«Պատմության ինստիտուտից որևէ աշխատակից նման առաջարկով հանդես չի եկել». Աշոտ Մելքոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
Հունվարի 14-ին Գավառում տեղի ունեցած ՔՊ նախաձեռնող նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մի խումբ մանկավարժներ, գիտնականներ դիմել են ԿԳՄՍ նախարարությանը՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան դարձնել «Հայաստանի պատմություն»։
«Վերջերս իմացա, որ մի խումբ մանկավարժներ կամ գիտնականներ դիմել են ԿԳՄՍՆ՝ առաջարկելով «Հայոց պատմություն» առարկան վերանվանել «Հայաստանի պատմություն»։ Անկեղծ ասած, այս առաջարկն ուղղակի ցնցեց ինձ: Ես ինքս ինձ մեղադրեցի, որ ես այս նրբությունը չեմ նկատել, որովհետև թվում է, թե սա ի՞նչ բանավեճ է՝ «Հայ ժողովրդի պատմությո՞ւն», թե՞ «Հայաստանի պատմություն», իսկ այդտեղ խորքային, բովանդակային շատ լուրջ տարբերություն կա»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am–ը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց՝ տեղեկություններ ունի՞, թե Պատմության ինստիտուտից որևէ գիտնական նման առաջարկով դիմե՞լ է ԿԳՄՍՆ-ին։ Որպես պատմաբան-գիտնական՝ ինչպե՞ս կմեկնաբանի, ըստ Փաշինյանի՝ ԿԳՄՍՆ-ին արված այդ առաջարկը։
Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Պատմության ինստիտուտից որևէ աշխատակից նման առաջարկով հանդես չի եկել, տեղեկություններ չունի, թե ովքեր են այն գիտնականները, որոնք արել են այդ առաջարկը։
«Խնդիրն այն է, որ գրաբարով «հայոց պատմությունը» նշանակում է ոչ միայն հայերի պատմություն, այլև Մեծ և Փոքր Հայքերի պատմություն։ «Հայոց» բառի իմաստը գործածվում է Մեծ ու Փոքր Հայքի՝ «Armenia Maior, Armenia Minor», այսինքն՝ հունահռոմեական աղբյուրներով հիշատակվող տարբերակ։ Դրա համար 5-րդ դարից մեր պատմիչները գործածում են «Հայոց պատմություն»։
Հետևաբար, երբ մենք ասում ենք՝ «Հայաստանի պատմություն», դրանով սփյուռքն այդ պատմությունից ամբողջապես դուրս ենք թողնում։ «Հայոց» բառը միաժամանակ նշանակում է հայերի պատմություն, ընդ որում՝ «հայոց պատմություն» տարբերակը ռուսերով թարգմանվում է ոչ թե հայերի պատմություն, այլ Հայաստանի պատմություն։ Այսինքն՝ հայոց պատմությունը նշանակում է նաև հայերի պատմություն»,- նշեց Աշոտ Մելքոնյանը։
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, բնականաբար, այն խորհրդային տարիների տերմին է և պետք է փոխվի «հայոց պատմություն» տարբերակով, որն ավանդաբար՝ Խորենացուց, Ագաթանգեղոսից, Փավստոս Բուզանդից մինչև Միքայել Չամչյան և ներկա հեղինակներ, այդ տարբերակը գործածել են։
«Կրկնում եմ՝ հայոց պատմություն տարբերակն ինքնին նշանակում է նաև Հայաստանի պատմություն։ Ուղղակի պատմաբան չլինելու հանգամանքը որոշ մարդկանց կարող է մոլորության մեջ գցել, որ խոսքը վերաբերում է զուտ հայերի պատմությանը։ Հայոց պատմությունն իր մեջ ներառում է երկու իմաստ՝ երկու Հայաստանների մասին է՝ մեծ և փոքր, և հայերի պատմության, որը ներառում է ամբողջ գաղութահայությունը և սփյուռքը։ Պետք է այս խնդիրը բացատրվի, որպեսզի հասկանան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։