Կա վարկած, որ շատ է եղել արտաքին ճնշումը. Սուրեն Պապիկյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ պարզաբանում խնդրեց հունվարի 13-ին ձնահյուսի տակ մնացած զինծառայողի հետ տեղի ունեցածի, ինչպես նաև նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների վերաբերյալ։
Սուրեն Պապիկյանը նախ ասաց՝ բանակում յուրաքանչյուր դեպք, դժբախտ պատահար իր համար անձնական դժբախտություն է և ծանր ցավ։
Ապա ցավակցելով զինծառայողի հարազատներին՝ ասաց, որ դեպքի ամբողջական պատկերը պարզ կդառնա ծառայողական քննության, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում։
«Իհարկե, խնդիրն ունի երկու կողմ՝ մեկը բնական պայմաններն են։ Ասեմ, որ հանրությունն իմանա, վերջին 10 օրերի ընթացքում շատ բարդ, երբեմն անտանելի եղանակային պայմաններ են բարձր լեռնային հատվածներում։ Այս պահին ունենք 200-ից ավելի դժվարամատչելի դիրքեր, ըստ էության, կարելի է ասել՝ փակ, որոնք ամենօրյա ռեժիմով բացվում են, սակայն եղանակային պայմանների պատճառով փակվում են։
Իհարկե, այս դիպվածի հիմքում կա նաև պարտականությունները պատշաճ կատարելու մեջ թերացումներ։ Անուններ և պաշտոններ չեմ հնչեցնի, բայց սա չի կարող չունենալ պատասխանատուներ։ Գոնե վերադաս հրամանատարության կողմից առկա են այդ օրերի համար գրավոր հանձնարարականներ՝ որևէ տեղաշարժ չիրականացնելու։ Ավելին՝ հատուկ բանակային կորպուսի տարածքում ունեցել ենք 5 զինծառայող, որոնց ծառայության ժամկետն ավարտվել է, որոնցից 4-ը մնացել են դիրքերում և միայն 2 օր են կարողացել իջնել և տուն գնալ։ Կա վարկած, և դա բավականին հիմնավոր է, որ շատ է եղել արտաքին ճնշումը։ Պիտի բոլոր զինծառայողների հարազատներին հորդորեմ բոլոր պարագաներում զերծ մնալ սպաների նկատմամբ անհարկի պահանջներից»,- շեշտեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում