արևմտյան Ադրբեջան է։ Ուստի, «քանի դեռ Արևմտյան Ադրբեջանը չի դարձել Ադրբեջանի մաս», Ալիևը հաղթողի իրավունքով Հայաստանին կարող է թելադրել ցանկացած պայման։
Ալիևը խոսեց երկու քաղաքների մասին՝ Երևանի և Ջերմուկի, սա ցուցիչ է, որ Հայաստանը ոչ թե ստորագրելու է խաղաղության պայմանագիր, այլ կապիտուլյացիա։ Առավել ևս, որ երկու երկրների միջև սահմանազատումն ու սահմանագծումը չի արվելու ինչ-որ քարտեզների միջոցով, որի մասին Փաշինյանը մուրում էր Ադրբեջանի նախագահից, որ ինչ-որ թվականների քարտեզներ, որոնք գտնվում են ՌԴ ԳՇ-ում։
Ալիևը հստակ ասաց՝ կա՛մ 1918 թվականի, կա՛մ 1920 թվականին երկու պետությունների միջև գոյություն ունեցող սահմաններում։ Իսկ այդ ժամանակ Ալեքսանդրապոլի պայմանագրով Հայաստանի սահմանը 9800 քկմ տարածք էր։ 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման ժամանակ իր տարածքով ավելի փոքր է եղել՝ ըստ Ալիևի։ Հիմա Ադրբեջանն այդպիսի Հայաստան է պատկերացնում. Ալիևի պատկերացումն այն է, որ կա՛մ Հայաստան գոյություն չի ունենա, կա՛մ լավագույն դեպքում՝ 6-7 հազար քկմ տարածք պետք է ունենա»,- նշեց փորձագետը։
Ըստ Հայկ Նահապետյանի՝ այս ամենով հանդերձ, Ադրբեջանը պահանջում է, որպեսզի «փախստականները» վերադառնան Հայաստան, ապահովվի նրանց անվտանգության խնդիրը, և այլն։ Հետևաբար՝ այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանի կողմից եղած բոլոր առաջարկներն Ադրբեջանը մերժում է։ Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանի ղեկավարը ցուցաբերում է դիվանագիտական քայլ և հայտարարում է՝ Հայաստանի հետ պատրաստ են խաղաղության պայմանագիրը ստորագրել Մոսկվայի հարթակում։
«Սա պայմանավորված է նրանով, որ Ալիևը շատ լավ հասկանում է՝ իր կապիտուլյացիոն պահանջների խոչընդոտ կարող է հանդիսանալ միայն Ռուսաստանը։ Հայաստանի օրվա իշխանությունները դրան չեն խոչընդոտում, Թուրքիան, բնականաբար, սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Իսկ եվրոպական երկրների համար միևնույն է՝ նրանց համար ադրբեջանական նավթն ավելին արժի, քան հայի արյունը։ Հայաստանի շահը կարող է սպասարկել միայն Ռուսաստանը, դրա համար Ադրբեջանը փորձում է լինել ռուսական կողմի բանակցային ձևաչափի մեջ՝ դրանով չեզոքացնելով ռուսական ռազմաքաղաքական ղեկավարության կեցվածքը»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է բանակցային հարթակներ փոխելու առումով Հայաստանի գործնական փորձերին՝ Հայկ Նահապետյանն ասաց, որ սա նշանակում է, որ ՀՀ օրվա իշխանությունն Ադրբեջանին հրաշալիորեն մանևրելու հնարավորություն է տալիս։ Հաշվի առնելով, որ Արևմուտքը պաշտպանում է Ալիևի քաղաքականությունը, Թուրքիան նրա մեջքին կանգնած է, իսկ Ռուսաստանը նրա պահանջներին ընդառաջ չի գնա։
Մեր զրուցակիցը մեջբերելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը՝ ասաց, որ դրա 9-րդ կետում, որը վերաբերում է կոմունիկացիաների վերահսկողությանը, նշվում է, որ կոմունիկացիաների վերաբացման վերահսկողությունը դրվելու է ՌԴ սահմանապահ զորքերի վրա։ Իսկ ՀՀ օրվա իշխանությունն ասում է, որ նման բան չպետք է լինի, ՔՊ-ական Պապոյանն ասում է, որ այնտեղ նման կետ չկա։
«Ադրբեջանի ղեկավարն ասում է, որ ՌԴ-ն ոչ թե միջնորդ լինի, այլ հարթակ, թեև Մոսկվան ասում է, որ հարաբերությունների կարգավորումը պետք է լինի եռակողմ չորս փաստաթղթերի հենքի վրա, ինչը հայկական կողմի համար ավելի ձեռնտու է, քան 2022 թվականին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այստեղից հետևություն, որ Ադրբեջանի ղեկավարը կարողանում է հրաշալիորեն օգտագործել Փաշինյանի կողմից կանխամտածված կամ տգիտությամբ պայմանավորված սխալ քայլերը՝ դրանք օգտագործելով ի շահ իրեն։ Այստեղ կորուստն ունենալու է միայն Հայաստանը»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։