Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց չկա. պաշտպանության պլանավորումն այլ գործիքակազմով է իրականացվում. ՊՆ

2023 թվականի նոյեմբերի 8-ին հրթիռների գործով անցնող և շուրջ երկու տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը փաստաբանական թիմի միջոցով հարցազրույց էր տվել 168.am-ին, որի ժամանակ, մասնավորապես, ասել էր.

«Տեղյակ չեմ Պաշտպանական ռազմավարական վերանայման (ՊՌՎ) անցկացման վերաբերյալ, որը պահանջված է նաև օրենսդրությամբ, և որը կապահովի ԶՈՒ զարգացման քաղաքական «առաջադրանքի» ձևակերպումը: Այդ վերանայումն այսօր անհրաժեշտ է և անհապաղ պետք է իրականացվի: Դա փակ գործընթաց է, բայց, այնուամենայնիվ, պահանջում է որոշակի հանրային իրազեկում»:

Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում

Պաշտպանության նախկին նախարարը միաժամանակ նշել էր, որ ավելի քան 2 տարի տեղեկատվության բացակայության պայմաններում լուրջ չի լինի իր կողմից ԶՈՒ զարգացման տեսլականի ձևակերպումը ստեղծված նոր պայմաններում:

Կարդացեք նաև

168.am-ը 2023 թվականի դեկտեմբերի 21-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ կա՞ ՊՌ վերանայման գործընթաց, եթե այո, ե՞րբ է սկսվել, ի՞նչ փուլում է, իսկ եթե չկա, ապա՝ ինչո՞ւ:

Հունվարի 18-ին պաշտպանական գերատեսչության մեզ ուղարկած պատասխան գրության մեջ նշվում է.

«Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց այս պահին չի իրականացվում: Հաշվի առնելով վերջին երկու տարիներին Հայաստանի Հանրապետության շուրջ անվտանգային իրավիճակի դինամիկ փոփոխությունները՝ պաշտպանության պլանավորման աշխատանքներն իրականացվում են այլ գործիքակազմով»:

Հայաստան-Ռուսաստան ՍՌՏ ձեռքբերումների գործընթացում խնդիրները լուծվում են

Երբ պատրաստում էինք մեր հարցումը, այդ օրերին ակտիվ քննարկվում էր Հայաստան-Ռուսաստան ռազմատեխնիկական բացասական պատկերը, որ, ըստ էության, գործնականում չկա համագործակցություն, դեռ հրապարակավ խոսք չկար, որ Ռուսաստանը սկսել է https://168.am/2024/01/14/1982705.html կատարել զենքի մատակարարման իր պարտավորությունները:

Ուստի մենք Պաշտպանության նախարարությունից 2023 թվականի դեկտեմբերին փորձել էինք պարզել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության և ՍՌՏ ձեռքբերումների իրականացման պլանային կարգում կան շեղումներ, ինչը բացառվել էր 2022 թվականի սեպտեմբերին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ պաշտպանական գերատեսչությունն այս անգամ էլ հայտնել է, որ գործընթացի շրջանակներում ծագող խնդիրները լուծվում են կնքված պայմանագրերի դրույթներին համապատասխան:

Բացի այս, մենք հիշեցրել ենք, որ գոյություն ունի Հայաստան-ՌԴ ՀՕՊ միացյալ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիր, բայց, օրինակ, 2023 թվականի մարտի 14-ից Հայաստանը չունի հայ-ռուսական միացյալ զորքերի հրամանատար այն բանից հետո, երբ այս պաշտոնից ազատվեց Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը: Ինչո՞ւ է մինչև հիմա այս պաշտոնը թափուր, հնարավո՞ր է՝ այն վերացվի՝ հարցին ի պատասխան՝ ՊՆ-ից ասել են, որ Զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատարի պաշտոնին նշանակված է պաշտոնակատար:

Իսկ Զինված ուժերում կարևոր մի շարք պաշտոններ են թափուր, դրանց թվի և բնույթի մասին կարելի է իմանալ բաց աղբյուրներից, ամեն դեպքում, նախարարությունը նպատակահարմար է գտել մերժել տեղեկատվության տրամադրումը, ինչ-որ առումով հասկանալի է:

Ի դեպ, մենք ՊՆ-ից տեղեկատվություն էինք խնդրել նաև, թե 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի տակ ստորագրած բարձրաստիճան զինվորականներից և գեներալներից քանիսն են այսօր շարունակում ծառայել ՀՀ ԶՈւ-երում, քանիսի դեպքում է փոխատեղում եղել, քանիսն են զորացրվել, պարզվում է՝ ՊՆ-ում նման հաշվառում չի իրականացվել և իրականացվում: Առաջիկայում հիմնականում բաց աղբյուրների հիման վրա 168.am-ն այս առնչությամբ մանրամասն ուսումնասիրություն կներկայացնի:

Ատեստավորման ժամանակ միայն մեկ առարկայից «անբավարար» ստացածն այն կարող է վերահանձնել

Իսկ մինչ այդ նշենք, որ Զինված ուժերում ներդրված ատեստավորման գործընթացի մասին ռազմական փորձագետների, ռազմական նախկին ղեկավարության կարծիքը միանշանակ չէ, մեղմ ասած, ըստ այդմ՝ Պաշտպանության նախարարություն ուղարկած մեր հարցման միջոցով փորձել ենք նաև հասկանալ՝ արդյո՞ք գործընթացի կարգի, չափորոշիչների փոփոխություն նախատեսված է, և կոնկրետ ի՞նչ փոփոխություն:

«Ատեստավորման գործընթացում միայն մեկ առարկայից «անբավարար» գնահատական ստացած զինծառայողներին տվյալ առարկան վերահանձնելու հնարավորություն է ընձեռնվել ՀՀ կառավարության 2024 թվականի հունվարի 4-ի N16-Ն որոշմամբ: Այս պահի դրությամբ այլ փոփոխություններ նախատեսված չեն»,- պատասխանել են մեզ ՊՆ-ից:

Հավելենք, որ 2023 թվականի նոյեմբերի 28-ին Սուրեն Պապիկյանը ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննության շրջանակում նշել էր, որ ատեստավորման գործընթացն առավել հիմնավոր կդառնա 3 տարի հետո:

«Երբ արդեն փոփոխություններ կմտցնենք կարգի, չափորոշիչների և այլնի մեջ: Բայց հիմա մեր բոլորիս խնդիրն է՝ 3 տարվա ընթացքում ցուցանիշները դարձնել գերազանց»,- եզրափակել էր նա:

Անկախ ամեն ինչից, այսօր մի բան հստակ է՝ բանակում բարեփոխումները ոչ Ազգ-բանակ կոնցեպտի շրջանակում է, ոչ էլ տեսանելի է իրական պրոֆեսիոնալ բանակի «շինարարությունը»: Սա առանձին քննարկման թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս